ԿՏԱՎԻ ԵՐԵՔ ՇԵՐՏԵՐԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երազելը վնաս չէ Մի ժամանակ Հայաստան-2020 ծրագիր կար, որի շատ կանխատեսումներ ծիծաղելի եւ անիրականալի էին թվում այն ժամանակ, ու մտածում էինք` ինչ ժամավաճառություն է այդպիսի ծրագրերի վրա փող ծախսելը, «թրեյնինգներ» անելն ու ծողովածուներ հրատակելը: Տեսեք, թե ինչ երազանքներ էին արտաբերում այն ժամանակ` 2004 թվականին, երբ խոսում էին հեռավոր թվացող 2020 թվականի մասին. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասցնել 15000 դոլարի, ունենալ վաղվա հացով չմտահոգված հասարակություն, Հայաստանը դարձնել աշխարհի 10 զարգացած երկրների ցանկում ընդգրկելի, արտագաղթ չունեցող, տնտեսապես եւ քաղաքական առումով ապահով, օրենքի գերակայության երկիր: Մտադրություն չունենալով մանրամասն ներկայացնել այս երազանքների ու այդ առթիվ զանազան մեծամեծ սցենարների ձախողումը` ընդամենը նշենք, որ անցած տարի Հայաստաում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3512 դոլար, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ ժամանակ առաջ եթե-ապա-ով կանխատեսել է, որ Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4700 դոլար: Համեմատության համար ասեմ, որ հայերի արտագաղթի երազանք երկրներից ԱՄՆ-ում մեկ շնչին բաժին է ընկնում 56 հազար դոլար ՀՆԱ, իսկ եվրոպական երկրների` մեկ շնչին ընկնող ամենացածր ու ամենաբարձր ՀՆԱ-ների միջինացված ցուցանիշը տատանվում է 20 000-25 000 եվրոյի սահմաններում: Բայց կարելի է մխիթարել Հայաստանի հայերին` նախագահ Սերժ Սարգսյանը անցած տարեվերջին հայտարարում էր, թե մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 10 000 ԱՄՆ դոլարի, չգիտեմ` նախագահը Վարդան Արամյանի հետ զրուցել էր-հետո էր ասել, թե ոչ, եւ նրա ասած մի քանի տարին որքան է: Իսկ ահա երկու օր առաջ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում «Հայաստանի զարգացման ռազմավարություն-2030» ծրագիրն էր քննարկվում`«4 միլիոնանոց 2040 թվական» հեռանկար-նպատակի ֆոնին, ու դա պետք է որ մեր քաղաքացիների մոտ առավել առարկայական ցանկություն առաջացնի` համադրելու անցյալի թվերը, միգուցե մասնագետները դա կանեն: Մենք ընդամենը կարող ենք 16 տարի առաջվա երազողների կերպն ընդունել եւ տարվել վարդագույնով` դե ո՞վ չի ուզի 12 տարի հետո մի քանի հարյուր հազար նոր աշխատատեղ տեսնել երկրում, ինչպես ռազմավարական այդ քննարկված ծրագիրն է գծում, եթե, իհարկե, հայ երիտասարդ աշխատուժը մնացած լինի երկրում, ով չի ուզենա ստվեր կրճատել տնտեսությունում... Բայց ո՞վ է ստվեր առաջացնում` արդյոք ո՞չ նախագահի շրջապատի մի քանի առանձնաշնորհյալ օլիգարխները: Դե լավ, մանրախնդիր չլինենք, կարեւորը` հեռանկարային ծրագրերն առանց կլոր եւ տպավորիչ թվերի չեն լինում, ինչպես երազանքները, այդ կլորների արանքում սիմվոլիկ եւ խեղճուկրակ գումարներ միայն տեսած հասարակ մահկանացուներս հանուն երազանքի էլի մի կերպ կդիմանանք: Կարեւորը` կոռուպցիայի դեմ խոստացված պայքարը իրականացվում է` համայնքապետեր են բռնում, մի կես, մեկ մլն դրամ յուրացնողների: Միլիարդավոր դրամ յուրացնողներին էլ, հույս կա, որ մինչեւ 2040 թվականը կհասնեն` մենք ողջ լինենք, թե ոչ: Իսկ որ մի քանի խոշոր գործարար հետեւողականորեն