ՆՈՐ ԽՈՍՔ ՀԻՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ Մերօրյա վաստակ ունեցող պատմաբաններից մեկի` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանի մասին խոսք ասելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար: Հեշտ է, քանի որ ասելիք շատ կա: Մարդը, գիտնական մարդը, շատ առիթներ է տվել դրա համար: Իսկ դժվար է, որովհետեւ երբ լավ ես ճանաչում նրան, տեղյակ ես նրա համեստությանը, մի տեսակ կաշկանդվում ես, դժվարանում... Հ. Գեւորգյանն աշխատում է անընդհատ, առանց դադարի եւ ընդմիջման: Առհավատչյան ընթերցողի դատին հանձնվող, ի դեպ նաեւ ՀՀ նախագահի մրցանակի համար ներկայացված, «Հայաստանի Հանրապետության կառավարության մարտավարությունը Սյունիքում եւ Արցախում (1918-1920 թթ.)» ստվարածավալ աշխատությունն է (լույս է ընծայել 2018 թ. «Լուսակն» հրատարակչությունը): 900 էջից բաղկացած ասելիքով հարուստ ու տարողունակ ուսումնասիրության թեման մերօրյա քաղաքական զարգացումների ետնախորքի վրա դիտարկելիս առավել քան արդիական է ու անհրաժեշտ: Ի դեպ, հեղինակի մենագրությունը կրկին անգամ գալիս է ապացուցելու ժամանակակից ամերիկացի հոգեբան Քլեր Գրեյվսի հասարակության եւ պատմության զարգացման դինամիկային վերաբերող «պարույրաձեւ» զարգացման տեսությունը (պատմության ընթացքում յուրաքանչյուր իրադարձություն կրկնվում է նոր մակարդակում), որի օրինաչափություններն ու սահմանումները կիրառելի են նաեւ հայոց պատմության զարգացման գործընթացներն ուսումնասիրելու ժամանակ (տե՛ս Дон Эдвард Бек, Кристофер К. Коуон, Спиральная динамика. Упраляя ценностями и измененями в XXI веке, М., Открый мир, 2010): Իսկապես, ծանոթանալով Հ. Գեւորգյանի ներկա ուսումնասիրությանը, կրկին անգամ համոզվում ես, որ Արցախի եւ Սյունիքի նկատմամբ թուրքերի անհաջող պատճեն ազերիների մտայնության մեջ ու նկրտումներում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Միայն թե այս անգամ արդեն մենք ու աշխարհն ենք փոխվել, խելքի եկել: Ճանաչել ենք որոշ էթնոսների բուն էությունն ու նրանց ներկայացրած վտանգը մարդկությանն ու համաշխարհային քաղաքակրթությանը, մշակել թեկուզ առայժմ ոչ լիակատար, սակայն շատ դեպքերում քննություն բռնող զսպման մեխանիզմներ: Միանգամայն իրավացիորեն հեղինակը պարզաբանում է, որ այսպես կոչված վիճելի տարածքները (նկատի ունի Սյունիքը, Արցախը եւ մյուս «վիճելի» տարածքները) ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանի լեռնային շրջանները, որոնք «իրենց աշխարհագրական դիրքով հայության բնական սահմաններն ու հենարաններն էին» (Հ. Գեւորգյան, նշվ. աշխ. էջ 3): Փաստառատ հենքով հեղինակը 1918-1920 թթ. ՀՀ կառավարության մարտավարությունը բաժանում է երեք ժամանակահատվածների` 1) 1917-1918 թ. մայիս-հունիս, երբ ՀՀ սահմաններն էլ ամբողջությամբ դեռեւս հայտնի չէին, 2) ռուսական զորքերի կողմից ճակատը լքելուց հետո, 3) երբ Առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանում տիրություն էին անում Անտանտի երկրները, 4) երբ խորհրդային զորքերը մուտք են գործում տարածաշրջան: Հարցերին խորագիտակ հեղինակը լավագույնս ներկայացնելով յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններն ու հայ ժողովրդի մղած հերոսական պայքարը մեր հարեւանների զավթողական նկրտումների դեմ` ընդգծում է Բաքվի նավթին տիրանալու ձգտումից կուրացած Անգլիայի որդեգրած «ոչ հայամետ, ավելի ստույգ` թուրքամետ» (Հ. Գեւորգյան, նշվ. աշխ. էջ 5) քաղաքականությունը: Իսկ դա մեծ վնասներ պատճառեց «մաքրամաքուր հայկական գավառներ` Արցախին եւ Զանգեզուրին» (նույնը` էջ 8) եւ «համառ, դիմացկուն, հնագույն մշակույթ ունեցող եւ բնական հարուստ կարողությունների տեր հային» (նույն տեղում): Միանգամայն իրավացի է Հ. Գեւորգյանը, երբ շեշտում է Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխության