RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



ՍՊԱՍԵԼՈՎ ՄԵՍԻԱՅԻՆ...

Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 5284, Տպվել է` 629, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայաստանում (*) քաղաքական ալեկոծումներն ափեափ են խփվում, Արցախում ուշիուշով հետեւում են այդ ալեկոծումներին ու աչքները գցում արցախադրբեջանական սահմանին: Այնտեղ կուտակումները սովորական երեւույթ են դարձել, բայց եւ մտահոգիչ են: Հայաստանյան հեղափոխության ազդակներն Արցախ էլ հասան, բայց ինչպես արցախցիներն են մեկնաբանումՙ խելքը գլխին առաջնորդ չկար, որ դժգոհության ալիքը ճիշտ ճանապարհով ուղղորդեր ու հաջողության հասներ: Բայց հայաստանյան իշխանափոխությունն Արցախի իշխանություններին զգաստացրել է: «Առաջ որ մի տեղեկանք էր պետք լինում, շոկոլադ-սուրճով էինք վերցնում, մարդ էինք մեջ գցում, հիմա առանց դրա էլ են փաստաթուղթ տալիս: Վերեւից էին նայում հասարակ մարդկանց, հիմա աթոռ են առաջարկում, երեսիդ նայում են, նոր խոսում: Դա էլ է մեծ բան: Նշանակում էՙ վախենում են. եթե դժգոհելու առիթ տան, ժողովուրդն էլ չի լռի, Հայաստանի օրինակը հընե հա՜ երկնքից կախված թրի պես ճոճվում է Արցախի գլխին»,-ասում է տաքսիստ Սերգեյը:

Այն էլ ասենք, որ Արցախում հասարակ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի անունն այնպիսի ակնածանքով է տալիս, կարծես փրկչի կամ հերոսի մասին խոսելիս լինի: ԱԱԾ-ի գործողություններին, Նիկոլ Փաշինյանի լայվ-երին, ԱԺ-ի ու կառավարության նիստերին Արցախում հետեւում են այնքան ջանասիրաբար, որ ֆեյսբուքյան հրապարակումներն ու Նիկոլի խոսքերը ծայրից ծայր անգիր արածՙ սկսում են թեժ քննարկել ու բանավիճել: Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զինվորի բաժին թալանի բացահայտումներն արցախցիներին զայրացրել էին, բայց չէին զարմացրել: Համացանցը լցված է ու շարունակում է լցվել գեներալի զանցանքների ու անօրինականությունների մասին պատմություններով, նրա ունեցվածքի նկարագրություններով. այդ հրապարակումների սկզբնաղբյուրները մեծ մասամբ հայաստանյան են: Եթե Մանվել Գրիգորյանի մասին սկսեն պատմել արցախցիները, սատանան կլռի: Կսահմռկեք, չեք հավատա, որ այդ արարքները մարդածին են, որ մարդկային միտքն ու հոգին ընդունակ են նման ոճիրների: Սկզբում կարծում էիՙ զինվորի բաժին գողոնի բացահայտումների ազդեցության տակ պատմությունների գույները խտացվում են: Երանի՜ այդպես լիներ, երանի՜ ականատեսներն այդ պատմությունների գոնե մի մասը հորինած լինեին: Ի՞նչ կարելի է զգալ, երբ նույն ահազարհուր դեպքը պատմում են տարբեր մարդիկՙ նույն ձեւով, նույն պատկերներով, նույն նկարագրություններով, գործողությունների նույն ընթացքով ու նույն սարսափազդու վերջաբանով: Տանջանք, նվաստացումներ, ֆիզիկական ու հոգեկան կտտանքներ, բռնություն, կալանք, թալան սեփական ժողովրդի, հայրենակիցների, ազատամարտիկների, բժիշկ-բուժքույրերի, գյուղացիների, քաղաքաբնակների, ծերերի, երիտասարդների, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդգնել են նրա դուրը չգալ կամ ուղղակի նրա աչքին երեւալ: Մանվելյան բացահայտումների տեսնայութը հայ ազգին ստիպեց այդ գիշեր աչք չփակել: Պատմությունները, որ լսեցի արցախցիներից, ստիպեցին ինձ այլեւս աչք չփակել: Ներսումս հոգեկան նույն ճնշումն ու սպանդն էրՙ ինչ ապրիլյան պատերազմի ժամանակ: Թուրք ենիչերիների, մոնղոլ-թաթարների աներեւակայելի կտտանքների մասին լսել ենք, բայց պատրա՞ստ ենք լսել նրանց ոչնչով չզիջող գեներալի ու նրա մարդկանց մասին գեհենական պատմությունները: Արցախում այդ պատմությունները 25 տարվա թարմություն ունեն. չեն մոռացվել ոչ ոճրագործների, ոչ էլ զոհերի անունները: Չեն մոռացվել մարդու մսով սնվող միաչքանի շունն ու խոզերը, չեն մոռացվել վավաշոտ ցանկությունների զոհ դարձած դեռատի աղջիկների անունները, չի մոռացվել թալանով բեռնված բեռնատարների շարասյունըՙ դեպի Հայաստան: Զարմանալին այն չէ, որ այսքան բան շատերը գիտեն, զարմանալին այն է, թե այսքան բան իմանալովՙ ինչպե՞ս են 25 տարի ապրել, ինչպե՞ս են իրենց իմացած ու ճանաչած հակահերոսի մասին հերոսական պատմություններ լսել ու լուռ լռել:

