ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՂԵՂ Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Ըստ «Executive-ի» գլխ. խմբագիր Թոմաս Սկելլենի եւ լրագրող Նաբիլա Ռահալի նյութերի) Փայլող աստղը` Փոլա Եագուպյան Մեր բարեկամ երկրիՙ Լիբանանի քաղաքական եւ հասարակական կյանքում շրջադարձային տարի է դառնալու 2018 թվականը: Մոտ մեկ տասնամյակ ընդմիջումից հետո առաջիկա մայիսի 6-ին տեղի են ունենալու խորհդարանական ընտրություններ, որոնք ընտրական նոր օրենքի ընձեռած հնարավորություններով խոստանում են քաղաքական լճացումից դուրս բերել երկիրը եւ միջազգային իշխանությունների տարածաշրջանային խաղերի պայմաններում ապահովել խաղաղ առաջընթաց: Պետական կառույցները 2017-ի վերջերից սկսած եւ այս տարվա առաջին ամիսներին ուժեղացած, հասարակական իրազեկման լայնածավալ արշավ են ձեռնարկելՙ օգտագործելով ինչպես գովազդային վահանակներն ու գրավոր եւ բանավոր լրատվամիջոցների հնարավորությունները: Նոր շարժումներ, հոսանքներ, ինչպես նաեւ նոր անհատ թեկնածուներ են երեւան եկել, որոնք նոր օրվա հույս են ներշնչում քվեարկողներին: Ամենացնցող նորությունը, ըստ Բեյրութից ստացված հաղորդագրությունների, առաջադրված կին թեկնածուների առատությունն է, որը խոստանում է փոխել մինչ այժմ տիրող պատկերը: Միջխորհրդարանական միության տվյալներովՙ վերջին անգամ 2009-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կին թեկնածուների թիվը ընդամենը 1,7 տոկոս է կազմել: Այս անգամ կանանց գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «հասարակության կեսըՙ խորհրդարանի կեսը» կարգախոսը: «Executive» (գործադիր) պարբերականին հարցազրույց տված անձնավորությունները խոսել են մոտ 80 կին թեկնածուների մասին, որոնց մի մասը հանդես է գալիս որպես անկուսակցականի, իսկ մյուս մասըՙ որպես որեւէ կուսակցության ներկայացուցչի: Թեկնածություն առաջադրելու համար մղիչ ուժ է հանդիսացել կանանց ընդգրկումը ոչ-կառավարական կազմակերպություններում (NGO), բարեգործական, մարդասիրական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնցում փորձառություն ձեռք բերելով այժմ նպատակադրվել են ընդլայնել իրենց գործունեությունը եւ բարեփոխել իրենց համաքաղաքացիների կյանքը: Թեկնածուների թվում են Հայաթ Արսլանը (Դրուզների համայնքից), Վիկտորիա էլ-Խուրի Զուեյնը (Մարոնիտ համայնքից), Ռինդալա Ջաբբուրը (Մարոնիտ համայնքից), Խոլուդ Մուաֆակ Ուաթթարը (Սուննի համայնքից), Նադա Զաարուրը (Մարոնիտ համայնքից), Ժոզեֆին Զղեյբը (Մարոնիտ համայնքից) եւ մեր հայրենակցուհի Փոլա Եագուպյանը (Հայ առաքելական համայնքից), որին էլ կանդրադառնանք ավելի մանրամասն ստորեւ: Փոլա Եագուպյանը (Paula Yacoubian, մարտի 1-ից իր Twitter-ում պաշտոնապես Բուլիթ Սիրական Եագուբյան) ծնվել է 1976-ի ապրիլի 4-ին: Մասնագիտությամբ լրագրող է եւ հեռուստահաղորդավար, ընդ որում ամենաճանաչվածըՙ Լիբանանում: Աշխատել է մի շարք լիբանանյան եւ համա-արաբական միջազգային հեռուստակայաններում եւ աչքի ընկել որպես կանանց իրավունքների եւ ընտրություններում նրանց թեկնածության քանակի ավելացման անխոնջ պաշտպանի: Այդ առումով Համաշխարհային բանկը (World Bank) նրան ընտրել է «բազմազանության եւ ներառական արտաքին խորհրդատվական քննարկումների» անդամ: Հեռուստահաղորդավարի գործունեությունը սկսել է 1995-ի հունիսին աշխատելով Հենրի Սֆեյրի (ով նաեւ «Նիդա էլ Ուաթան» (Հայրենիքի կանչը) թերթի արտոնատերն էր) հիմնած Independent Communications Network (ICN) հեռուստակայանում: Ճանաչում ձեռք բերելով նա որոշ ժամանակ անց նշանակվել է կայանի շրջանային եւ միջազգային լուրերի բաժնի վարիչ: Ստեղծել է իր հեղինակային «Չորրորդ իշխանություն» հաղորդաշարը, որտեղ հնարավորություն է ունեցել արաբերեն լեզվով բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության հարցի մասին: ICN-ի փակվելուց հետո, նա աշխատել է LBCI հեռուստակայանում որպես առավոտյան «Նհարքում