ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ Ապրիլի 6-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Ռամկավար Ազատական կուսակցութան Եղեգնաձորի տարածքային գրասենյակը եւ արհեստագործական կենտրոնը: Գրասենյակի եւ կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, Եղեգնաձորի ՌԱԿ ակումբի ատենապետ Արտաշ Այվազյանը, վարչության մի շարք անդամներ, ինչպես նաեւ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի ճարտարապետ Արմեն Աղաջանյանը, քաղաքի նկարչական դպրոցի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, կուսակցության համակիրները, քաղաքի բնակիչները եւ մեծ թվով երիտասարդներ ու պատանիներ: Ներկաներին ողջունեց ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, որ հաջողություն մաղթեց գրասենյակի գործունեությանը եւ արհեստագործական կենտրոնի երիտասարդ սաներին: Ավետիքյանը նաեւ շեշտեց արհեստագործական կենտրոնի բացման կարեւորությունը Եղեգնաձոր քաղաքում, որի շուրջ կհամախմբվեն քաղաքի շնորհալի եւ տաղանդավոր երիտասարդները, որոնք անվճար հիմունքներով սովորելու են բրուտագործություն, ծղոտագործություն, իսկ հետագայում նաեւ փայտագործություն: ՌԱԿ ատենապետը ժողովրդական արհեստագործության այս կենտրոնի հիմնադրումը համարեց ոչ պատահական: Վայոց ձորի ողջ մարզը հանդիսանում է զբոսաշրջության տեսակետից Հայաստանի ամենաարագ զարգացող շրջաններից մեկը, որտեղ զուտ հայկական ժողարվեստը կարող է դառնալ եկամտաբեր: Հետեւաբար, ասաց նա, անհրաժեշտ է մեր նոր սերնդին սովորեցնել այդ արհեստները ոչ միայն դրանք պահպանելու, այլեւ կենսագործունեության տեսակետից: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ փոխմարզպետ Մ. Հարությունյանը, ով եւս կարեւորեց կենտրոնի բացման նշանակությունը տեղի երիտասարդության համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակել կառույցին: Արհեստագործական կենտրոնում կանցկացվեն բրուտագործության դասընթացներ, իսկ որոշ ժամանակ անց կենտրոնի սաները հնարավորություն կունենան մասնագիտանալու նաեւ փայտամշակման եւ ծղոտագործության մեջ: Հենց առաջին դասընթացի ժամանակ վարպետ բրուտ Վարդանի գլխավորությամբ կենտրոնի սաները բրուտագործության մասին նախնական գիտելիքներ ստացան եւ փորձեցին վարպետի օգնությամբ փոքրիկ իրեր պատրաստել: |