ու անընդհատ դուրս են մղում մանր բիզնեսին, իսկ իրենք միլիարդավոր դրամների ստվեր են գոյացնում` դա հո չի կարող յուրացում լինել, համայնքապետե՛րն են թալանում միայն այս երկիրը, միայնա՛կ, առանց իրենց վերադասների, որոնց մի մասն իսկի կարգին կոստյում չունի պետական նշանակության միջոցառումների ներկայանալու: Դե, երեւի կարեւորը քարոզչական կուտն է այս պատասխանատու ժամանակի մեջ..., ու ստացվում է: Առհասարակ` Հայաստանի նախագահի պաշտոնավարման ավարտն օրավուր ավելի է նմանվում քարոզարշավի` սկսած մեդալների բաժանումից, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական դրսեւորումներից, վերջացրած այդ բոլորը գունագեղ փաթեթավորմամբ մատուցելու քարոզչական ֆոնով: Կարեւորը` միշտ էլ գտնվում է ինչ-որ իրադարձություն, որը զբաղեցնում է մարդկանց, աննկատ շեղելով ամեն ինչ մի թելի վրա շարելու, պատճառահետեւանքային կապ տեսնելու հետեւողականությունից: Այս անգամ դա երկուշաբթի տեղի ունենալիք Ազգային ժողովի հատուկ նիստն է, որտեղ երդվելով` իր լիազորությունները կստանձնի նոր նախագահ Արմեն Սարգսյանը : Թե երդման լիազորությունն ինչու չեն փոխանցել վարչապետին, լավ չի հասկացվում, քանի որ երդման իրագործման տիրույթն է շատ նեղ մնացել... Հետո ապրիլի 17-ին նոր վարչապետ կընտենք Ազգային ժողովում, հետո կառավարության նոր կազմ նշանակելու ինտրիգները կգրավեն մարդկանց ուշադրությունը, հետո կառավարության նոր ծրագիր կբերեն Ազգային ժողով եւ այլն: Ու այդպես մեր կյանքի վրա կոնկրետ փաստական ազդեցություն չունեցող իրադարձությունների մի երկար շարք կծավալվի մինչեւ աշուն, կզբաղեցնի մեր միտքը, մոռացնել տալով` սոված ենք, թե՞ մեր քունն է տանում: Ներսի հետնանկարը Այս բոլորի հետնապատկերը առավել քան խոսուն է` ունենք համարյա 3D պատկեր-վիճակ, վերը նկարագրված առաջին պլանի թիկունքում երկու համադրված հետնապատկերով... Հետնապատկեր թիվ մեկում Նիկոլի պայքարն է` Նիկոլ Փաշինյանն իր թիմով, իր խմբակցության մյուս թեւ մարուքյականներից զատված, հասարակ շորեր հագած ընկել է երկրեերկիր, ներեցեք` Հայաստանի բնակավայրից բնակավայր ու մինչեւ ապրիլի 17-ը մի էքստրեմալ արշավ է անում` հեռանկարում վարչապետի քվեարկության խափանումն ի նպատակ, էլ ավելի հեռանկարում` ԱԺ արտահերթ ընտրություն-բան: Բա որ Նիկոլի ասած` փողոցում ընկած իշխանությունը վերցնող չլինի, մարդիկ թքած ունենան մեր նկարի բոլոր պլանների վրա էլ: Բայց դա ոչինչ, Նիկոլի ու իր ընկերների պայքարն իզուր չի անցնի, քանի որ փողոցում պայքարող ուժի կարիք ամեն ժամանակ ունի, քիչ հետո կասենք, թե ինչու: Իսկ մինչ այդ` ապրիլի 13-ից` Ազատության հրապարակ մտնելուց մինչեւ ապրիլի 17-ը եղած շուրջօրյա հավաքների չորս օրը կարող է մի լավ «նյարդացնել» վերեւներին: Դե հա, իհարկե, ի վերջո` Նիկոլի արածն ավելի լավ է ոչինչ չանելուց, քանի որ, դատելով տեղերում քաղաքացիական ակտիվ մարդկանցից ստացած աջակցությունից, ընդդիմադիր տրամադրությունները Հայաստանում բավականին շոշափելի են, ուղղակի քաղաքական ուժերը կորցրել են իրենց վստահությունն այդ տրամադրությունները կրողների մոտ: Բայց կգա մի օր, որ կհայտնվեն նաեւ այդ տրամադրությունները գեներացնողները, իսկ Նիկոլն, իրոք, լավ գործ է անում` չթողնելով ընդդիմադիր տրամադրությունների շիջումը: