Ի՞ՆՉ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Երկիր, որտեղ աղքատություն չի լինի, հանրությունը կապրի այն հաղթահարած կենսաբանական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային բարվոք պայմաններում: Սրանք մեր այսօրվա ամոթալի վիճակի ցցուն դրսեւորումներն են, երբ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը զրկված է համեստ սննդակարգից, կրթությանն ու առողջությանը հետեւելուց, հանգիստը կազմակերպելուց: Հայտնվել ենք մի իրողությունում, երբ խնդիր է պարզ ու հասարակ նախաճաշը, բժշկին այցելությունը, ֆուտբոլի ազգային հավաքականի տնային խաղերը մարզադաշտում դիտելը: Բայց չէ՞ որ սրանցից բացի օրն ու առօրյան բովանդակալից անցկացնելու մարդկայնորեն ընդունված շատ այլ ցանկություններ կանՙ ընտանեկան ճաշկերույթ սրճարանում, այց գեղեցկության սրահ, ժամանց լողավազանում ու թենիսի կորտում, ակտիվ հանգստի այլ հետաքրքրություններ: Ահա այն Հայաստանի մոտավոր պատկերը, որը ցանկանում է ունենալ մերօրյա հայաստանցին, մեծ թե փոքր, գյուղաբնակ թե քաղաքաբնակ: Կարծես ուզածը մեծ բան ու անհասանելի խնդիր չէ, քանզի հեռուստահաղորդումներից լինի, թե արտերկրում գտնվող ընտանիքի անդամների հետ ամենօրյա «սկայպ»-ով կապվելու արդյունքում համոզվել է, որ ցանկացածն ամենուր հաղթահարել են, իրականություն դարձրել պարզ ու հասարակ աշխատանքով, առանց որեւէ գերլարման: Ի՞նչ ենք առաջնահերթը մտաբերում, երբ ասենք մեր բարի նախանձը շարժող երկիր Հոլանդիան ենք հիշումՙ պանիր, կարտոֆիլ, ծաղիկ, մեկ-մեկ էլ ֆուտբոլ: Նշվածներն իհարկե ունենք, միայն թե ոչ այն քանակի ու որակի, առավել եւս գրավիչ ու դինամիկ: Եթե նրանց լիարժեք պահված կովն օրը 35-40 լիտր կաթ է տալիս, խոզը 1,5 կգ քաշաճ ապահովում, կարտոֆիլի քառակուսի մետրի բերքը 10-12 կգ-ի է հասնում, ծաղիկը աչք շոյող ու դիմացկուն է առավել քան, իսկ ֆուտբոլն արագ ու դիտարժան, դրանք ինչո՞ւ ինքներս էլ իրականացնել չենք կարողանում: Կարծես կարող ենք, եթե գործին փոքր-ինչ սրտացավորեն մոտենանք, աշխատանքն ու աշխատելը կարեւորենք: Ոչ թե երկիրը փոքր հռչակելով ու ազգը սակավաթիվ հայտարարելով սեփական անճարակությունն ու անզորությունն արդարացնենք, այլ ունեցածը լավագույնս օգտագործելով կայանանք ու ինքնահաստատվենք, հիմնավորենք այն գնահատականները, որ այլք տալիս են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից իրենց հայազգի գործընկերներին: Աստծո զավակ հայի երկու տեսակի ենք վերածվել, մեկըՙ բացարձակ օրինապաշտ ու իր անելիքին նվիրված, մյուսը բնօրրանում, թող ներվի գնահատականիս համար, անփույթ ու պատճառաբանելու սիրահար: Քաղաքներում հաճախ կարելի է դժգոհություններ լսել, թե գործ չկա, սրճարաններն ու ռեստորաններն են բազմանում, երբ սիրիահայերն այդ նույն միջավայրում արդեն հասցրել են բազմաբնույթ սպասարկման հարյուրավոր կետեր բացել, աշխատատեղեր ստեղծել, ոչ դյուրին պայմաններում գործունեություն ծավալել: Գյուղաբնակներն իրենց հերթին 5-6 կովերի կաթը հանձնում են մթերողներին ու դժգոհում ոչ միայն գնից, այլեւ գումարը օր առաջ ստանալու խնդրից, չնկատելով, որ անգամ տնային պայմաններում կաթի վերամշակումից ստացվող արտադրանքի մեծ պահանջ կա քաղաքաբնակ սպառողների մոտ: Ծանոթ եմ ավստրիացի պանրագործի, որի պահեստում մի քանի տոննա իր ընտանիքի անդամներով պատրաստած ու ամիսներով հնեցրած արտադրանք կա: Քաղաքի վաճառողները, մեր հասկացողությամբ վերավաճառողները կիլոգրամը 30-40 եվրոյով են այն առաջարկում իրենց սպառողներին եւՙ շնորհակալության են արժանանում, քանզի գնվածը պատրաստվել է