ԳՈՐԻՍՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2017Թ. ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը միտված է հնարավորինս մեղմելու տան խնդիր ունեցող, հեռավոր մարզերում բնակվող ընտանիքների սոցիալական բեռը: Հաջողված գործընկերության 2017 թվականի արդյունքներն ամփոփվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, իսկ մեկինՙ տանիքի նորոգման եւ բնակարանի ներքին հարդարման աշխատանքները: Գորիսում բնակվող Գյուրջյանների բազմանդամ ընտանիքն անցել է տարիների հոգսաշատ ճանապարհ, սակայն շարունակում է հայրենի հողում արմատներ գցել: Ակսելն ու Ռուբենը Գյուրջյանների յոթ զավակներից երկուսն են: Փոքր բնակմակերեսի պատճառով, ընտանիքներով հայրական տնից առանձնացած եղբայրները տարիներ շարունակ ապրել են վարձով: Նրանց հայրըՙ Ալբերտը, տասնամյակներ առաջ էր սկսել տան շինարարությունըՙ որդիներին տան տեր դարձնելու մտադրությամբ, սակայն կիսակառույցի պատերն այդ տարիների ընթացքում այդպես էլ մնացել էին անավարտ: Միջոցների արդյունավետ կառավարման շնորհիվ, գործակցող կողմերին հաջողվել է ապահովել երկու բնակարանամուտ: «2017թ.-ի բնակարանաշինության ծրագրում այս տան կառուցումը եզակի էր. մեկ ծրագրի ֆինանսական հաշվարկով հնարավոր եղավ աջակցություն ցուցաբերել երկու ընտանիքիՙ որեւէ մեկին չզրկելով բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Դեռ պարզ չէ, կշարունակվի՞ ծրագիրն այս տարի թե ոչ, սակայն, այս տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլեւ ողջ անձնակազմի նվիրումն անգնահատելի դարձան ինչպես մեր, այնպես էլ նման ընտանքների համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : «Թվում էՙ վաղուց արդեն չափահաս մարդիկ ենք եւ հրաշքներին չէ, որ պետք է հավատանք: Սակայն մեզ համար դա կատարվեց. ամենամեծ նվերը տունն էր, եւ մենք այն ունեցանք: Մեր վաղեմի երազանքն իրականացավ: Երեխայի պես հուզված ու շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրըՙ Ակսելը: Ռուբենն իր ընտանիքով վարձով ապրելու կարգավիճակին հրաժեշտ է տվել ամանորից հետո: Տան իրերի վերջնական տեղափոխումը բառացիորեն ավարտվել է այդ օրերին: Հանրապետության տարբեր մարզերում, անցած տարվա ընթացքում տուն ունենալու երջանկությունը վայելել է 13 ընտանիք: Նրանցից վեցի աջակցությունն իրականացվել է Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով: Վեց տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 56 համայնք: Շահառու է դարձել 150 ընտանիք: Այդ ընթացքում, Հայաստանի տասը մարզում միայն բնակարանաշինության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 369 մլն ՀՀ դրամից ավելի ներդրում: |