Բացի այդ` ինչ իմանաս ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները, ինչ հարկավոր կլինի վաղը հասկացնել ռուսներին, կամ ամերիկացիներին, կարեւոր չէ տվյալ դեպքում, ոնց կարելի է չունենալ փողոցային պայքարի ուղին անցածներ, որոնք կկանգնեն ու կգոռան ասենք` «Պուտին, հեռացիր»: Այնպես որ անձամբ ես Նիկոլի պայքարին վերաբերում եմ որպես անհրաժեշտության, անկախ ելքից, անկախ «Ելքի» առաջարկած ելքերից: Տարածաշրջանային հետնանկարը Մյուս համապատկերը, որ վատ է երեւում առաջին երկու պլանների գործող անձանց կանգնած դիրքից կամ նկարչության մեջ հեռանկար (հեռվի նկարը) անվանվողը, իսկ մեր դեպքում` տարածաշրջանային ֆոնը նույնպես ամեն դիտող չի տեսնի, քանի որ Հայաստանի հասարակ դիտողները հայացքն անմիջապես նկարից տեղափոխում են իրենց պրոբլեմների վրա. նրանք շատ-շատ ընկալում են օրվա լրահոսը, ինչպես օրինակ երեկվանը, որը տեղավորվում էր վերը նկարագրած առաջնապատկերում. մեր նախագահը, մեր զույգ կաթողիկոսների ուղեկցությամբ, ու Հռոմի պապը Վատիկանում հանդիպել են, առիթը էկումենիզմի խորհրդանիշ (մեղա), Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծումն է, արձանի հեղինակն էլ Դավիթ Երեւանցին է: Այո, ոչ շարքային իրադարձություն, ինչպիսի նրբաշեշտ նախագահությունն ավարտող Սերժ Սարգսյանով կտավին: Իսկ տարածաշրջանային համապատկերն, իրոք, մտահոգիչ է, տարածաշրջանային հավասարակշռություն է փոխվում, դա հատկապես երեւաց Պուտին-Էրդողան-Ռոհանի վերջին, Անկարայի հանդիպմանը: Անգամ մեր ԱԳՆ մակարդակով չեն ծածկում մտահոգությունը` սինոսոիդների հույսով. ասել է, թե` հիմա ռուս-թուրքական սիրո վերընթաց է, միգուցե հաջորդի վարընթացը. ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ասելով` այս փուլում Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի համընկման մեծ դաշտ կա, բայց այս երկուսի մերձեցման հետ միաժամանակ հակասություններ կան, որոնք ավելի վաղ էլ արտահայտվել են: Իսկ Հայաստանի նման փոքր պետությունների խնդիրների այս կամ այն կերպ լուծումները միշտ էլ կախված են մեծ պետությունների հարաբերություններից: Այս երեք պետությունների` առաջին հայացքից անհավանական թվացող դաշինքը ներկա դեպքում Սիրիայի խնդրի շուրջ է, նրանք մրցակցում են ազդեցության դոմինանտության համար` ընդդեմ արեւմուտքի, հատկապես` ԱՄՆ-ի: Բայց սակարկության սեղանին կարող են հայտնվել բազմաթիվ հարակից, այդ թվում` հայերիս համար կենսական նշանակության հարցեր: Այո, միգուցե ներսից իրար չսիրող, արտաքնապես դաշնակիցներ խաղացող եւ սիրիական հակամարտության կարգավորման շուրջ համագործակցությունը խորացնող Մոսկվա-Անկարա-Թեհրան Բերմուդյան եռանկյունու անոմալիաներից փոքրիկ Հայաստանը զգուշանալու խնդիր ունի: Այս իմաստով հիանալի երեւակիչ է համացանցի ռուսական տարածքը, որտեղ փորձագետներն ու վերլուծաբաններն իրենց գոհունակությունը չէին ծածկում այդ հանդիպման շեշտադրումներից, չէին թաքցնում ոգեւորությունը` ԱՄՆ-ին մատ անելու քայլ համարելով հանդիպումը, որը, փաստորեն, շարունակությունն էր Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Ինչ դուրս կգա այդ սատանայական մերձեցումից Ռուսաստանի համար, վիճարկելի է, որովհետեւ թուրքական հավատարմություն, որպես այդպիսին, երբեք չի