ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1914-1920)» ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԸ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանից օրերս վերոհիշյալ խորագրով լույս է տեսել փաստաթղթերի եւ արխիվային այլ նյութերի ժողովածու 2 հատորով: Առաջին հատորն (672 էջ) ընդգրկում է 1914-1917 թվականները, իսկ երկրորդը (647 էջ)ՙ 1917-1920 թվականները: Մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված երկհատորյակը լույս է տեսել Մայր աթոռի Հրատարակչական խորհրդի եւ ՀՀ Ազգային արխիվի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Կազմողն է պ.գ.թ. Գոհար Ավագյանը, խմբագիրըՙ պ.գ.դ. Ամատունի Վիրաբյանը: Երկհատորյակը տպագրվել է մեկենասությամբ Տ. Փառեն արք. Ավետիքյանի: Հատորներում սպառիչ կերպով ներկայացվել են Մայր աթոռի արխիվի եւ ՀՀ Ազգային արխիվի համապատասխան նյութերը: Երկահատորյակը բացվում է Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսիՙ Հայաստանի առաջին հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով հրապարակված կոնդակով, որին հաջորդում է Գոհար Ավագյանի «Երկու խոսքը», ապաՙ Մայր աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի նախաբանը: Երկհատորյակը հասցեագրված է պատմաբաններին, աստվածաբաններին եւ ընդհանրապես հայագիտությամբ հետաքրքրվողներին: |