ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Երեւանի 2800 ամյակին: Միջոցառման նպատակն էր կարեւորել հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի եւ քաղաքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը եւ գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանը եւ գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը : Նա համառոտ ներկայացրեց գիտատեխնիկական գրադարանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ պատասխանեց հարցերին: Ելույթ ունեցավ Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը : Նա եւ իր աշխատակիցները ներկայացրեցին «Երեւանի տարեգրությունը»: «Երեւանի նշանավոր ընտանիքները հայ երգարվեստում» գրքերը, ինչպես նաեւ գիտական հոդվածների չորս ժողովածու: Ա.Սարգսյանը հանգամանալի ձեւով ներկայացրեց կատարված աշխատանքները եւ այն ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկա ժամանակահատվածումՙ նվիրված Երեւան քաղաքին: Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը հանդես եկավ Ա.Թամանյանի 140-ամյակին նվիրված զեկուցումով: Նա ներկայացրեց նաեւ իր հեղինակած «Երեւանի մեմորիալ հուշարձանները» եւ «Հուշագրելու արվեստը Երեւանում» գրքերը: Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանի զեկուցումը նվիրված էր Երեւանի էներգետիկայի պատմական անցյալին եւ զարգացման հեռանկարներին: Նշվեց էներգետիկայի անցած դժվարին ուղին եւ տրվեց զարգացման հնարավոր տարբերակներՙ շենքերի եւ շինությունների հնարավոր ջեռուցում, էներգախնայողություն եւ այլ հարցեր: ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանի կողմից հանդիսավոր պայմաններում վերը նշված մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր: Միջոցառմանը զուգահեռ գործում էր նաեւ գիտատեխնիկական գրադարանում առկա Երեւանին վերաբերող գրականության ցուցահանդես: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու տրամադրվող ժամանակակից գրադարանային-տեղեկատվական ծառայություններին: |