ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ՓՈՂՈՑՙ ՀԱՐՈԼԴ ԲԵԶԱԶՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ Հ.Ծ. Քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կապելմանի եւ Բեզազյան ընտանիքի անդամների ներկայությամբ տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ հունիսի 12-ին Չիկագոյում մի փողոց վերանվանվել է Համաշխարհային երկրորդ պատերազմի ամերիկահայ հերոս, լեյտենանտ Հարոլդ Բեզազյանի անունով: Այդ փողոցում է գտնվում Բեզազյան գրադարանը, որի վրա գրված է. «Գրադարանի այս մասնաճյուղը արժանի հիշատակն է պահպանում մի ակնառու երիտասարդ ամերիկացու, ծնված Չիկագոյում, որ շատ էր սիրում գրքերն ու գրականությունը եւ որոշել էր գրող դառնալ, բայց կամավոր զինվորական ծառայության մեկնելով իր կյանքը զոհեց այս երկրի համար»: Հարոլդը 33 տարեկանում սպանվել է Ֆիլիպիններում, երբ իր դասակին առաջնորդում էր փրկարարական աշխատանքներ կատարելու: Նա ավարտել էր Կոլումբիա համալսարանի լրագրության բաժինը եւ աշխատում էր «Չիկագո Թայմսի» խմբագրությունում: Զորակոչվել էր 1941-ին: Զորացրվելուց հետո, Փըրլ Հարբորի վրա հարձակման օրերին, նա կամավոր դարձյալ մեկնել էր բանակ ասելով, որ ավելի լավ է ինքը գնա, քան մեկ ուրիշը, որ կին ու երեխաներ ունի: Իր ծառայությունների համար պարգեւատրվել էր «Purple Heart» եւ «Bronze star» մեդալներով: Հայրը նրա հիշատակին ֆինանսավորել էր գրադարանը: Արարողության ժամանակ Ջեյմս Կապելմանը գովասանքով է խոսել նրա անձնազոհության եւ որպես զինվոր հայրենիքին նվիրվածության մասին շեշտելով, որ նա հայ բռնագաղթյալի զավակն էր, ով Մ. Նահանգներ էր ապաստանել շատ քիչ փողով: |