RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3041, Տպվել է` 335, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՉԻ ԱՊԱՀՈՎԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Պ.Ք.

Cambridge Analytica-ի քաղաքական սկանդալը

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ցանցի ղեկավարությունը թույլ է տվել մի շարք սխալներ, որոնց հետեւանքով քաղտեխնոլոգներն օգտագործել են միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները:

Cambridge Analytica ընկերությանը մեղադրում են քաղաքական շրջանակներին պատկանող իր հաճախորդների անձնական տվյալների անպատշաճ օգտագործման մեջ:

Ցուկերբերգը իր հրապարակած հայտարարության մեջ խոստովանում է սոցցանցի օգտատերերի իրավունքների խախտման փաստը: CNN-ին տված հարցազրույցում նա ընդունել է իր սխալը եւ խոստացել է միջոցներ ձեռնարկել խաբեբայական հավելվածների դեմն առնելու համար: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել պարզաբանումներով հանդես գալու ԱՄՆ Կոնգրեսում, եւ խոստացել է բարդացնել օգտատերերի տվյալների մատչելիությունը հավելվածների համար:

Ապագայում նման երեւույթների կրկնությունը կանխելու նպատակով Ցուկերբերգն առաջարել է հետեւյալըՙ մանրակրկիտ ուսումնասիրել անձնական տվյալներից օգտվող հավելվածները, անցկացնել կասկածելի բոլոր հավելվածների լիակատար աուդիտ, շրջափակել այն հավելվածների հեղինակներին, որոնք կհրաժարվեն մանրակրկիտ աուդիտից, շրջափակել մարդկանց անձնական տվյալները անպատշաճ ձեւով օգտագործող հավելվածները:

Cambridge Analytica-ի SCL Elections ստորաբաժանումը ընտրողների վերաբերյալ տեղեկություններ է հավաքելՙ օգտատերերի գնողունակությանը եւ համացանցում նրանց գործունեությանը վերաբերող բաց տվյալներից: Ըստ որում, տվյալների մեծ մասը ստացվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցիցՙ առանց օգտատերերի գիտության: Cambridge Analytica-ի աշխատակիցները ամերիկացիների մասին տվյալներ են հավաքել, որպեսզի կազմեն ընտրողի հոգեբանական նկարագիրը. նման մեթոդը թույլ է տալիս ծավալել առավել արդյունավետ քարոզչություն: Հարկ է նշել, որ Cambridge Analytica-ն կապ չունի համանուն նշանավոր համալսարանի հետ, բայց դրա ծրագիրը կազմած մասնագետները նույն համալսարանի շրջանավարտներ են:

Ընկերության հաճախորդներից շատերը ամերիկացի քաղաքական գործիչներ են, տեղեկացնում է gazeta.ru կայքը: Այսպես, դրա ծառայություններից օգտվել են ԱՄՆ նախագահության թեկնածու Թեդ Կրուզը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլտոնը:

Մեծ Բրիտանիայում ընկերությունը ակտիվորեն զբաղվել է Brexit-ի հետ կապված տվյալների հավաքմամբ: Աջ ազգայնականների հետ սերտորեն գործակցող ընկերության սեփականատերը միլիարդատեր Ռոբերտ Մենսերն է: Նրա գործընկերներից է Սթիվեն Բենոնը, որը եղել է Դոնալդ Թրամփի խորհրդականը:

Այն մասին, որ Մենսերը եւ Բենոնը քննարկել են Cambridge Analytica-ի ռազմավարությունը, բրիտանական The Guardian թերթին պատմել է ընկերության նախկին աշխատակից Քրիստոֆեր Վեյլը : Նա հայտնել է, որ Սթիվեն Բենոնի կարգադրությամբ ինքը ստեղծում էր հոգեբանական զենք: Ընկերությանը սկսել էին պայմանագրեր առաջարկել Պետդեպարտամենտում: Ավելին, Cambridge Analytica-ն փորձել էր հաղթել Պենտագոնի հայտարարած մրցույթներում:

Սկանդալի հետեւանքով Ֆեյսբուքի բաժնետոմսերը վերջին օրերին կտրուկ էժանացան, իսկ Ցուկերբերգը արդեն կորցրել է ութ միլիարդ դոլար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