ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՌԱԿ ԿՎ անդամ Հայությունը միշտ էլ եղել է փնտրտուքի մեջ` թե որն է ազգի միավորման հիմնական գաղափարը: Մինչեւ վերջերս այս «խնդիրը» կարծես թե լուծում էր Ցեղասպանության հարցը, սա մի հիմնախնդիր է, որն իր շուրջ է համախմբում ողջ հայությանը թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում: Նույնիսկ սփյուռքյան ավանդական կուսակցությունները եւ պառակտված եկեղեցական թեւերը այդ օրըՙ ապրիլի 24-ին միավորվում են հանուն հայության արդար դատի առաջմղման գաղափարի: ԽՍՀՄ-ի քայքայումը եւ անկախ Հայաստանի ի հայտ գալը սկսեցին փոխել այդ օրակարգը, ավելի շուտՙ օրակարգի այլ հարցեր առաջ մղել: Սփյուռքը շարունակում էր ապրել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գաղափարով այն դեպքում, երբ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը դարձավ անվտանգությունը: Արցախյան ազատագրական պայքարի շուրջ հրադադարի պայմանագրի կնքումը շատերը, թե՛ ՀՀ-ում եւ թե Սփյուռքում, սխալմամբ ընկալեցին որպես այս հարցի ավարտ եւ նորից լծվեցին բացառապես Ցեղասպանության ճանաչման հարցին, որպես պատմական ճշմարտության ճանաչման եւ դատապարտման կարեւորագույն հարցի: Սակայն բավականին ուշացումով եկավ այն գիտակցությունը, որ իրականում Ցեղասպանության հարցը անկախ Հայաստանի համար պատմական իրողություն չէ, այլՙ անվտանգության օրակարգային հարց, քանի որ ոչ ոք չի կարող ասել, որ այդ վտանգըՙ ցեղասպանությունը, հայության համար օրակարգից դուրս է եկել, այն դեպքում երբ հարեւան Ադրբեջանը չի էլ թաքցնում այն կրկնելու իր պատրաստակամությունը: 2016թ. ապրիլյան դեպքերը շատերի համար սթափության ազդանշան էինՙ ցեղասպանության վտանգը դեռ օրակարգում է ու այն իրական է ՀՀ-ում ու ԱՀ-ում ապրող հայության համար: Ու այս վտանգի կանխման ու անվտանգության հաստատման միակ միջոցը ու երաշխավորը հզոր հայկական բանակն էՙ սահման պահող հայ զինվորը: Հայկական բանակի ու հայ զինվորի նկատմամբ ձեւավորվել է վստահության ու նույնիսկ կարելի է ասել պաշտամունքային վերաբերմունք, քանի որ Հայաստանի բնակչության գոնե առողջ մեծամասնության համար պարզ է, որ առանց այդ գործոնի Հայաստանի գոյությունը տարածաշրջանում վտանգված է: Ցեղասպանության կրկնության բացառությունըՙ «այլեւս երբեք» սկզբունքը կարող է գործել միայն եթե հիմնվենք սեփական ուժերի վրա, շարունակաբար հզորացնելով ու զարգացնելով Հայկական բանակը: Տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը փոխել է ոչ միայն Հայաստանը, այլեւ Սփյուռքը եւ վերջինիս ընկալումները Մայր հայրենիքի հանդեպ: Հասկանալի է դառնում, որ ՀՀ-ի ու ԱՀ-ի քաղաքացիները իրենց ուժերովՙ ռազմական գործի շարունակական կատարելագործմամբ ու զինվորական ծառայությամբ միայն կարող են ապահովել հայության անվտանգությունը, խաղաղ ապրելու ու զարգանալու նրա իրավունքը, սակայն այն լիարժեք չէ առանց Սփյուռքի: Հայաստանի գոյության միակ երաշխավորը, նրա ապագայի կերտողը, զարգացման հիմքերը դնողները սահմանը պահող մեր զինվորներն են, որոնց կարելի է եւ անվանել հայության ամենախաղաղարար եւ հումանիզմով լեցուն անձինք, որոնք այսպիսով պահպանում են անվտանգությունը մեր երկրում եւ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Հարաբերական կոչվող այս խաղաղությունը մեզ ոչ ոք չի նվիրել, այն նվաճվել եւ պահպանվում է հայ զինվորիՙ հայկական բանակի շնորհիվ, ու սա է պատճառը, որ մենք այն անվանում ենք վստահելի, քանի որ կախված չենք ոչ մեկի ողորմածությունից ու բարի կամեցողությունից: Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության մեջ վստահության թիվ մեկ պետական ինստիտուտը շարունակաբար մնում է հայկական բանակը: Սահման պահող հայ զինվորի ու ընդհանրապես բանակի նկատմամբ ձեւավորված այս, կարելի է ասել, պաշտամունքն էր նաեւ պատճառը այն վերաբերմունքի, որ կար Մանվել Գրիգորյանի նկատմամբ, երբ ի հայտ եկան թալանի մասին բացահայտումները: Թե Հայաստանում եւ թե Սփյուռքում այն միանշանակ գնահատվեց որպես դավաճանություն ու նողկալի արարք, որը չի կարող ներում ունենալ: Պարզ է, որ անկախ նրանից, թե ով կգա իշխանության, բանակը շարունակաբար մնալու է այն պետական ինստիտուտը, որի նկատմամբ հատուկ վերաբերմունք է լինելու թե՛ Հայաստանում եւ թե Սփյուռքում: Իսկ բանակը մի մարմին է, որ շարունակական հոգածության եւ զարգացման կարիք ունի ու դա պետք է անեն ոչ միայն ՀՀ-ի ու ԱՀ-ի քաղաքացիները, այլ ողջ հայությունը: Կարծում եմ ժամանակն է, որ այս գործինՙ բանակի զարգացման, ակտիվ կերպով լծվի նաեւ Սփյուռքը ու այն չի կարող լինել միայն հեռվից աջակցության կոչեր ու կամ դրամահավաքներով օգնության առաքումներ: Սփյուռքյան երիտասարդությունը, որը թավշյա կոչվող հեղափոխության օրերին ակտիվ էր իրենց համայնքներում, պետք է պատասխանատվության իր մասով մասնակցի հայկական բանակի ձեւավորման եւ Հայաստանի անվտանգության պահպանման կարեւորագույն գործին: Այս առումով բավականին հետաքրքրական փորձ ունի Իսրայելը, որի բանակում ծառայում են մեծ թվով հրեաներ, որոնք հանդիսանում են այլ պետությունների քաղաքացիներ: Կարծում եմ ժամանակն է, որ այս թեմայի շուրջ քննարկումներըՙ հայկական բանակում սփյուռքյան երիտասարդների ծառայության, դառնա օրակարգային եւ քննվի թե Սփյուռքում եւ թե Հայաստանում: Հայկական բանակում սփյուռքահայերի ծառայության կազմակերպումը պետք է կատարվի գրագետ եւ դրա շուրջ քարոզչական ու համապատասխան աշխատանք կազմակերպվի թե պետական եւ թե մասնավոր կառույցների միջոցով: Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքն է, այն նաեւ իրավունք է եւ հպարտություն յուրաքանչյուր երիտասարդի համար: Սփյուռքյան երիտասարդների ներգրավումը հայրենիքի պաշտպանության համակարգում հնարավորություն կտա նաեւ նրանց ավելի արագ ներգրավվել հայկական իրականության մեջ, իսկ բանակին հնարավորություն կտա պատրաստել համապատասխան ռեզերվ, որը կարող է օգնել Հայաստանին նրա նկատմամբ ռազմական ոտնձգության դեպքում: Այս գործընթացին աջակցող համապատասխան օրենսդրություն եւ միջպետական պայմանագրեր են պետք, քանի որ շատ պետություններ արգելում են իրենց քաղաքացիներին այլ երկրների բանակներում ծառայել: Ընդունված օրենսդրությունը պետք է հստակ կերպով առավելություն տա այն երիտասարդներին, ովքեր կամավոր կերպով եկել ու մաս են կազմել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Զինվորական ծառայության անցնողները պետք է ստանան ոչ միայն Հայաստանի քաղաքացիություն, այլեւ Մայր հայրենիքում ընտրելու եւ ընտրվելու իրավունք, ինչը նրանք կարող են իրականացնել նույնիսկ Հայաստանում հետագայում չապրելու դեպքում էլ: Հայկական բանակը որպես Հայաստանի ու նրա բնակչության անվտանգության միակ գրավական այն ինստիտուտն է, որը այսօր կարող է դառնալ Հայաստանի շուրջ Սփյուռքի ու հատկապես նրա երիտասարդ հատվածի միավորման կարեւորագույն գաղափարը: Աշխարհասփյուռ հայությունը պետք է շարունակաբար ակտիվացնի իր աջակցությունը հայկական բանակինՙ նպաստի դրա հզորացմանն ու մասնակցություն ունենա դրա ձեւավորման գործըթացին: Սփյուռքահայ երիտասարդությունը պետք է ոչ միայն մաս կազմի այդ բանակին, այլեւ հպարտանա, որ իր նպաստն է բերել Մայր հայրենիքի պաշտպանության գործին: |