ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ Այս տարին հոբելյանաշատ է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի համար: Վերջերս հանդիսավորապես նշվեց Նյու Յորքի Սբ. Վարդան հայոց մայր տաճարի կես դարը: Թերեւս քչերը գիտեն, որ մայր տաճարից ուղիղ 10 տարի առաջՙ 1958թ. է օծվել «աշխարհի մայրաքաղաքի» մեկ այլ նշանավոր հայկական եկեղեցիՙ Սրբոց Նահատակացը: Բեյսայդում (Լոնգ Այլենդ) ապրող բազմաթիվ հայորդիներ անցյալ դարի 50-ականների երկրորդ կեսին հղացան հավատքի նոր տուն կառուցելու գաղափարը, որը պիտի իր շուրջ համախմբեր նյույորքաբնակ մեր հայրենակիցներինՙ արթուն պահելով նրանց հավատն առ Աստված եւ շարունակելի դարձնելով հայրենասիրության ավանդները: Անցել է ուղիղ 60 տարի եւ լիուլի արդարացել են բոլոր սպասումները: Անձամբ եմ տեսել, որ կիրակնօրյա պատարագներին նստելու տեղ չի լինում եկեղեցու ընդարձակ սրահում, իսկ հավատավոր ժողովուրդը արարողություններից հետո էլ չի շտապում տուն: Ազգային այս կառույցը սիրելի հավաքավայր է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, որտեղ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներՙ նվիրված եկեղեցական ու ազգային տոներին: Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա (տնօրենՙ Էլիզապեթ Գոտապաշ ) եւ ամենօրյա (տնօրենՙ Սեդա Դավիդյան ) հայկական դպրոցները: Վեց տասնամյակ առաջ եկեղեցու հոգեւոր հովիվ Վարդան քհն. Մկրյանը եւ մի շարք ազգասեր անձնավորություններ, զգալով հայեցի դաստիարակության անհրաժեշտությունը, հիմնադրեցին շաբաթօրյա վարժարանը: Ինչ վերաբերում է ամենօրյա դպրոցին (HMADS -Holy Martyrs Armenian Day School), ապա այն եզակի կրթական հաստատություն է Նյու Յորքի ողջ տարածաշրջանում: Անցյալ տարի այն նշեց իր ոսկյա հոբելյանըՙ ստեղծման 50 տարին: Այդ ընթացքում հարյուրավոր հայ եւ ոչ միայն հայ պարման-պարմանուհիներ են կրթվել ու դաստիարակվել «Ներշնչել ապագանՙ ավանդությունը հարգելով» կարգախոսով: Ուրախալի է, որ նախկին տնօրենուհինՙ եռանդուն մանկավարժ ու հասարակական գործիչ Զարմինե Պողոսյանը եւս շարունակում է իր ավանդը ներդնել այս հույժ կարեւոր գործում: Եկեղեցու հարակից «Գալուստյան սրահը», որը տեղավորում է 160 հանդիսատես, պարբերաբար հյուրընկալում է համերգներ ու ցուցահանդեսներ: Տողերիս հեղինակին եւս բախտ է վիճակվել 2011-ի դեկտեմբերին «Հայկական աշխարհ» խորագրով ցուցահանդես կազմակերպել հայրենակիցներիս համար: Այնժամ ես հաղորդվեցի նրանց հայրենակարոտ սրտերին եւ ի մոտո պատկերացում կազմեցի նրանց հայրենանվեր ծրագրերի մասին: Բավականին ակտիվ են գործում եկեղեցու Տիկնանց եւ Երիտասարդաց հանձնախմբերը, որոնք հաճախակի են անցկացնում ազգային ուտեստի փառատոներ, մարզական խաղեր, ամառային ճամբարներ եւ այլն: Արդեն 10 տարեկան «Շնորհալի» երգչախումբն այսօր ղեկավարում է հայրենի շնորհակի երգիչ ու խմբավար Վաղարշակ Օհանյանը : Ապրիլի 21-ին «Քուինզ» թատրոնում տեղի ունեցած համերգը նվիրված էր Սրբոց Նահատակացի 60-ամյակին: Ընդհանրապես այս տարվա բոլոր միջոցաումներն են նվիրված այդ խնկելի հոբելյանին: Հանդիսությունների սկիզբն ազդարարվեց դեռ տարեսկզբինՙ հունվարի 28-ի պատարագից հետո: Գործող հատուկ հոբելյանական հանձնախումբը եւ ծխական խորհրդի ատենապետ Արամ Չամիչյանը մշակել են կուռ ու համապարփակ մի հայտագիր: Ընդգծելի է, թե ինչպես է հայ համայնքը համախմբված եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աբրահամ քհն. Մալխասյանի շուրջը: Նա շատ ուշադիր է կրթական ու մշակութային բոլոր միջոցառումներինՙ իր ներկայությամբ քաջալերելով նշված ոլորտները: Նրա խմբագրությամբ լույս են տեսնում «Նարեկ» երկլեզու ամսագիրը, այլ հրատարակություններ: Նրա օրհնությամբ ու առաջնորդությամբ տեղի են ունենում նաեւ ուխտագնացություններ դեպի Մայր հայրենիք ու Ավետյաց երկիր: Այս տարի եւս ամռանը, ի մասնավորիՙ օգոստոսի 17-31-ը, նախատեսված է ուխտավորների այց նախնյաց երկիր, որի շրջանակներում օվկիանոսի մյուս կողմից եկած մեր եղբայրներն ու քույրերը կլինեն Հայաստան աշխարհի տարբեր անկյուններում ու Արցախում: Բոլորն են ոգեւորված տեսնելու նոր Հայաստանն ու նրա հպարտ քաղաքացուն: Չմոռանանքՙ այս երտասարդ հովիվն էր, որ հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին նախաձեռնեց եկեղեցուն մերձակա փողոցներից մեկը հայորեն անվանակոչելու գործընթացը: Արդյունքում այսօր Նյու Յորքի 210-րդ փողոցը, Հորաս Հարդինգ արագընթաց ճանապարհից սկսած մինչեւ 58-րդ պողոտա, կոչվում է «Հայաստանի ճանապարհ» (Armenia Way): Այո՛, բանուկ է Հայաստանի ճանապարհը Նյու Յորքում: Ճանապարհ, որի սկզբնակետն ու վերջնակետը Հայաստանն է, ամենայն հայոց Հայրենիքը: |