սերնդե-սերունդ պանրագործությամբ զբաղվող մարդկանց կողմից: Նույն պատկերն է մսամթերք պատրաստողների, գինեգործների, բանջարեղեն ու մրգեր մշակողների պարագայում, որոնք իրենց հերթին աշխատանքներ են վստահում քաղաքաբնակ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, սկսած տան ու տնամերձի դիզայնից մինչեւ ֆերմայի բարդ տեխնիկայի տեղադրումը: Ուրեմն ո՞վ կամ ինչն է խոչընդոտում, ասենք արդեն հիշատակված Հոլանդիայի օրինակով վարել մեր գործերը, նույն տարածքն ունենալու պայմաններում համանման արդյունքների հասնել եւ մեր երկիրը յուրօրինակ Հայլանդիայի վերածել: Իրենց 41,5 հազար քառակուսի կիլոմետրի վրա 17 մլն հոլանդացիներ են ապրում, որոնց հազիվ 1 տոկոսն է գյուղգործունեություն վարում, երբ այդ նույն տարածքն զբաղեցնելու պարագայում հայերս մինչեւ 40 տոկոս ցուցանիշ ունենք: Դե եկ ու մի վրդովվիր, թե 20-25 տարիներ այդ ինչով եք զբաղվել, որ հազիվ 3 մլն հայաստանաբնակների ողջ հույսը արտերկրներն են մնացել, սկսած սփյուռքահայերի անվարձահատույց օգնություններից ու արտագաղթածների ուղարկած ֆինանսական միջոցներից մինչեւՙ թող ներվի այս գնահատականիս համար, մեր անկուշտ ու ագահ ներմուծողները, ովքեր ինչ պատահի առնում-բերում են, քանզի Հայաստան երկրամասում աշխարհի վերջն է, կենսական ու առաջնահերթ ոչինչ արտադրել հնարավոր չէ: Առաջին անհրաժեշտության կարագ ու ձե՞թ եք ուզումՙ Նոր Զելանդիայից ու Ֆինլանդիայից կբերեն, խոզի ու հավի միսՙ Բրազիլիայից, հագուստ Թուրքիայից, մարտկոցներ հեռավոր արեւելքից, խոհաանոցային պարագաներ Իտալիայից... Փոխարենը վերցրեք մեր անհատնում ընդերքի հանքահումքը, վերամշակեք ու ստացածը վաճառելով հարստացեք, միլիոնների ու միլիարդների տեր դարձեք, մեզ էլ մեկ-մեկ օգնության ձեռք մեկնեք: Հարց է մնում, թե մեր ո՞ր մեղքի համար ենք այս վիճակում հայտնվել, երբ առերեւույթ անգամ զանցանք չենք գործել: Մերն ընդամենը ցանկությունն է, ՀՀ ամոթալի 10 մլրդ դոլար ՀՆԱ-ն ինչ-որ անորոշ ժամանակահատվածում 20 մլրդ դոլարի հասցնելը, որը եթե այդ շրջանի գնաճը նկատի ունենանք, կստացվի մոտ 10-12 մլրդ դոլարի մի ցուցանիշ: Իսկ ավելին պատկերացնելու ոչ ցանկություն է եղել, ոչ թերեւս կարողություն: Ասենք, մինչեւ տարեվերջ թաքցված հարկերից ու ստվերային գործունեությունից երկրի տնտեսություն բերել նվազագույնը 3 մլրդ դոլար, գումարած նախորդ տարվա թող որ նկարած 7 տոկոս տնտեսական աճը, տարին փակել 15 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքով: Հետո, նոր էջից սկսվող տնտեսական գործընթացների շնորհիվ առաջիկա 5 տարիներից յուրաքանչյուրում 14-15 տոկոս աճ ապահովել, հայաստանցիներիս տեսանելի ժամանակահատված 2023-ը փակել 30 մլրդ ՀՆԱ-ով: Անշուշտ համաշխարհային տնտեսվարական առումով այն մեծ թիվ չէ, քանզի այսօր արդեն այդ ցուցանիշն ունի 1,2 մլն բնակչությամբ Կիպրոսը, ուր զբոսաշրջությունից ստացվող եկամուտը հազիվ 3 մլրդ դոլար է, մնացածըՙ մանր ու միջին գործարար միջավայրի ստեղծածը, որովհետեւ այս կղզի երկրում ոչ «Նաիրիտ» ու «Քիմպրոմ» կա, ոչ էլ սարքաշինական ու մեքենաշինական ձեռնարկություններ: Տեսեք ինչ է հայտնում ՀՍՀ հանրագիտարանը այս երկրի մասին. «Գերակշռում են մանր ձեռնարկությունները, զարգացած է սննդիՙ գինի, ձեթ, պահածոներ, ծխախոտի, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերությունը, տնայնագործությունը: Կա ցեմենտի գործարան»: Կարծես հենց մեր մասին է ասված, միայն այն տարբերությամբ, որ 1 բնակչի հաշվով կիպրոսցիների ՀՆԱ-ն տարեկան 30 հազար դոլար է, մերըՙ հազիվ 3 հազար դոլար: Եվ հարցըՙ եթե