RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3311, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԶԱԿ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Պ.Ք.

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) անդամ 140-ից ավելի երկրների ներկայացուցիչներ Հաագայում հունիսի 26-27-ը քննարկել են կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նվիրված հարցերՙ հնարավորություն ընձեռելով մատնանշելու քիմիական հարձակումների կազմակերպիչներին: Ռուսաստանն անշեղորեն հանդես է գալիս դրա դեմ, նշում է ժնեւյան Le Temps թերթը:

Ռուսական կողմի կարծիքով, Արեւմուտքը փորձում է քննարկումներն օգտագործել Սկրիպալների գործի եւ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված իրավիճակը է՛լ ավելի սրելու նպատակով: ՔԶԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը ժամանակավրեպ է համարում Հաագայի հանդիպումը, որը կարող է հանգեցնել կազմակերպության քաղաքականացմանը եւ պառակտմանը:

Կազմակերպության հատուկ նստաշրջանի անցկացման նախաձեռնությամբ հանդես էր եկել Մեծ Բրիտանիանՙ Ավստրալիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Լեհաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ:

Ֆրանսիացի դիվանագետներից մեկն ասել է, որ անհրաժեշտ է միջազգային հանրությանը կրկին համախմբել ընդդեմ քիմիական զենքի օգտագործման: Այդ զենքի պատրաստման եւ օգտագործման արգելքը հայտնվել է սպառնալիքի տակ: Փարիզը, Լոնդոնը եւ Վաշինգտոնը վախենում են Սիրիայում քիմիական զենքի լայն տարածումից:

Մտահոգության մեկ ուրիշ առիթ է քիմիական զենքի կիրառմամբ իրականացվող սպանությունը կամ մահափորձը: Մարտ ամսին Անգլիայի հարավում գտնվող Սոլզբերի փոքր քաղաքում ռուսական նախկին գործակալ Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորվեցին նյարդակաթվածային նյութով: Լոնդոնը դրանում մեղադրեց Մոսկվային: 2017 թ. հոկտեմբերին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբայրը Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանվեց մարտական թունանյութով:

Մայիսից ի վեր, երբ փորձ էր արվում անցկացնել ՔԶԱԿ արտահերթ նստաշրջան, Ռուսաստանը ամեն կերպ խոչընդոտում էր դրան: «Նախաձեռնող երկրները առիթն օգտագործում են Ռուսաստանի եւ Սիրիայի դեմ հիստերիա բորբոքելու նպատակով», հայտարարել է Հաագայում ՌԴ դեսպանը իր Twitter-յան էջում: Մոսկվային հաջողվեց Կուբային, Վենեսուելային եւ Իրանին համոզել դեմ քվեարկելու ՔԶԱԿ բարեփոխմանը, այդուհանդերձ գագաթաժողովի անցկացման համար անհրաժեշտ քվորումն ապահովվեց:

Դիվանագիտական մակարդակով ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը պարբերաբար վետո է դրել հակասիրիական բանաձեւերի վրա: Մոսկվան ամեն կերպ ժխտել է Սիրիայում քիմիական ռմբակոծումների փաստըՙ վկայակոչելով ապացույցների անբավարարությունը եւ վարկածների հակասականությունը:

Հաագայում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը պահանջեց ընդլայնել ՔԶԱԿ-ի լիազորությունները, որպեսզի հնավոր լինի նշել Սիրիայում քիմիական գրոհների կազմակերպիչներին: «ՔԶԱԿ փորձագետները հիմա կարողանում են ասել, թե որտեղ եւ երբ է տեղի ունեցել քիմիական հարձակումը, բայց չեն կարողանում պարզել, թե ով է պատասխանատվություն կրում: Այդ բացը պետք է վերացվի», ասել է Ջոնսոնը:

Մինչեւ 2017 թ. նոյեմբերը ՔԶԱԿ-ի եւ ՄԱԿ-ի հետ կապված հատուկ հանձնաժողովը զբաղվում էր մեղավորների բացահայտմամբ: Ռուսաստանը շրջափակեց այդ մեխանիզմըՙ Մեծ Բրիտանիային դրդելով հրավիրելու ՔԶԱԿ հատուկ նստաշրջան:

ՔԶԱԿ մանդատի փոփոխմանը հասնելու համար Մեծ Բրիտանիան պետք է ստանար քվեների 2/3-րդը, այսինքնՙ առնվազն 60 երկրի քվե: Հունիսի 27-ին կայացած քվեարկության ժամանակ Մեծ Բրիտանիայի առաջարկությունները մերժվեցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