հետեւանքով ձեւավորված Ժամանակավոր կառավարության իրատեսական դիրքորոշումը: Սակայն որին ցավոք հետեւեց լենինյան հեղաշրջման հետեւանքով ստեղծված բոլշեւիկյան իշխանությունը, որի քաղաքականությունը «հարցականի տակ էր դնում հայության գոյությունը» (նույնը` էջ 17): Քայլ առ քայլ ներկայացնելով 1918-1920 թթ. ընթացքում Նախիջեւանում, Սյունիքում եւ Արցախում ընթացող հայ-թուրքական հակամարտությունների պատմությունը, նկարագրելով ճակատագրի հեգնանքով Ցեղասպանությունից հրաշքով փրկված եւ սովի ու տարափոխիկ հիվանդությունների ճիրաններում հայտնված հայության մնացյալ հատվածի օրհասական վիճակը` հեղինակը շեշտում է, որ հայ-թուրք (ազերի) բախումներում, որպես կանոն, «նախահարձակ կողմը գրեթե մշտապես եղել են թուրքերը» (նույնը` էջ 37) եւ ավելացնում, որ հայերն էլ իրենց տունն ու հայրենին պաշտպանելու համար ամեն անգամ ոտքի են կանգնել ու արժանի հակահարված տվել: Մանրամասն ու գիտական բարեխղճությամբ քննարկելով ժամանակաշրջանը բնութագրող կարեւորագույն հիմնահարցերը` Հ. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ չարաբաստիկ Բաթումի պայմանագրին: Դրանում Զանգեզուրն ու Արցախը մաս չէին կազմել Հայաստանին եւ սա «մշտապես կարեւոր հաղթաթուղթ է եղել նորանկախ Ադրբեջանի ձեռքին» (նույնը` էջ 108): Իրողություններին քաջատեղյակ հեղինակն իրավացիորեն ու պատճառաբանված ներկայացնելով, որ համաձայն պայմանագրի 14-րդ հոդվածի, այն պիտի վավերացվեր Հայաստանի եւ Թուրքիայի կողմից եւ նոր միայն վավերական կհամարվեր, շեշտում է, որ այն «ոչ միայն չի վավերացվել երկուսի կողմից էլ, այլեւ չի ճանաչվել որեւէ մեկ այլ պետության կողմից» (նույնը` էջ 68), հետեւապես իրավական որեւէ ուժ չունի: Աշխատությունում բավականին մանրամասնորեն քննարկվել է նաեւ Զորավար Անդրանիկ-ՀՅԴ-օրվա իշխանություններ հարաբերությունների հիմնախնդիրը: Նկատենք, որ այս դեպքում հարգարժան հեղինակը ավելի շատ տուրք է տվել ազգային հերոս զորավարին մեղադրելու տեսակետին: Այնինչ ակնհայտ է, որ իշխանություններն էլ իրենց հերթին ելնելով պահի անհրաժեշտությունիցՙ պարտավոր էին լավագույնս օգտագործել ազգային հերոսի բոլոր հնարավորությունները: Անդրադառնալով անգլիացիների տարածաշրջան մուտք գործելու հանգամանքին, հեղինակը միանգամայն ճիշտ, հավերժ արդիական եւ ուսանելի դիտողություն է անում. «Հայերը միայն պահանջում էին իրենց իրավունքները եւ չաշխատեցին սիրաշահել անգլիացիներին» (նույնը` էջ 169), ինչն անընդհատ անում էին մեր հարեւանները եւ շարունակաբար հայտնվում շահեկան վիճակում: Սակայն հեղինակի դիտարկմամբ դիվանագիտության ասպարեզում, որտեղ զգալի դերակատարություն ուներ քծնանքն ու խորամանկությունը, հայերն իրենց թերացումները լրացնում էին ինքնապաշտպանական փայլուն մարտերով ու շատ անգամներ անհավատալի թվացող հաղթանակներ տանելով: Հեղինակը նաեւ բծախնդիր մանրամասնությամբ եւ արխիվային վավերագրերի առատ վկայակոչումներով ներկայացնում է քննության առարկա տարածաշրջաններում ձեւավորված ՀՀ իշխանությունների վճռական ու հաճախ անելանելի իրավիճակներում հայտնվելու, սակայն անկոտրում կամքով իրենց ազատությունը պահպանելու ձգտումը: Առանձնապես հաջողված «Արցախյան Ազատամարտը 1920 թ.» ենթագլխում հեղինակը սրտացավորեն եւ խանդաղատանքով է ներկայացնում իշխանության ղեկավարից մինչեւ վերջին բնակիչ եղած միակամությունը եւ անկոտրում հավատը լուսավոր ապագայի նկատմամբ: Իսկապես էլ, 1920 թվականին հայերն ուժերի գերլարումով արդեն ապահովել էին իրենց ազատ ու հայրենիքի ծոցում ապրելու իրավունքը, սակայն այս անգամ էլ Լենին-քեմալյան հայակուլ դաշինքը եկավ խաթարելու պատմության բնականոն ընթացքը եւ արցախահայությանը հերթական անգամ մայր հայրենիքից զատված ապրելու եւս մի պատմական շրջափուլ պարտադրեց: |