ԿԱՆԱՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՙ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆՈՒՄ (CWR) ԵՎ ՈՒՐՑԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում, էլեկտրական հեծանիվների լիցքավորման արեւային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի եւ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում: «Արեւորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները զինված են արեւային վահանակներով եւ մարտկոցներով: Արդյունքում, հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արեւային էներգիայովՙ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը: Ծրագրի կարեւոր մյուս նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է: Կանաչ միջոցառումների շարքում գործարկվել է նաեւ արեւային ջրատաքացուցիչ համակարգՙ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Բնապահպանական բաղադրիչով ջրատաքացուցիչը թույլ կտա արտադրամասն ապահովել մշտական տաք ջրովՙ առանց արտանետումների տաքացնելով մինչեւ 300 լիտր ջուր: «Հօլանի»-ն սոցիալական նպատակ հետապնդող ձեռներեցություն է: Հասույթը ներդրվում է Ուրցաձոր համայնքային փնջի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործումՙ նպաստելով աղքատության կրճատմանը: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) աշխատանքների արդյունավետության բարձրացման նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ ձեռք է բերվել հրդեհաշիջման աշխատանքներին հարմարեցված եւ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով կահավորվածՙ լիաքարշակ 2 մեքենա: Դրանցում կան նաեւ անտառապահների համար նախատեսված աշխատանքային գործիքներՙ դաշտային աշխատանքները կազմակերպելու համար: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին նվիրաբերված մեքենաներն օգտագործվելու են արագ արձագանքման նպատակովՙ անտառային հրդեհների դեպքում: Մեքենաների ձեռքբերմանն աջակցել են նաեւ Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեն (IUCN NL) եւ բրիտանական Համաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպությունը: «Եթե յուրաքանչյուրն սկսի ավելի խորն ընկալել, թե որքան կարեւոր է բնապահպանությունը, լրջորեն կնպաստի իր եւ սերունդների առողջ ապրելակերպին: Կանաչ տեխնոլոգիաներն անչափ կարեւոր են եւ ոչ այն պատճառով, որ դրանք նորաձեւ են համարվում: Ամբողջ աշխարհում, մարդկությունն արդեն իսկ սկսել է նախընտրել կանաչ մտածողությամբ կենցաղավարությունը, քանի որ գիտակցում է հակառակ տրամաբանության վնասները: Մենք եւս այդ մտածողության կրողներն ենք եւ ավելի քան 10-ը տարի, մեր գործընկեր կազմակերպության հետ, ձգտում ենք հնարավորինս առաջնորդվել այդ սկզբունքով: Ուրախ եմ արձանագրել, որ իրականացվող ծրագրերը կարեւոր դեր են ունենալու մաքուր միջավայրի ստեղծման, ինչպես նաեւ համայնքի ու էկոտուրիզմի զարգացման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվ կամ լիցքավորել դրանք: «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբՙ «Արեւորդի» հասարակական կազմակերպության կողմից: Նախագծի նպատակը ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցիՙ էլեկտրական հեծանիվների կիրառման տարածումն է: |