ՈՉ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ Հ. ԱՖՅԱՆ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ ինքը, այսինքն պետությունը, չի խառնվելու ներեկեղեցական հարցերին: Չգիտեմ, թե ի՞նչ նկատի ունի վարչապետըՙ «ներեկեղեցական հարց» ասելով, բայց Փաշինյանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներըՙ քարերը ձեռքներին փակել էին Վեհափառի ճանապարհն ու փորձեր էին կատարում հարձակվել նրա վրա: Ի դեպ, այսՙ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հիմնվեց «Նոր Հայաստանի» առաջին օրերից, երբ հին իշխանությունները հեռացան ու մի խումբ մարդիկ մտածեցին, որ եկել է հին հոգեւոր իշխանությունից եւս հրաժարվելու ժամանակը ու այժմ դրա համար ստեղծվել է հրաշալի առիթ: Հիշեցնեմ, որ այս նախաձեռնության անդամները 3 օր շարունակ զավթած պահեցին Մայր աթոռի վեհարանը եւ միայն ոստիկանության միջամտությունից հետո վեհարանն ազատվեց ցուցարարներից: Հիմա, Վեհափառի տեղաշարժը քարերով ու բռունցքներով խոչընդոտելուց հետո, վարչապետ Փաշինյանը թեեւ ասաց, որ «պետությունը չի միջամտելու եկեղեցական գործերի մեջ», ոչինչ, որ եկեղեցին հարյուրամյակներով պետություն է եղել մեզ համար, բայցեւայնպես հանձնարարեց ոստիկանությանը, որ քննություն սկսենՙ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու գործով: Միայն այդ հանձնարարությունից հետո, շեշտում եմ, միայն ա՛յդ հանձնարարությունից հետո, ոստիկանապետ Օսիպյանն իր հերթին հանձնարարեց իր ենթականերին, որպեսզի քննություն սկսեն Ամենայն հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու գործով: Ո՞ւր էր ոստիկանությունը, երբ այդ տեղաշարժը խոչընդոտվում էր, ինչո՞ւ այն չէր կանխվում, եւ ինչո՞ւ նման քննություն սկսելու համար «նոր Հայաստանում» անհրաժեշտ է վարչապետի հանձնարարությունը. պարզ չէ: Հիմա այդ քննությունն ընթանում է ու մինչ այն իրականացնողները հասկանան, թե ի՞նչն է ստիպել հայ մարդկանց քարը ձեռքին հարձակվել կաթողիկոսի վրա, չթողնելով, որ նա շարունակի իր ճանապարհը, Վեհափառի տնօրինությամբՙ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության «հոգեւոր առաջնորդ» Կորյուն աբեղա Առաքելյանը կարգալույծ է հռչակվելՙ «եկեղեցական անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար»: Մինչ այդ, ի դեպ, Մայր աթոռը 1 շաբաթ ժամանակ էր սահմանել Կորյուն աբեղայի համարՙ որպես ապաշխարության, զղջման, դարձի գալու շրջան, սակայն աբեղան անտեսել է այդ հորդորըՙ շեշտելով, որ ինքը զղջալու ոչինչ չունի: Հիմա Կորյուն աբեղա Առաքելյան այլեւս չկա, կա Արմեն Առաքելյան անունով ՀՀՙ ենթադրում եմ հպարտ քաղաքացի, որը նախկինում եղել է աբեղա, աշխարհում այն բացառիկը, որը հայտարարել է, թե ինքը զղջալու ոչինչ չունի, այն պարագայում, երբ նույնիսկ Աստծո որդին նման պնդումներով հանդես չէր գալիս: Ինչեւէ, ես չգիտեմ, թե այսուհետ ի՞նչ է անելու Արմեն Առաքելյանը, բայց ես գիտեմ, որ «Նոր Հայաստանում» արդեն իսկ նկատվում է քաղաքական գիծ, որն անթույլատրելի է: Մասնավորաբար, եթե երկրի ղեկավարը, վեհարանը զավթելուց, կաթողիկոսի վրա քարերով հարձակումից հետո (անկախ կաթողիկոսի անձնական որակներից), հայտարարում է, որ «պետությունը չի միջամտելու եկեղեցական գործերին», կնշանակի Հայաստանում ամենաբարձր մակարդակով սկսվում է եկեղեցու եւ ժողովրդի բաժանման գործընթաց, այլ կերպՙ եկեղեցու հարստահարում: Ընդ որում, Հայաստանի երրորդ Հանրապետությունը երբեք էլ չի եղել հոգեւոր պետություն, այսինքն այս գործընթացի հակառակը ոչ թե հոգեւոր պետության կորուստն է, այլ եկեղեցու ոչնչացումըՙ որպես ժողովրդի վրա իշխանություն ունեցող ուժ: Որքանով է սա ճի՞շտ, երեւի նոր կառավարությունում գիտեն, որտեղ Ազգային անվտանգության քարտուղարն, օրինակ, հայտարարում է, որ իրենք ուզում են ստեղծել Պապ թագավորի Հայաստանը: Բայց որքանո՞վ է սա վտանգավոր, արժե քննարկել: Եթե եկեղեցին զրկվում է իշխանությունից, ապա աղանդավորներին կառավարության կազմում նշանակելուն դեմ գնալը կհամարվի շիզոֆրենիա, կամ առնվազն հետամնացություն, իսկ աղանդավորներն ավելի վտանգավոր ենՙ այն էլ մեզ պես պատերազմող երկրների համար, քան միջին դարերում կաթոլիկ ինկվիզիցիան: Եթե եկեղեցին զրկվում է իշխանությունից, ապա ծնվում է մի հասարակություն, որը խորապես թքած ունի, թե հայկական հինավուրց վանքերը որ հողերի վրա են, եթե անհրաժեշտություն լինի ինչ-որ հողեր տալ: Եթե եկեղեցին զրկվում է իշխանությունից, ապա Հայոց ցեղասպանության հարցում մենք կորցնում ենք հիմնական իրավատիրոջը, պահանջատերին, քանի որ հենց հայկական եկեղեցիներն ու դրանց մասունքներն են այսօր միակ ապացույցը, որ այդ հողերը երբեւէ հայկական են եղել, ավելինՙ եկեղեցական: Հիմա, այս համատեքստում, պե՞տք է, որ պետությունը միջամտի եկեղեցական գործերի մեջ: Չէ, մոռանանք, որ մեր սիրելի վարչապետն ասել էՙ պետք չէ, իսկ մեր կարծիքով պե՞տք է: Եւ կամ, պարզ չէ՞, թե ինչ խնդիր է լուծվում, երբ եկեղեցին զրկվում է իր ազդեցությունից, հոգեւոր հեղինակությունից, ընդ որում նշանակություն չունիՙ եկեղեցուն այդ ազդեցությունից զրկողը դա գիտակցվա՞ծ է անում, թե՞ ակամայից: Մի խոսքով, ՀՀ վարչապետի հաջորդ լայֆին պատրաստվում եմ հարց ուղղել նրանՙ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականիՙ քարերով ու բռնի պահանջը համարվո՞ւմ է արդյոք եկեղեցական գործ: Խնդրում եմ հավանություն տաք հարցիս, քանի որ վարչապետը պատասխանում է միայն այն հարցերին, որոնք ամենաշատն են հավանություն ստացել: Անցած անգամ դրանք տասն էին, վերջին անգամՙ 15-ը: |