ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Սպառնալիքի դեմ եւ երիտասարդներին թրծելու համար Չնայած Սերժ Սարգսյանը հիմա էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց հենց նա գալիք ապրիլին կնշանակվի երկրի վարչապետ, եթե, իհարկե, հնարավոր է ինքն իրեն նշանակել որեւէ պաշտոնի: Մինչդեռ այս պատմությունը բավականին խոստումնալից էր սկսվել: Հիշո՞ւմ եք, 2014-ի ապրիլն էր, մենք դեռ հին Սահմանադրությունն ունեիք եւ Սերժ Սարգսյանը, ձեռնարկելով սահմանադրական փոփոխությունները, հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ եսՙ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար...Եթե նոր Սահմանադրության վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում» : Հետո, ինչպես գիտենք, մեր երկրում Սահմանադրությունը փոխվեց, եթե չգիտեք, ապա ասեմ, որ բոլորով գնացինք եւ «այո» ասացինք պառլամենտական մոդելին, եւ գուցե շատերս դրան «այո» ասացիք, քանի որ այն, ինչպես ինքըՙ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, իր ցանկություններին չհամապատասխանող ուղի է: Ավելին. երկրում վերջին խորհրդարանական ընտրություններին մենք ոչ պակաս միահամուռ գնացինք եւ ընտրեցինք ՀՀԿ-ին, որի ցուցակը գլխավորում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Կարեն Կարապետյանը, ավելին, Սերժ Սարգսանն այդ ցուցակում առհասարակ չկար: Այսինքն մենք ընտրել ենք, որոշել ենք մի համակարգ եւ մի խորհրդարան, որը եւ որտեղ Սերժ Սարգսյանը չկա, չպետք է լինի, ինչպես ինքըՙ Սերժ Սարգսյանն է ասել: Բայց հիմա, ավելի կոնկրետՙ մարտի 19-ին, ամեն ինչ փոխվեց: Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Tert.am-ին: Անկեղծ ասած, նա, ով մեկ անգամ հարցազրույց է վերցրել, կամ տվել, կամ կարդացել, հասկանում է, որ սա իրականում հարցազրույց չէ, այլ նախագահը սկզբում ասել է պատասխանը, ապա հնչել է դրան համապատասխան հարցը: Ինչեւէ: Սերժ Սարգսյանը պատասխանում է կոնկրետ հարցիՙ «Դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին» : Գործող նախագահը պատասխանում է. «Ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին: Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել: Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար» : Հասկացա՞ք...Ես, օրինակ, հասկացա հետեւյալը. Սերժ Սարգսյանը չի հավակնում դառնալ վարչապետ, բայց քանի որ ինքը իրեն ապագայի համար եւ ժամանակի մեջ պատասխանատու է զգում, եւ ինքն իրեն քարացած մտածողությամբ մարդ չի համարել երբեք, ինքը չի բացառում, որ կարող է դառնալ ՀՀ վարչապետ, ընդ որումՙ չուզենալով, այդ պաշտոնին չհավակնելով...Հետո նախագահն անում է մի ցնցող հայտարարություն. «Չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են...» : Հրաշալի է, սա նշանակում է , որ սահմանադրական փոփոխությունները, պառլամենտական մոդելին անցնելը, ոչ թե նվազեցրել են սպառնալիքները մեր երկրին ուղղված, կամ երկրում, այլ հակառակը, դրանք, ինչպես ասում է ինքըՙ Սերժ Սարգսյանըՙ ցավոք ավելացել են: Դե այսինքն մարդիկ, նույն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երբ նախաձեռում էին սահմանադրական բարեփոխումներ, չեն նստել, չեն հաշվարկել, թե որքանո՞վ է նոր Սահմանադրությունը չեզոքացնում սպառնալիքները եւ, հակառակը, կարո՞ղ է արդյոք այն ավելացնել այդ սպառնալիքները: Արդյունքում մենք միամտորեն ընդունել ենք մի Սահմանադրություն, որը ավելացնում է մեզ ուղղված սպառնալիքները, եւ քանի որ Սերժ Սարգսյանը պատասխանատվության բարձր զգացողություն ունի եւ ոչ քարացած մտածելակերպ, մարդը նետվում է սպառնալիքների հորձանուտը, որպեզի փրկի մեզ ու առաջնորդի երկիրը դեպի անսպառնալից ապագա: Ահա միտքը: Ոչինչ, որ ինքըՙ Սերժ Սարգսյանը, 4 տարի առաջ հայտարարում էր, որ ինքը երբեք չի հավակնելու, ոչինչ, որ ինքըՙ Սերժ Սարգսյանը համարում էր, որ մեկ մարդն իր կյանքում երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի ղեկավարմանը... Բայց երկրի նոր Սահմանադրությունը վտանգներով լի է, եւ ո՞վ պետք է մեզ զերծ ապահի դրանցից, եթե ոչ ինքըՙ Սերժ Սարգսյանը: Մանավանդ որ... Այ այստեղ սկսվում է ամենահետաքրքրականը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ՀՀ վարչապետ, բայց մեկ հավելում ունի. ինքն է ասելՙ հավելում, իրականում դա կոչվում է վերապահում: Այսպես. գործող նախագահն ասել է. «Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումովՙ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին: Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարեւոր է: Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդերի թրծման հարցումՙ անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից» : Ահա թե ինչ: Ուրեմն Սերժ Սարգսյանը ստիպված է համաձայնում դառնալ ՀՀ վարապետ, քանի որ ոչ միայն նոր Սահմանադրությունն ավելացրել է սպառնալիքները, այլեւՙ դաշտում չկան նոր երիտասարդ առաջնորդներ կամ գործիչներ, որոնցից մեկը կարող է փոխարինել իրեն: Եւ հիմա ինքը, վարչապետ լինելուց բացի, ավելի շատ ժամանակ է հատկացնելու նոր առաջնորդների թրծման գործումՙ փոխանցելով նրանց իր պետական կառավարման երեւացող եւ չերեւացող փորձը: Մինչեւ հիմա չի փոխանցել, կարեւոր չի համարել: Ի դեպ, կոնկրետ չերեւացող փորձն ինչպե՞ս է փոխանցվելու, ասենք վարչապետը հավաքելու է երկրի երիտասարդ քաղաքական առաջորդներին իր առանձնասենյակում եւ փակ հանդիպո՞ւմ են ունենալու, որտեղ էլ այդ փորձը փոխանցվելու է՞, թաքո՞ւն, որպեսզի նրանք, ովքեր երիտասարդ են, բայց առաջնորդ չեն, հանկարծ չսովորե՞ն... Հետո էլ հավանաբար քննություն է անցկացվելու եւ այն երիտասարդ առաջնորդը, որը պատասխանի քննական հանձնաժողովի բոլոր հարցերին, իր վրա է ստանձնելու երկրի ղեկավարման ծանր պարտականությունըՙ ազատելով վերջապես դրանից Սերժ Սարգսյանի՞ն: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը չի հավակնում վարչապետի պաշտոնին, չի ուզում, որ մեկ մարդը երկու անգամից ավելի ղեկավարի երկիրը, բայց քանի որ նոր Սահմանադրությունը վտանգներով լի է եւ որովհետեւ մենք թրծված երիտասարդ առաջնորդ չունենք, ինքը իր կամքին հակառակ դեռ կմնա, որպեսզի մի ձեռքով չեզոքացնի սահմանադրական վտանգները, մյուս ձեռքով էլ երիտասարդ առաջնորդ թրծի: Ի դեպ, ԱԺ փոխնախագահ, դեռեւս չթրծված Էդուարդ Շարմազանովն այս կապակցությամբ ասել է. «Շատ կարեւոր է, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է երիտասարդներին փոխանցել իր փորձը» : Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում, բայց սա ոչ թե շատ կարեւոր է, այլ բնական պետք է լինի, ավելին նորմալ չէ, որ մինչեւ հիմա չի եղել: Մեկ հավելում. Էդուարդ Աղայանիՙ «Արդի հայերեն բացատրական բառարանում» «Հավելում» բառը նշանակում է ավելացրած մաս, մեծացում, ավելացում, ընդ որում բառարանում հատուկ նշված էՙ օրինակ աշխատավարձի... Բայց սաՙ իմիջիայլոց, կամՙ ի գիտություն: |