Սաիդ» (Ձեր օրը բարի) ծրագրի եւ արբանյակային միջազգային լուրերի հաղորդավարուհի: Այնուհետեւ աշխատանքը շարունակել է լիբանանյան MTV եւ համաարաբական ART (Arab Radio and Television Network) հեռուստակայաններում, որոնցում վարել է «Հոսանքին հակառակ», «Մասնավոր հանդիպումներ», «Հստակ կարծիք» հաղորդաշարերը: Որոշ ժամանակ տեղափոխվել է Մ. Նահանգներ, որտեղ «Ալհուրրա» հեռուստակայանի իր ամուսնուՙ Մուաֆֆակ Հարբի ղեկավարած ամերիկամետ լրատվաալիքում է աշխատել: Վերադառնալով Լիբանան Փոլան աշխատանքի է անցել «Future TV»-ում, որտեղ լրատվական «թոք-շոուի» ընթացքում հարցազրույցներ է վարել հեղինակավոր անձնավորությունների հետ, այդ թվում նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ Ռիադում (Սաուդյան Արաբիա), որտեղ գտնվում էր նա իր հրաժարականից հետո: Հարցազրույցը ցրեց նրա շուրջ ստեղծված որոշ մտահոգություններ: Բնակչության նվազ արտոնյալ խավը միշտ նրա ուշադրության կենտրոնում է եղել եւ հասարակական ակտիվ գործիչն ու մարդասերը նախաձեռնել է «Դաֆա արշավը», որն ամենամեծ եւ ամենահաջող նվիրատվական հարթակն է դարձել Լիբանանում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում օգնության ձեռք մեկնելով 14.800 ընտանիքների 2015-ին, 43.000 ընտանիքներիՙ 2016-ին եւ ավելի քան 100.000 ընտանիքներիՙ 2017-ին: Դրան զուգահեռ նա 15 կրթաթոշակ է հատկացրել գերազանց սովորող ուսանողների, որոնք չեն կարողանում հոգալ իրենց ուսման ծախսերը: Մասնագիտական գետնի վրա նա գլխավոր մենեջերն է «Integrated Communications» ընկերության, որը մասնագիտական հմտություններ է սովորեցնում հաղորդակցությունների, լրատվատվության, լրագրության եւ հրապարակախոսության բնագավառներում: Դրա համար նա Մ. Նահանգներում մասնակցել է որակավորման բարձրացման կուրսերի եւ աշխատանքային սեմինարներիՙ ստանալով կառավարման եւ քաղաքագիտության գիտական աստիճան: Իր գործունեությանց համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաեւ Բելգիայի թագավորի կողմից 2017-ին նրան շնորհված «Order of the Belgian Crown» մրցանակը: Ամուսնուց բաժանված է եւ ներկայիս իր 13-ամյա որդու հետ ապրում է Լիբանանում: Ընտրություններին մասնակցելու է «Բեյրութ 1» շրջանից որպես «Սաբաա» կուսակցության (որը կոալիցիա է կազմել «Լի Ուաթանի» խմբակցության հետ) թեկնածուի: Քաղաքական միասնական ծրագիրը նախատեսում է պայքարել կառավարող շրջանակների կոռուպիցայի դեմ եւ հանուն պատասխանատվության բարձրացման եւ կանանց իրավունքների պաշտպանության: Մյուս քաղաքական կուսակցությունների եւ անկախ թեկնածուների օրակարգում սոցիալական արդարության, բնապահպանական, տնտեսական վատ կառավարման, առողջապահական, զբոսաշրջության զարգացման եւ այլ հարցեր են: Հայրիշխանական մտածելակերպը փոխելու գործընթացը հեշտ չի եղել, բայց կին թեկնածուները համոզված են, որ իրենց միասնական շարժումը կկարողանա տեղաշարժ կատարել եւ կոտրել որոշ տաբուներ: «Կացությունը երկրում խիստ վատթարացել է եւ ոչ ոք չի հանդգնում կառավարական շրջանակների դեմ կանգնել եւ հայտարարելՙ «բավակա՛ն է»: Հասել ենք մի կրիտիկական պահի, երբ կա՛մ պետք է դրական փոփոխություններ նախաձեռնենք եւ հուսադրենք ապագա սերունդներին, կա՛մ շարունակենք սերնդե-սերունդ փոխանցել միեւնույն վարչակարգը», նշել է Փոլա Եագուպյանը: Ճնշումներ գործադրվել են ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ ընտանիքի անդամների եւ բարեկամների կողմից, բայց կանայք վճռական են տրամադրված եւ կոչ են արել քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրական քարոզարշավին: Նրանք հավատացած են, որ մայիսյան ընտրությունները մի քայլ առաջ են լինելու դեպի ավելի լավ կառավարում, եւ առաջին անգամ քվեարկողները, խորհրդարանում տղամարդկանց գերակշռության վերաբերյալ իրենց զավակներին ու թոռներին գիշերային հեքիաթներ պատմելուց սկսելու են «Կար ու չկար մի ժամանակ, երբ...» բառերով: |