ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՐԱՏԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Խորհրդային կայսրության փլուզումից ի վեր սառը պատերազմի հռետորաբանության տոնայնությունը երբեք այսքան ուժգին չէր հնչել, որքան այսօր, երբ ընդամենը մի կայծ էր պետք, որ հրդեհը բռնկվի: Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր Յուլիայի թունավորումն անհրաժեշտ այն կայծը հանդիսացավ, որ առաջացներ դիվանագիտական ճգնաժամ: Լարվածությունն արդեն գոյություն ուներ, եւ եթե թունավորումը տեղի չունենար, անպայման ուրիշ մի պատրվակ կգտնվեր, որ ճգնաժամը սանձազերծվեր: Մինչ Ռուսաստանը դեռեւս սպասում է, որ շոշափելի ապացույցներ հայթայթվեն հիմնավորելու համար բրիտանական մեղադրանքները, նրա ձայնը լսելի չի դառնում փոխադարձ սուր քննադատությունների աղմուկի հետեւանքում: Արդեն որոշ ժամանակ է, ինչ Մ. Նահանգներն ու Եվրոպան Մոսկվային են մեղադրում իրենց երկրներում ընտրական գործընթացներին խառնվելու համար, կարծես այդ պրակտիկան փոխադարձ չլիներ: Եվրոպան եւ Մ. Նահանգները երբեք չեն հանդուրժելու, որ Ռուսաստանը դարձյալ ոտքի կանգնի եւ վերահաստատվի գերտերության իր կարգավիճակը: Իսկ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարության ներքո, առաջ է գնում այդ ուղղությամբ: Պատժամիջոցների աստիճանական սաստկացումը բավարար չեղավ դանդաղեցնելու համար Ռուսաստանի առաջխաղացումը: Այդ պատճառով էլ ավելի սուր, դրամատիկական գործողության կարիքն զգացվեց: Մեծ Բրիտանիան արտաքսեց ռուս դիվանագետներին: Նրա օրինակին հետեւեցին Արեւմուտքի մոտ 20 երկրներ, իսկ Մ. Նահանգները գերազանցեց բոլորինՙ արտաքսելով 60 դիվանագետների: Ի դեպ, որոշ տարաձայնություն է նկատվում Սպիտակ տան եւ պետքարտուղարության գործողությունների միջեւ: Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է նախագահ Պուտինինՙ վերընտրվելու առթիվՙ հակադրվելով իր խորհրդատուների կամքին, կոչ է անում հանդիպել նրան մոտ ապագայում եւ «հիմնավոր քննարկումներ» անցկացնել, պետքարտուղարությունը 60 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից եւ փակում է Սիետլի հյուպատոսարանը: Ինչքան շատ են փոխվում իրավիճակները, այնքան շատ նման են դառնում դրանք: Նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք Իրաքը քայքայվեցՙ փոխնախագահ Դիք Չեյնիի կարգադրության հետեւանքով, նախագահ Օբամայի իշխանության ժամանակ Լիբիան նվաճվեցՙ Հիլարի Քլինթոնի ղեկավարության ներքո: Այսօր, նախագահ Թրամփը ուղիներ է որոնում բարելավելու համար հարաբերությունները, սակայն պատերազմի հրձիգների մի նոր խմբավորում է ուրվագծվում, որ պատրաստ է միանալու Մոսկվային հարվածելու միջազգային արշավին: Մայք Պոմպեոյի եւ Ջոն Բոլտոնի միացությունը ամենադյուրավառ քաղաքական զույգն է դարձել, որ չի խրտնում համաշխարհային երրորդ պատերազմի հնարավոր բռնկումից: Իրաքից, Լիբիայից եւ Սիրիայից հետո, հաջորդ թիրախը Իրանն է, որը նշանակում է, թե պատերազմը գնալով ավելի է մոտենում Հայաստանի սահմաններին: «Արաբական գարունը» սանձազերծողները նախապես քաջատեղյակ էին, թե ինչ հետեւանքներ կունենան իրենց գործողությունները: Այդ հետեւանքները բացարձակապես ոչ մի կապ չունեին տվյալ երկրները ժողովրդավարական դարձնելու հետ: Նպատակը այդ երկրները ավերակ դարձնելն էր: Այսօր Իրանն է նրանց դիտակետում: Արեւելք-Արեւմուտք ներկա առճակատման պայմաններում Թուրքիան ստանձնել է չափազանց կրիտիկական դերակատարությունՙ իրար դեմ հանելով երկու ճամբարները: Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, Թուրքիան խախտել է այդ կառույցի բոլոր օրենքները, բայց դեռեւս համարվում է «վստահելի դաշնակից»: Գաղափարների շտեմարանների (think tanks) եւ լրատվամիջոցների աշխատակիցներ որոշ ժամանակ կոչեր հնչեցրին, որ անհրաժեշտ է վերջ տալ Թուրքիային դաշնակից համարելու սովորությանը, բայց Ռուսաստանին մոտենալու Թուրքիայի ձեռնարկած քայլերին զուգահեռ այդ կոչերը լռեցին եւ նույնիսկ կարծիքներ հայտնվեցին, որ ինչ էլ լինի Թուրքիան պետք է մնա ԱՄՆ-ի դաշնակիցը: Ավելին, Վաշինգտոնն իր բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին հասկացրեց, երբ հանեց դատական մեղադրանքներն ընդդեմ Էրդողանի թիկնապահների, որոնք ամերիկացի քաղաքացիներին էին ծեծել 2017-ի մայիսին: Դրանք մինչեւ վերջերս օգտագործվում էին որպես քաղաքական գործարքների «հաղթաթուղթ»: Պատմականորեն, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը թշնամիներ են եղել, որոնք իրար դեմ պատերազմել են տիրանալու համար որոշակի տարածքների: Բայց ներկայիս նրանք ընդհանուր լեզու են գտել Սիրիայում, եւ այն փորձում են նաեւ կիրառել այլ ոլորտներում: Մինչ սառը պատերազմի քամիները փչում են համաշխարհային մասշտաբներով, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան հանդիպում են իրար հետ ոչ թե միայն կարգավորելու յոթնամյա հակամարտությունը Սիրիայում, այլեւ վերաձեւավորելու ամբողջ տարածաշրջանը: Քաղաքական այդ մերձեցմանն առընթեր ռազմական մեկ այլ դաշնություն է ձեւավորվում հանձինս Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի, որոնց պաշտպանության նախարարները արդեն հանդիպել են միմյանցՙ համակարգելու համար իրենց ռազմական ծրագրերը: Վրաստանի նախկին օրինազանց նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տարիներ առաջ, իր իշխանության օրոք, ասել էր, որ Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է: Չնայած հետագայում երկրում կատարված իշխանության փոփոխությանը, տպավորությունն այն է, որ այդ հակահայկական քաղաքականությունը դեռ ուժի մեջ է: Եթե այդ երկրները առեւտրի եւ մշակութային փոխանակության համաձայնագրեր ստորագրած լինեին, կարելի կլիներ նորմալ համագործակցություն համարել կատարվածը, բայց ռազմական պայմանագիր կնքել Հայաստանի ոխերիմ թշնամիների հետՙ առնվազն տագնապալի է: Ռուսաստանի նախագահը Անկարայում էր վերջերս եռակողմ հանդիպման համար: Նախքան գագաթաժողովը Պուտինը մասնակցեց ռուսական կապիտալով եւ տեխնոլոգիայով Աքքույու բնակավայրում կառուցվելիք ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը: Այն նախատեսվում է ավարտել 2023-ինՙ ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադրման տարեդարձին: Օրակարգում էին նաեւ այլ ծրագրեր, օրինակ, «Թյուրքստրիմ» գազամուղի շինարարության համաձայնությունը, որը նախատեսում է ռուսական գազը հասցնել Թուրքիա եւ այնտեղիցՙ Եվրոպա: Էրդողանը անխոհեմ շտապողականությամբ է վերաբերվում պատմական պայմանագրերի (ինչպես օրինակ 1923 թվի Լոզանի պայմանագրի) վերանայմանը: Նա կարող է համոզել Պուտինին