ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս-Երեւան Ո՞ւր է ասֆալտը Մենք արդեն խոսել ենք Վարդենիսի շրջանի բազմապիսի խնդիրների մասին, որոնք տարիներ շարունակ մարդկանց դնում են երկընտրանքի առջեւՙ գնա՞լ, թե՞ մնալ: Ի՞նչ խոսք, բացի Վարդենիսի շրջանից, ՀՀ մյուս տարածաշրջանները եւս չեն փայլում իրենց ողորկ ասֆալտներով ու երկրաչափական գծանշումներով: Բայց այստեղ խնդիրը մի փոքր այլ է, ավելի ճիշտ` մի փոքր չէ`ահագին: Պատկերացրեք, Շորժա-Վարդենիս ճանապարահատվածի մեծ մասը սարքին վիճակում է, ճիշտ էՙ տեղ-տեղ Հայաստանի ճանապարհներին բնորոշ կարկատաններ կան, մեկ-երկու փոսեր կան, բայց` այդքանը: Իսկ այդ ճանապարահատվածի Փամբակ-Արեգունի 15 կիլոմետրանոց հատվածն ուղղակի պատիժ է վարորդների ու համայնքների բնակիչների համար: - Ո՞նց ա ստացվում, որ ճամփեն սարքում են, էրկու կողմից նորմալ ասֆալտ են անում, բայց մեջտեղի մասը թողում գնում են, էս ի՞նչ հաշիվ ա, ո՞նց հասկանանք, ինադու արած բա՞ն, թե՞ անհավատալի մոռացկոտություն: Լավ, եթե մոռացել են, ծիծաղս էլ ա գալիս սենց բան ասելիս, ո՞նց ա, որ էս 20 տարում չհիշեցին էս մի թիքա ճանապարհի մասին, - մեզ հետ զրույցում նեղսրտած պատմում էր տեղի բնակիչներից մեկը: Գյուղացիները պատմում են` 2016-ի ամռանը իրենք ճարահատյալ փակել էին ճանապարհը, խցանման մեջ էին հայտնվել նաեւ ՊՆ նյութապահովման մեքենաները, մեծ աղմուկ էր բարձրացել, մարզպետարանը միանգամից արձագանքել էր: - Հենց էդ ժամանակ, նույն օրը, մարզպետարանից մի հոգի էկավ, մի 10 րոպե շագատ արավ ու ասեց, որ մի ամսվա մեջ շինարարությունը կսկսեն, բայց խաբեցին, բերեցին մի քանի ավտո խիճ շաղ տվեցին, իբր` ուղղում են, էն էլ մի երկու ամսում վարի գնաց-, ասաց մեր զրուցակիցը: -Հիմա ամեն անգամ պիտի ճամփա փակե՞նք, կալոնայի մեջ բանակի ավտոներ էլ մնան, որ մեզ մարդու տեղ դնե՞ն, հո մենք մեր բանակի դուշմանը չենք, ախպեր, - հավելեց նա: Փաստորեն պատկան մարմինները բացահայտորեն խաբել են 3 գյուղերի բնակիչներին ու հենց թափված խճի փոշին էլ փչել վերջիններիս աչքերին: Իրականում սա ողբալի փաստ է, քանի որ նախ այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, երկրորդ, միջհամայնքային տրանսպորտն այլեւս չի աշխատում, մարդիկ «ա» կետից «բ» կետը տեղափոխվելու համար տաքսուց են օգտվում, որը բնականաբար թանկ էՙ եւ ոչ միշտ հասանելի: - Մի գլխացավի դեղ առնելու համար տաքսուն 5000 դրամ ենք տալիս ու Վարդենիս հասնում, ինչի՞ մեզ տրանսպորտ չեն տալիս, մեր փողի վրա գերբ չկա՞, թե՞ մենք մարդ չենք, ախպեր, - նեղսրտեց մեր փախստական զրուցակիցը: Ավելին, այդ ճանապարահատվածի մի հատվածը (Ջիլ գյուղի մոտակայքում, 300-400 մետր) իսկական պատուհաս է, քանի որ լճի ջուրը քայքայելով պատնեշըՙ այժմ ազատորեն բնակվում է ճանապարհի տակ, այսինքն` մեքենաներն այդ հատվածն անցնելիսՙ ենթարկվում են մեծ վտանգի, վտանգ, որի մասին ամիսներ առաջ բազմիցս տեղեկացվել է ԱԻՆ-ին, բայց կա այն, ինչ` կա: Այսքանից հետո էլի հարց է ծագում. ինչո՞ւ են այս մարզի բոլոր հոգսերը կենտրոնանում հենց բռնագաղթվածներով բնակեցված գյուղերում: Ինչո՞ւ է ճանապարհաշինարարության վրա ամեն տարի միլիոններ ծախսող, դե, համենայնդեպս, պետբյուջեից դուրս գրող պետության ճանապարհն այսպիսին: Ինչո՞ւ է ասֆալտի համար դուրս գրված գումարը միայն խճի ծառայում: Վերջին շրջանում Հայաստանիՙ մոտակա սինգապուրյան տեսլականի հետ մարդիկ սկսել էին հավատալ, որ սայլը տեղից կշարժվի, բայց, ինչպես տեսնում ենք, մեր բնական պաշարների հետ միասին սայլի անիվներն էլ են վաճառվել, եւ ոչինչ չփոխվելով, արդյունքում մնաց նույն, հին ու ծեծված հարցը. ու՞ր է ասֆալտը: Նկար 1. Ավտոճանապարհ կոչվածը... |