ԲԵՐԴԱՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներինՙ առկա խնդիրների լուծման հարցում: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ: Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը: «Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռեւս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծըՙ սահմանելով հստակ նպատակ. թեթեւացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական եւ ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկինՙ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարեւոր ցուցանիշն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Համակարգի գործարկման արդյունքումՙ երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արեւային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլեւՙ տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները: Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է: Դեռեւս 2016թ.-ի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակՙ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք: Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է եւս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ եւ լուսավորվել 6325մ երկարությամբ տարածք: |