ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՀԱՅ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ Հ.Ծ. Ժամանակակից առողջապահական պահանջներին չհամապատասխանելու պատճառով Ֆլաշինգի (Քուինզ, Նյու Յորք) 45-րդ պողոտայում գտնվող 70-ամյա երեք հարկանի շենքը, որը «Նյու Յորքի Հայ Տուն» անունով ծառայում էր որպես ծերանոց, փակվել է, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Այստեղ էին իրենց կյանքի աշունը անցկացնում հայ պապիկներն ու տատիկները, շրջապատված հոգատար անձնակազմով, որ փորձում էր հնարավորինս մեղմել առաջացած տարիքի դժվարությունները», բացատրում է նյույորքցի լուսանկարիչ Ջերրի Պզտիկյանը , որը քանոնի իր շաբաթական նվագակցություններով հաճելի պահեր էր պարգեւում «Հայ Տանը» պատսպարվածներին: Շենքի ձեռքբերման նախաձեռնությունը 20-րդ դարի 30-ական թվականներին պատկանել է Սիրանուշ Սանոսյանին , որը «Վաշինգտոն Հայցի» (Washington Heights) հետ կարողացել է 1948-ին Քուինզում բացել «Հայ Տունը», որ 2 տարբեր տեղանքներում գործելուց հետո 1954-ին վերջնականապես հաստատվել է Ֆլաշինգում: Փակվելը, սակայն, չի նշանակում գործունեության դադարեցում: Գործադիր մարմինը որոշել է միաձուլվել Էմերսոնում (Նյու Ջերսի) գործող հայկական վերականգնողական կենտրոնի (ANRC) հետ, որը նույնպես կարիքն ունի բարելավելու իր ծառայությունները: Համագործակցության արդյունքում ծրագրվում է արդիական սարքավորումներով եւ հարմարություններով հագեցած մի նոր կենտրոն կառուցել առաջիկա 18 ամիսների ընթացքում: Համայնքում դժգոհության ալիք է բարձրացել Նյու Ջերսի տեղափոխվելու կապակցությամբ, բայց «Հայ Տան» գործադիր մարմինը վստահեցրել է, որ ձեռք առնված միջոցները լավագույն տարբերակն են ներկա ժամանակներին համապատասխան հոգատարություն ցուցաբերելու միայնակ մեծահասակներին: |