ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Երեւան, 10 մարտի, 2018 ԱԼԻՍ ՏԵՓՈՅԱՆ Խոր ցավով ստացանք մահվան բոթը վաստակաշատ մտավորական, խմբագիր, կուսակցական-հասարակական գործիչ, Ռամկավար Ազատական կուսակցության հնագույն անդամ, ավանդապաշտ տիպար հայ ընտանիքի մայր Ալիս Տեփոյանի , որի կյանքն ու գործը օրինակելի են մնալու ոչ միայն եգիպտահայ մեր սիրելի գաղթօջախի, այլեւ ողջ սփյուռքի ու նաեւ Մայր հայրենիքի մեր ժողովրդի եւ առանձնապես հայ կանանց համար: Դեռեւս նորափթիթ երիտասարդուհիՙ Ալիս Տեփոյանը ընտրեց ազգային ծառայության ուղին, այն ճանապարհըՙ որը ուղենշվել էր Վահան Թեքեյանի, Միհրան Տամատյանի, Ալեքսանդր Սարուխանի եւ մեր մյուս երախտավորների կողմից, որոնց շառավղի մեջՙ նաեւ իր ամուսինըՙ ՌԱԿ անմոռանալի ղեկավար Վահագն Տեփոյանը: Այսուհանդերձ, որպես լայն զարգացման տեր եւ ազգային-հասարակական հարցերի նկատմամբ զգայուն անձ եւ հայրենասեր, բնականաբար ընկերուհի Ալիս Տեփոյանի համար ամենակարեւորը եղավ ու մնաց հայ մամուլի պարծանք «Արեւ» օրաթերթը, որին ծառայեց անընդմեջ, գուրգուրանքով, թե՛ որպես թղթակից, թե՛ որպես սյունակագիր եւ թե որպես խմբագիր: Սկզբունքային ու հետեւողականՙ «Արեւի» միջոցով նա հայրենասիրություն, ազգասիրություն, բարձր ճաշակ ջամբեց բոլորին, առանձնապես ցայտեցնելով հայ կնոջ դերը մեր պատմության ու գրականության մեջ, սիրահոժար, առանց նյութական որեւէ գնահատանքի: Իսկ բարոյական թերեւս միակ գնահատականը եղավ շուրջ երեք տարի առաջ Հայաստանի ժուռնալիստների միության կողմից նրան շնորհվածՙ «Մասնագիտությանը հավատարիմ» շքանշանը, որը լավագույնս էր բնորոշում Ալիս Տեփոյանի վաստակը այդ ոլորտում: Ընկերուհի Ալիս Տեփոյանի մահով ՌԱԿ-ը կորցնում է հայ մամուլի եւ հասարակական գործի իր ամենանվիրյալ անդամներից մեկին, որի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում: Այս տխուր առիթով ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հանուն հայաստանյան եւ սփյուռքյան իր բոլոր կառույցների, խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի որդիներինՙ Ժիրայր եւ Արա Տեփոյաններին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ ՌԱԿ Եգիպտոսի Շրջանային վարչությանը եւ եգիպտահայ ազգային բոլոր մյուս կառույցներին: |