տնտեսական վերելք իրականացրել են մեր բարեկամ կիպրոսցիները, ավելին են արել մեր երբեմնի բախտակից էստոնացիները, շատ ավելինՙ հայերիս համակրանքը վայելող հոլանդացիները, ով եւ ինչն է խոչընդոտում մեզ ունենալ մեր երազանքի երկիր Հայաստանը, հնչում է ինքնաբերաբար: Թերեւս այս պարագայում հոլանդացի որեւէ լրագրող էլ իր երկիրը կես կատակ Հոլաստան անվանի, ինչ-որ օրինակ էլ մեզնից պատմի: Վստահեցնում եմ, որ վերջին 10-ամյակի 4-5 տարիները ընտանեկան հանգամանքների բերումով Ավստրիայում անցկացնելու ընթացքում երբեւէ չեմ նկատել ինչ-ինչ առանձնահատկություններով օժտված ոչ միայն ավստրիացիների, այլեւ այստեղ աշխատանք գտած հարեւան երկրների բնակիչների: Գլասդորֆ ոչ մեծ քաղաքի ընկերությունը այլեւայլ հումքի տեսակավորման գործունեություն է ծավալել երկիր մոլորակի չորս կողմերում, ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան: 5-25 մլն դոլար գնահատվող հոսքագիծ-գործարանների հանդեպ պահանջարկի ապացույց է այն, որ հազիվ մեկ տասնյակ հիմնադիրներից անձնակազմն այժմ անցնում է 70-ը: Անկարող եմ չհիշել Շվեյցարիայի նախագահի հարցազրույցը ռուսական հեռուստաընկերության լրագրողին, երբ ասաց. «Եթե դուք 25-րդ հարկում գտնվող ձեր բնակարան բարձրանաք, կամ աշխատավայր մտնեք, շատ հնարավոր է, որ ձեզ տեղ հասցրած վերելակը իմ ծննդավայր գյուղի ֆիրմաներից մեկի տեղադրածը լինի, անշուշտ, հավաքված նաեւ այլոց արտադրածի շնորհիվ»: Սրանք եզակի օրինակներ չեն, այլՙ տարածված աշխատաոճ, որի արդյունքում է գոյանում այս համեստ ու հյուրընկալ մարդկանց ու երկրների առայժմ մեզ անհասանելի, սակայն ոչ անկարելի, կյանքի ու առօրյայի որակը: Մեր ու ձեր այցելած եվրոպական երկրների գրեթե բոլոր սրճարանների ու ռեստորանների տերերը այդ կառույցների ավագ խոհարարներն են, ապացույցըՙ հայ փոքրիկների սիրելի երգիչ Մարտին Յորգանցը, երբ մեզանում «Հովոյի մոտ» կամ «Սամոյի մոտ» ամենահամեստ օբյեկտների տերերը հաստափոր ու հաստավիզ թաղային վայ հեղինակություններն են իրենց ակուշտ ախորժակով: Եվ այսպես ամենուր, բոլոր ոլորտներում եւ աստիճաններում: Այսուհանդերձ այն, ինչ տեսանք հունիսի 16-ի բացահայտումներից հետո, իրոք հնարավոր չէր պատկերացնել: Զզվանքից մինչեւ սարսափի զգացում ապրեցինք, քանզի արվածը հրեշավոր էր, մեր տեսակին անհարիր: Ինչ-որ կերպ փորձում ենք համակերպվել անգամ այս վիճակին, հույս տածելով, որ տեսածի ու լսածի կրկնությունն այսուհետ հնարավոր չէ, պարզապես անհնարին է: Կարծում եմ ազգովին համոզվեցինք, որ անհնարինն իրականություն դարձնելը շատ ավելի բարդ խնդիր էր, քան էՙ տնտեսությունում պահանջվող արդյունքներ ապահովելը, հողից հնարավորինս բերք ստանալը, կենդանիների կաշին վերամշակելը, այդ կաշվից հագուստ, կահույք, մարզագույք արտադրելը, լավագույն հագուկապով աշխատավայր ներկայանալը, այնտեղ էլ, ասենք, կենցաղային աղբն այրելու միջոցով էլեկտրաէներգիայի ստացումը խնդիր դիտարկելն ու լուծելը, էլհոսանքով ամենատարբեր շարժիչներ գործի գցելը, ընդհուպ արհեստական արեւ ստեղծելու շուրջ մտորելը: Այսօրինակ ո՞ր գործընթացն է, որը հասու չէ մարդ-արարածի մեր տեսակին: Հարցն առայժմ օդում է կախված, որը երկրային իրողություն դարձնելու համար պարզ ու հասարակ քայլեր են անհրաժեշտ. հայության ջանքերի համախմբում, որն ապրիլ-մայիսյան օրերին ցուցադրեցինք, հայահավաքՙ առաջնահերթը սոցիալական բնակարանաշինության եւ համընդհանուր արդարության հաստատման միջոցով, եւ թերեւս կարեւորագույնըՙ աշխատանքի ու աշխատելու դերի ու պահանջի արժեւորումը: Եվ այնժամՙ Աստված մեզ ապավեն: 24.05.2018 |