RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4230, Տպվել է` 415, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՐԹԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պուտինին սիրելու առումով աշխարհում առաջին տեղում Գյումրին է: Գյումրիին հաջորդում է Ղրիմը, հետո Երեւանը, ապա Ադրբեջանը, հնգյակը եզրափակում է... Լոնդոնը, նոր միայն, օրինակ, Մոսկվան: Բանն այն է, որ մարտի 18-ին ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններին, նախ Գյումրիում, Ղրիմում, Երեւանում, Ադրբեջանում եւ Լոնդոնում ավելի շատ ՌԴ քաղաքացի է մասնակցել, քան նույն Մոսկվայում, բացի այդ, օրինակ Գյումրիում Պուտինին ընտրել է 95 տոկոսը: Գրեթե նույնքան ձայն Պուտինը հավաքել է Ղրիմում, մոտավորապես այդքան Երեւանում, 80 տոկոսից քիչ ավելիՙ Ադրբեջանում, 51,7 տոկոս Լոնդոնում: Ի դեպ, բոլոր այս վայրերում ՌԴ քաղաքացիները հերթ էին կանգնել, որպեսզի ընտրեին Պուտինին ու հատկապես Լոնդոնում, կրկնակի գործակալ Սկրիպալի սպանությունից հետո այդ հերթը բավականին «գեղեցիկ» ու տպավորիչ էր: Մի խոսքով, եթե ՌԴ վերընտրված նախագահը հիմա պետք է ուշադիր վերլուծի ընտրությունների արդյունքները եւ եզրակացություններ անի, թե հատկապես ո՞ր քաղաքներում են իրեն ամենաշատը սիրում եւ գնահատում, ապա չի բացառվում, որ այսուհետ Պուտինը մերժի ոչ ԵԱՏՄ-ական ադրբեջանական թեյն ու վայելի ԵԱՏՄ-ական Գյումրիի գարեջուրը, մանավանդ որ ինքը գարեջրի մեծ սիրահար է եւ, ինչպես հենց ինքն է ասելՙ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ամեն անգամ Ռուսաստան գալիս իր համար գարեջուր է բերում, չնայած Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին:

Թե այս հետեւություններից որքանո՞վ կշահի Գյումրին, կամ կշահի՞ արդյոք, դժվարանում եմ ասել. ժամանակը ցույց կտա. ամեն դեպքում ռուսները շարունակում եմ մնալ Գյումրիում, Պուտինն էլՙ իր հավաքած 76, 67 տոկոս ձայներովՙ Կրեմլում: Ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է արդեն Պուտինինՙ ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Հարկ է նկատել, որ Պուտինին գրելու առիթը բաց չի թողել նաեւ Արցախի նախագահը, որը, ուշադրություն, Վաշինգտոնից շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին...Սերժ Սարգսյանը նաեւ զանգահարել է Պուտինին եւ, հավանաբար ճշտելով, որ իր շնորհավորական ուղերձը հասել է, համաձայնել է ՌԴ նախագահի հետ, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ջանք չխնայել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար: Ի դեպ, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը նշանակում է, որ ռուսները Գյումրիում դեռ երկար են շարունակելու մնալ. սա էլ, ինչպես ասում ենՙ Պուտինի արագ շնորհակալությունը իրեն շատ սիրող Գյումրիին:

Եթե ավելի լուրջՙ ապա անհասկանալի է, թե ինչո՞վ են մեղավոր կոնկրետ Գյումրիում եւ Երեւանում ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցած, կապ չունի ում ընտրած, ՌԴ քաղաքացի ազգությամբ հայերը: Նրանք չպե՞տք է մասնակցեին իրենց պետության նախագահի ընտրություններին: Ուրեմն ի՞նչ մեղք են գործել այս մարդիկ, որ Հայաստանում նրանց քննադատում են: Ամեն դեպքում նրանք վատ քաղաքացի չեն, սիրում են իրենց երկիրը, իրենց նախագահին, իսկ այս երկուսից ոչ մեկը մեղք չէ, ավելինՙ կոնկրետ Պուտինին սիրելու համար պարտադիր չէ ՌԴ քաղաքացի լինել, օրինակ երջանկահիշատակ լուսանկարիչ Զորիկ Գալստյանը հաճախ էր կրկնումՙ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ տղամարդկանց 80 տոկոսը երազում է Պուտինից հղիանալու մասին: Այնպես որ խնդիրը Պուտինին սիրելու կամ այդ սիրո մեծության մեջ չէ, այլ Հայաստանի անձնագրային վարչությունում, որտեղ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են ՀՀ անձնագրերից, որպեսզի ստանան ՌԴ քաղաքացիություն: Ինչո՞ւ, որովհետեւ բարձր կենսաթոշակ են ստանում կամ բանակում չեն ծառայում, եւ այստեղ էլ մեղավորն իրենք չեն: Մենք կորցրել ու կորցնում ենք մեր քաղաքացուն, բայց աղմկում ենք միայն այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց երկրի ընտրություններին են մասնակցում:

Այնպես որ, մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանում ՌԴ նախագահ են ընտրել եւ կոնկրետ Պուտինին, կամ դա հերթ կանգնելով են արել, այլ այն, որ Հայաստանում մարդիկ հերթ են կանգնում, որ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, եւ Պուտինն այստեղ մեղավոր չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