Արցախն այս անգամ ուղղակի հայկական երկրորդ հանրապետություն չէր, արցախյան պատերազմի հետադարձ հայացքն այս անգամ մութ, կեղտոտ պատմությունների, կոծկված դեպքերի շղթա էր: Արցախն այս անգամ հերոսամարտի ոգեղեն, սիրուն շարադրանք չէր, որից մարդու սիրտն ուռչում է, հպարտությունից ճաք տալիս: Այդ չար, կաթվածի հասցնող պատմությունների ու դեմքերի կողքին կան բյուրեղյա անուններՙ Մոնթե, Ազգալդյան, Բեկոր Աշոտ, Նորիկ Դանիելյան... նրանք չկան ու չէին կարող լինել: Նրանք իրենց տեսակով, բնույթով, որակով էին ամրագրել իրենց ֆիզիկական չլինելությունը եւ ամրագրել իրենց ոգեղեն լինելությունը: Նրանց ոգեղեն լինելությունն է արցախցիներին ստիպել հակահերոսների մասին պատմություններն արհամարհել, անցյալի աղբանոցը գցել եւ ապրել աղբից ու աղբածիններից ազատագրված:

Արցախի հասարակությունը հայացքը Հայաստանին հառած է ապրում: Ի՞նչ տրամադրություններ են այստեղ, ի՞նչ անցուդարձ է. Արցախում որսում են Հայաստանի օդում կախված բոլոր շշուկները: Արցախը Հայաստանի հույսի վրա շատ է հենվում: Մինչեւ իշխանափոխությունը Արցախն անհանգիստ մտքեր հաճախ էր ունենումՙ հո Հայաստանում թեկուզ թաքուն, ոչ բարձրաձայն չե՞ն մտածում հողեր վերադարձնելու մասին: Հիմաՙ իշխանափոխությունից հետո, արցախցիները Հայաստանի մասին նման բաներ չեն մտածում, բայց անհանգիստ են. Հայաստանում իրավիճակ է փոխվել ու հայտնի չեն դրանից բխող թշնամու մտադրությունները: Բայց հիմա առավել քան երբեւէ արցախցիները համոզված ենՙ ինչ էլ լինի, իրենք մենակ չեն, Հայաստանի ձեռքը միշտ իրենց է մեկնված:

Մեկ-երկու տարի առաջ Արցախում շատ էին խոսում հասարակական, մշակութային կյանքի միապաղաղությունից: Թատրոն, կինո, համերգներ չկան. առօրյան ձանձրալի ու միօրինակ է: Իսկ այս օրերին արցախցիներին համակել են սպասումներ, որ ինչ-որ փոփոխություններ են լինելու. ինչպե՞ս, ինչպիսի՞, ե՞րբ. ոչ մի կոնկրետ պատասխան, բայց նրանք օդի մեջ են զգում այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու նախադրյալները: Ստեփանակերտում նույն ամառն է, ինչ 2017-ին, 2016-ին, տաքսիստներն ուղեւոր են փնտրում, վերավաճառողները միրգ-բանջարաղենը շարունակում են Արարատյան դաշտից բերել, որովհետեւ Արցախի բերքատու հողերը շարունակում են չմշակվել, Գորիս-Մեղրիի հետ ապրանքաշրջանառության ակտիվացում այդպես էլ չի արձանագրվում: Տղամարդկանց մի մասն աշխատում է Արցախի ՊԲ-ում կամ ոստիկանությունում, մյուս մասը Հայաստան, Ռուսաստան է գնումՙ արտագնա աշխատանքի, սպասարկման ոլորտում աշխատատեղերը քիչ են, ստեփանակերտցիներն ամառվա սեզոնին իրենց տներն օրավարձով տալիս են եկվորներին: Տեսնելու, շրջելու, ճանաչելու քիչ բան կա Ստեփանակերտում. մեկ օրն էլ բավական է: Բայց Արցախը տեսնելու, ճանաչելու համար պետք է դուրս գալ Ստեփանակերտից: Ընդամենը մի քանի կիլոմետր վերեւՙ բոլորովին ուրիշ աշխարհ է, անգամ ուրիշ կլիմա եւ ուրիշ մարդիկ:

