RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3211, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ն ԵՎ ԻՍՐԱՅԵԼ-ԻՐԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Պ.Ք.

Ստոլտենբերգ. «Պատերազմի դեպքում չենք օգնի Իսրայելին»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը Իսրայելին չի օգնի Իրանի հետ նրա զինված հակամարտության դեպքում: Ըստ էության, նա կրկնել է այն, ինչ ասել էր գարնանը Վարշավայումՙ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Ստոլտենբերգի խոսքերը որոշակի հետեւությունների տեղիք են տալիս:

ՆԱՏՕ-ում ոչ պաշտոնապես քննարկվում է Իսրայելի եւ Իրանի հնարավոր պատերազմի հարցը: Սակայն, ինչպես նշել է Ստոլտենբերգը, Իրանի միջուկային բազմակողմ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ակնհայտ դարձան տվյալ հարցում դաշինքի մյուս մասնակիցների տարաձայնությունները: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն հրաժարվել էր օգնել դաշինքի անդամ Թուրքիային, երբ վերջինս հայտնվել էր Սիրիայի պատերազմի հորձանուտում: Եվ դա դաշինքի ներսում հանգեցրել է լուրջ բարդությունների:

Ինչպես նշում է ամերիկյան National Review հրատարակությունը, ԱՄՆ-ի համար խնդիրն այն չէ, որ Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, այլ այն, որ կմնա այնտեղ: ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնության հիման վրա, եւ Անկարան կարող էր յուրատեսակ տրոյական ձի դառնալՙ դժվարացնելով որոշումների ընդունումը եւ նվազեցնելով դաշինքի արդյունավետությունը: Նույն իրանական ուղղությամբ Թուրքիան չի պաշտպանի Թեհրանի նկատմամբ ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական լուծումըՙ թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան Սիրիայի հարցում դաշնակցային հարաբերություններ ունի Իրանի եւ Ռուսաստանի հետ:

Բացի դրանից, քարտեզին նայելիս երեւում է, որ Իսրայելի եւ Իրանի պատերազմը կտրուկ կկփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ անխուսափելիորեն կառնչվի Թուրքիային: Ի դեպ, թե՛ Անկարան եւ թե՛ Թեհրանը վերջերս միասնաբար դատապարտեցին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշումը:

Անհաջողությամբ ավարտվեց Վաշինգտոն-Լոնդոն-Երուսաղեմ հակաիրանական առանցք ձեւավորելու վարչապետ Նաթանյահուի փորձը: Մեծ Բրիտանիան դեմ է Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի գործողության դադարեցմանը: Ինչ վերաբերում է ամերիկացի օրենսդիրներին, նրանք նախագահ Թրամփին արգելել են Իրանի դեմ որեւիցե ռազմական գործողություն ձեռնարկել առանց Կոնգրեսի թույլտվության:

Նման իրադրության պայմաններում Ստոլտենբերգը հրապարակեց մի ակնհայտ ճշմարտություն. Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, այլ ընդամենը գոծընկեր, իսկ Բրյուսելը չի կարող նրա համար երաշխավորել լիակատար անվտանգություն: Բացի դրանից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, դաշինքը Մերձավոր Արեւելքում չի մասնակցում ո՛չ հաշտության գործընթացներին, ո՛չ էլ ռազմական հակամարտություններին:

Ճիշտ է, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ եւ Սաուդյան Արաբիայի հովանու ներքո Իսրայելի անուղղակի աջակցությամբ հայտարարություններ են արվում նոր «իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի» ստեղծման մասին, որն ուղղված է Թեհրանի դեմ եւ կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Իսրայելի համար դա ուրիշ ուղղություն է: Ինչպես մի անգամ ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, խոսքը ռազմավարական շահերի յուրատեսակ կոալիցիայի ձեւավորման մասին է, որոնք միավորում են Իսրայելը եւ չափավորական սուննի արաբական պետությունները:

Նրա խոսքերով, դա ոչ թե դաշինք է, այլ իրադրության որոշակի նույնակերպ ընկալում եւ վտանգի ընդհանուր գիտակցում, ինչը լավ հիմք է դառնում համագործակցության համար: Ինչպես նշում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , համագործակցությունը հնարավոր է, բայց Իրանի եւ հակաիրանական կոալիցիայի պատերազմը քիչ հավանական է, թեեւ Թեհրանի եւ Էր-Ռիադի դիմակայությունը երբեմն սպառնալի բնույթ է ստանում:

Նմանապես, քիչ հավանական է Իրանի եւ Իսրայելի անմիջական պատերազմը: Այլ բան է, եթե նկատի ունենանք Սիրիայի տարածքում այդ երկու պետությունների դիմակայությունը: Վերջինս գոյություն ունի, քանի որ Իսրայելը փորձում է թույլ չտալ իրանցիների դիրքերի ուժեղացում սեփական տարածքի մոտակայքում: Սակայն ընդհանուր առմամբ տարածաշրջանում ձեւավորվում է հետաքրքրական իրավիճակ:

ԱՄՆ-ը, որպես ուժի արտաքին կենտրոններից մեկը, կորցնում է իր մանեւրունակությունը: Ռուսաստանը, ընդհակառակը, ամրապնդում է իր դիրքերըՙ Թուրքիայի եւ Իրանի տարածաշրջանային առաջատար ուժեր դառնալու փորձերի պայմաններում: Սակայն այստեղ ՆԱՏՕ-ի երկրների նշույլն անգամ չի զգացվում, բացի Թուրքիայից, որն արեւմուտքցի գործընկերների հանդեպ իրեն պահում է ազատ էլեկտրոնի նման:

Ներկայումս տեղի է ունենում իրադրության վերաձեւում, երբ առավել ակնհայտ է դառնում Մոսկվայի զսպիչ դերը տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացմանը խոչընդոտելու գործում: Ռուսաստանը հնարավորություն է ստանում տարածաշրջանում խաղարկելու ամենատարբեր խաղաքարտեր, ինչպես Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու մեջ, այնպես էլ Իրանի միջուկային բազմակողմ համաձայնագիրն ստորագրած ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների նկատմամբ:

Այսպիսով, իրականություն է դառնում Թել-Ավիվի համալսարանի պրոռեկտոր Էյալլա Զիսսերի այն կանխատեսումը, թե Իսրայելը նոր դաշինքների ձեւավորման դեպքում ստիպված կլինի հավասարակշռություն որոնել ԱՄՆ-ի հետ ավանդական դաշինքի եւ մյուս գործընկերների հետ հարաբերությունների միջեւ, արգասավոր երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, երբ հարկ լինի որոշակի ժամանակ անցկացնել Մոսկվայում, այլ ոչ թե միայն Վաշինգտոնում:

Իսկ ՆԱՏՕ-ն Ստոլտենբերգի շուրթերով ակնարկում է, որ ինքը մտադիր չէ կրակից շագանակներ հանել Իսրայելի համար եւ նախընտրում է մի կողմ քաշվել: Թեեւ Իսրայելի եւ Ռուսաստանի հետագա մերձեցման համար դեռեւս պահպանվում են որոշ սահմանափակումներ: Ամեն ինչ քիչ թե շատ պարզ կդառնա, երբ տեղի ունենա տարածաշրջանային պայմանական հավասարակշռության վերաբաշխում, եւ ամեն ինչ տանում է դրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