կարող լինել` ե՛ւ Իրանը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը մի կարեւոր խնդիր են ուզում լուծել ուղղակի` Մերձավոր Արեւելքից եւ Հարավային Կովկասից հնարավորինս դուրս մղել ԱՄՆ-ին: Իսկ անցած դարասկզբի փորձառությունը, երբ ռուսների թողտվությամբ հայկական մարզերը դարձան գիշատիչ Թուրքիայի որսը, մեզ համար նոր դժվարություններ են հուշում: Այնպես որ` մեր պաշտոնեական ու վերլուծական շրջանակներն ակնդետ պետք է հետեւեն տեղի ունեցողին` իրադարձությունների ընթացքը ժամանակին հասկանալու համար: Չնայած` ռուս վերլուծաբանները չեն դադարում փափուկ բաձր դնել հայերիս գլխի տակ, թե ղարաբաղյան հակամարտության հարցում այդ մերձեցումը չի կարող բացասական անդրադարձ ունենալ, սակայն մենք ազնիվ խոսքով չէ, որ պիտի դատենք: Ինչպես կպահի իրեն Թուրքիան` Ռուսաստանի այսօրվա դաշնակիցը, երբ Ադրբեջանը կրկին լարվածություն ստեղծի սահմանին, իսկապես աչալուրջ հետեւելու բան է: Իրանի շահն էլ բազմիմաստ է, մի կողմից նա մշտապես կանգնած է եղել ղարաբաղյան կարգավորման բանակցային տարբերակի կողքին`զսպիչ ուժ լինելով Հայաստանին ու Արցախին սահմանակից պետություն որպես, մյուս կողմից նա նույնպես ունի երկրի ներսում իրանական ադրբեջանցի անջատողականների քնած խնդիրը, գումարած, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մերձեցումը նրան թույլ է տալիս տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալ, իսկ դրա դիմաց պարզ է որ նա կվճարի ուրիշի , ոչ թե սեփական խնդիրների հարցում զիջելով: Նախկին ոչ բարեկամ երկրներն, այսպիսով, համագործակցում են ընդդեմ արեւմտյան, մասնավորապես` ամերիկյան մարտահրավերի եւ... ընդդեմ քրդերի, եւ այդպիսի համագործակցությունից ինչ ասես կարելի է սպասել: Հետաքրքրական է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հեռանկարների մասին Վաշինգտոնում վերջերս հրապարակված զեկույցում բավական ուշադրություն է հատկացվել եռյակի գործողություններին` առհասարակ արաբական գարնան եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի համատեքստում: Այսինքն` ԱՄՆ-ի համար էլ նորություն չէ երեւի այս համագործակցությունը, այնտեղ վաղուց էին սպասում այսպիսի հանգուցալուծմանը: Այդ զեկույցը Մերձավոր Արեւելքում լարվածության աճ է կանխատեսում` սիրիական կարգավորման հարցի շուրջ Մոսկվա-Անկարա-Թեհրան կապերի խորացմանը զուգահեռ, ինչպես նաեւ նկատի առնելով այս պետությունների տնտեսական փոխշահերը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուս թղթակից Յուլյա Սավչենկոյի փոխանցմամբ` ամերիկյան զեկույցի հեղինակները վախենում են Հարավային Կովկասի բոլոր խնդիրներում ռուս-թուրք-իրանյան դերակատարության հետագա մեծացումից, չնայած այդ երեք երկրների ներքին խնդիրները բոլորովին տարբեր բովանդակություն կարող են հաղորդել այդ դերակատարությանը: Իսկ Ռուսաստանի նախագահը, վերադառնալով հայրենիք` գոհունակություն էր հայտնել թուրքական ջերմությունից եւ իր այցի արդյունավետությունից: Եթե նկատի առնենք համացանցում առկա ռուս հասարակ մարդկանց կենցաղային մակարդակով գոհունակությունը` Թուրքիայի հետ մերձենալու, տնտեսական շահ ստանալու եւ թուրքական լողափերում էժան արեւահարվելու հեռանկարից, պատկերն ավելի հասկանալի կդառնա հայերիս համար: |