Շուշի: Ամառը Շուշիում կարճ է ու զով, ձմեռըՙ երկար ու խիստ: Ուրիշ է Շուշիի ճարտարապետությունը, ուրիշ է Շուշիի հմայքը: Ադրբեջանցիների քանդված տների ավերակները, պարսկական մզկիթները համակեցության լուռ պայմանավորվածության օրենքով ապրում են հայկական նոր շենքերի ու տների, ավերված ու վերակառուցված շինությունների կողքին: Հայկական ներկայի կողքինՙ մահմեդական անցյալ: Խաղահրապարակներով, դպրոց-մանկապարտեզով, այգիներով, Շուշիի բառուբանով հագեցած քաղաքում այսուայնտեղ եղինջի, մոլախոտի, խիտ թփերի ծածկույթով ոճավորված ավերակներին տեղացիները վաղուց ուշադրություն չեն էլ դարձնում: Սակայն եկվորների, հատկապես զբոսաշրջիկների համար փլուզված անցյալի ու ապրող ներկայի համադրությունը աննկարագրելի հակադրություն է ստեղծում: Շուշին չի կարող ձերբազատվել իր անցյալից ու չպետք է ձերբազատվի: Այդ անցյալը Շուշիի պատմությունն է, որից փախչել չարժե. այդ անցյալն ամրագրում է մեր հաղթանակն ու վերահաստատում քաղաքի իսկական տերերի իրավունքները:

Սովետական տարիներին ամռանը Շուշին 10-15 հազար զբոսաշրջիկ է ունեցել: Ունեցել է հացի գործարան, երաժշտական գործիքների ֆաբրիկա, հանգստյան տներ. եռուն, աշխույժ քաղաք է եղել: Շուշեցիները պատմում են, որ օրվա վերջում խանութներում հաց չէր ճարվում, տեղացիները բողոքում էինՙ տուրիստները մեզ սոված են թողնում: Հիմա Շուշին ամեն ինչ դրսից է բերում-վաճառում, անգամ հացը: Դրսից ասելովՙ Ստեփանակերտից: Տեղական ոչինչ չի արտադրում: Քաղաքում փակ դռներ շատ կան, շենքերում միանգամից մի քանի հարկի լույս չի վառվում: Շուշեցիներն ապրուստի հետեւից ուրիշ տեղեր են գնում-ապրում: Մի քիչ ջանք, մի քիչ սեր, ունեցածը գնահատելու, արժեւորելու մի փոքր ցանկություն, եւ Շուշիում կյանքը կեռա-կթափվի: Այդքան գողտրիկ ու հեքիաթային, այդքան մեծ էներգետիկա ու հմայք ունեցող քաղաք անգամ անդերսենյան հեքիաթներում չկան: Օտարազգիները կերազեն փախչել աշխարհի աղմուկից եւ ծվարել լեռների մեջ հյուսված անձեռակերտ դրախտում: Բայց Շուշիի արժեքը գնահատելու համար նախ պետք է Շուշիի արժեքը հասկանալ, պետական քաղաքականություն դրսեւորել: Քանի հիշում եմ, ասեմ, որ Շուշիում էլ են Նիկոլի արեւով երդվում ու սպասում են նրան:

Աղդամ. այստեղ մարդկային կյանք չկա, որ Նիկոլի արեւով երդվեն կամ չերդվեն: Ծաղկած նռնենիների այգիների մեջ մխրճված ավերակները նույնն են, ինչ 25 տարի առաջ: Աղդամում անցյալը ներկայի հետ ընդելուզված չի ապրում, ինչպես Շուշիում: Աղդամում ժամանակն ու կյանքը կանգ են առել: Անջրդի, խոպան հողեր, որտեղ տարեկան երկու անգամ կարելի է բերք հավաքել. օձերի ու կարիճների Աղդամՙ զարդարված ծաղկած չքնաղ նռնենիներով ու թզենիներով: Արցախում ասում են, որ Աղդամի հողերը վաղուց մեջ-մեջ արած են. ովքե՞ր են տերերըՙ հասարակ մահկանացուներին հայտնի չէ: Բայց որ տեր ունեցող հողերում այսքան ժամանակ քար քարի վրա չի դրվել, մի ծեղ անգամ չի շարժվել, պարզ փաստ է: Աղդամում միակ շարժը Տիգրանակերտի պեղումներն են: Վերաբնակեցում, վերաբնակեցման քաղաքականություն, ժողովրդագրական պատկերը բարեփոխելու ռազմավարական ծրագիր. նման պետականամետ ու պետականաշեն գաղափարներ հանկարծ ու հանկարծ Արցախի վերաբերյալ չմտածեք: Դրանք երազանքի, ֆանտազիայի ժանրից են:

Արցախի ցավը հասկանալու համար ոչ մեկին խոսեցնել-լսել պետք չէ: Մի պտույտ, մի հայացք, ու արցախյան էսքիզներն ամեն ինչ կպատմեն ամեն ինչի մասին:

*) Հայաստան անունն այս հոդվածում պայմանական է գործածվում, Հայաստանի Հանրապետություն պաշտոնական անվան փոխարեն: Անշուշտ, Արցախը նույնպես Հայաստան է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