վերջնական տեսք տալ Հայաստան-Թուրքիա ներկա սահմանը որոշող 1921 թվի Կարսի հարյուրամյա պայմանագրին: Նախագահ Պուտինից հետո Թուրքիա ժամանեց նաեւ Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին: Եռակողմ գագաթաժողվի գլխավոր նպատակն էր կարգավորել սիրիական հակամարտությունը հիմնվելով 2016-ին Աստանայում ձեռք բերված սկզբունքների վրա: Բայց սիրիական ճգնաժամը չափազանց բարդ է, որպեսզի կարելի լինի կարգավորել մեկ գագաթաժողվի շրջանակներում: Այնտեղ չափից ավելի շատ ուժեր են ներգրավված: Իսլամական պետության (ISIS) ջախջախումից հետո, կողմերը հավատացած էին, որ ընդհանուր թշնամին ոչնչացված է: Բայց այդ գիտակցությունը երեւան հանեց մասնակից երկրների շահերի բախումը, որը նոր խնդիրներ առաջացրեց: Մոսկվայի նպատակը եղել եւ մնում է իշխանության ղեկին պահել Բաշար Էլ-Ասադին, մինչդեռ Թուրքիան, Արեւմուտքը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների (Սաուդյան Արաբիայի, Իսրայելի) նպատակն է տապալել Ասադի վարչակազմը: Մ. Նահանգները զինեց եւ օգտագործեց քրդերին Սիրիայում, իսկ հետո լքեց նրանց Թուրքիայի քմահաճույքին, որպեսզի դուրս մղի նրանց Աֆրինից: Չնայած Թուրքիան պնդում է, որ տարածքային ակնկալիքներ չունի Սիրիայից, բայց Կիպրոսի նախադեպը հաշվի առնելով, կարելի է ասել, որ Անկարան դեռ երկար կմնա Միրիական տարածաշրջանումՙ պատճառաբանելով քրդական սպառնալիքը իր սահմաններում: Գաղտնի համաձայնություն կար Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Մինչ ռուսական եւ սիրիական կառավարական զորքերը հակահարված էին տալիս արեւելյան Ղութայի ապստամբներին, Թուրքիան անարգել կոտորում էր քրդերին Աֆրինում: Ռուսաստանը վերահսկում է Սիրիայի օդային պաշտպանությունը եւ առանց Մոսկվայից «կանաչ լույսի» ազդանշանի, Էրդողանը չէր համարձակվի Սիրիայում հաշիվները մաքրել քրդերի հետ: Ինչ վերաբերում է Իրանին, նրա ռազմական ներկայությունը Սիրիայում եւ Հզբոլլայի միջոցով երկարաձգումը այդ ազդեցությանՙ մինչեւ Իսրայելի սահմանները, անհանդուրժելի գործոններ են վերջինի համար: Ամեն անգամ, որ խաղաղություն հաստատելու հնարավորություն է եղել Սիրիայում, Իսրայելը վիժեցրել է գործընթացը, որովհետեւ խաղաղության հաստատումը նշանակում է Իրանի ռազմական ներկայության ընդլայնում հարեւան Սիրիայում: Էրդողանի հակա-իսրայելական հռետորաբանությունը Գազայի շրջանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց կռվի առթիվ, վրդովեցրել էր վարչապետ Նաթանյահուին, որ դարձյալ օգտագործի հայկական Ցեղասպանության խաղաքարտը:" Ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանն, ի պատասխան Էրդողանի, կառավարությանն էր դիմել պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդուհանդերձ, Սիրիայում խաղաղություն հաստատելու գործընթացը կարծես մոտալուտ է: Խնդիրը կարգավորելու համար գլուխ-գլխի հավաքված կողմերը նաեւ համագործակցում են փոխադարձ շահեր ներկայացնող այլ ոլորտներում ի հեճուկս ԱՄՆ-ի, Իսրայելի եւ այլ քաղաքական ուժերի շահերի, որոնք, անշուշտ, ձեռքները ծալած չեն նստելու եւ դիտելու, թե ինչպես է մոխիրներից հառնում դարձյալ Սիրիան, եւ նրանից օգտվում են Իրանն ու Թուրքիան: Կարծես թե ուրվագծվում է հարատեւ պատերազմի բաղադրատոմսը: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |