ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՍԻԱՅՈՒՄ Հ.Ծ. Սինգապուրում հունիսի 7-ին հանրության առաջ իր դռներն է բացել Ասիական մայրցամաքում գործող առաջին հայկական թանգարանը, որն առայժմ նախօրոք պայմանավորվածության հիմունքներով է բաց լինելու: Այն գտնվում է Հիլ փողոցի վրա տեղավորված «Parsonage» շենքում: Պաշտոնական բացումը կատարվել է մայիսի 24-ին տեղի Ազգային ժառանգության վարչության (NHB) գլխավոր գործադիր անդամ Չանգ Հուի Նիի եւ Հայ եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանի ներկայությամբ: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Սինգապուրի փոքրիկ, բայց բեղուն գործունեություն ծավալող համայնքը ձեռնամուխ է եղել նաեւ կառուցելու մի նոր կենտրոն, որի շինարարության ավարտից հետո վերոնշյալ թանգարանը ամեն օր է բաց լինելու: Այժմ ընթացքի մեջ են նույն փողոցի վրա գտնվող հարավ-արեւելյան Ասիայում գործող ամենահին հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Սինգապուրի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի երբեւիցե հարյուր հոգին չգերազանցած տեղի հայկական համայնքը, որի աչքի ընկնող ներկայացուցիչներն են եղել Քաջիկ Մովսեսը, ով 1845-ին սկսել է հրատարակել «The Straits Times» պարբերականը, Սարգիս եղբայրները, որոնք 1887-ին կանգնեցրել են «Raffles» հյուրանոցը եւ Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյանը), ով այգեգործությամբ զբաղվելու մորից ժառանգած հմտությունները օգտագործելով 1800-ականների վերջերին խոլորձների երկու տեսակների խաչասերումից ստացել է կլոր տարին ծաղկող մի նոր տեսակ, որին տվել են «Վանդա միսս Ջոակիմ» անունը, որն էլ ճանաչվել է որպես Սինգապուրի ազգային ծաղիկը: |