ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸՙ ՄԵԿ ՊԼԱՏՖՈՐՄՈՒՄ Մ. Հ. Երեւանում մեկնարկեց ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Այս ձեւաչափով տարածաշրջանային հանդիպում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանն իր խոսքում ընդգծեց, որ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում օրեցօր ավելացող մարտահրավերները նոր պահանջներ են թելադրում կարողությունների զարգացման առումով. «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցությունը պետք է ավելի խորացվիՙ գիտակցելով, որ մեր հիմնական առաքելությունը մարդկանց բնականոն կյանքի ապահովումն է, մեր երկրների եւ բնակչության դիմակայունության բարձրացումը: Խնդիրներին լուծումներ տալուց առաջ պետք է այն կանխարգելել»: ԱԻ նախարարն անդրադարձավ հանրության ամենացավոտ հարցից մեկին եւս. «1980-ական թվականներին շինությունների գնի նվազեցման համար սեյսմակայունությունը իջեցվեց 7-ի, սակայն այս պլատֆորմի շրջանակում կներկայացվեն նոր լուծումներ սեյսմակայունության հետ կապվածՙ ապացուցելով, որ շինարարության արժեքը չի բարձրանում սեյսմակայուն շինություն կառուցելով»: Պլատֆորմի պատվավոր հյուրՙ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին նշեց, որ այս միջոցառումը մեծ հնարավորություն է ուսումնասիրելու այն հեռանկարները եւ ճանապարհային քարտեզը, որը կազմվել էր 2016 թ. Դուշամբե քաղաքում կայացած նմանատիպ հանդիպման ընթացքում, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններին ներգրավածությունը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անմիջականորեն կապ ունենալով աղտների խնդրի հետ, նշեց. «Պատերազմները մարդածին աղետներ են եւ ես Պաշտպանության նախարարությւոնում զբաղվում եմ այդ աղետների ռիսկերի նվազեցմամբՙ մասնավորապես հետախուզության վարմամբ, ռիսկի կանխատեսումներով, անձնակազմի պատրաստվածությամբ եւ այլն»: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակինՙ նախարարը հակիրճ պատասխանեցՙ այժմ կայուն անկայունություն է: Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ԱՌՆ տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը հնարավորություն կտա ձեւավորել համագործակցության նոր հարթակներ, կիսվել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի եւ ներդրումների, այդ թվումՙ զարգացման եւ կլիմայական խնդիրների շուրջ ունեցած փորձով ու գիտելիքներով: |