RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ՇՐՋԱՓՈ՞ՒԼ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3896, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ

Պ.Ք.

Սկզբնավորվում են դրական տեղաշարժեր

Հուլիսի 16-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից մեկուկես տարի անց Հելսինկիում տեղի ունեցավ նրա առաջին լիարժեք հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինս մի քանի ամիս առաջ էր վերընտրվել նախագահի պաշտոնում:

Ընդհանուր առմամբ չորս ժամ տեւած հանդիպումից հետո երկու նախագահները հայտարարություններով հանդես եկան մամուլի ներկայացուցիչների առջեւ:

«Մեր հարաբերություններն ընդհուպ չորս ժամ առաջ ահավոր վիճակում էին», հայտարարեց Թրամփը: Նա խոստովանեց, որ իր հայտարարությունները կարող են բացասաբար ընկալվել ԱՄՆ-ում, բայց ինքը պատրաստ է քաղաքական ռիսկի դիմել հանուն խաղաղության, սակայն պատրաստ չէ վտանգել խաղաղությունը հանուն ներքին քաղաքականության:

Սպիտակ տան ղեկավարը, պարբերաբար Պուտինի կողմը շրջվելով, հաճոյախոսություններ էր շռայլում նախօրեին Ռուսաստանում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ: «Այն շատ լավ էր կազմակերպված, իսկ Ռուսաստանի հավաքականը հիանալի խաղաց», մասնավորապես ասաց Թրամփը:

Նախագահների խոսքերով, իրենք քննարկել են բոլոր սուր հիմնահարցերըՙ ԿԺԴՀ միջուկային ծրագրից մինչեւ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, միջուկային անվտանգությունից մինչեւ հատուկ ծառայությունների համագործակցությունը:

Եղավ մի պահ, երբ նախագահներն այնքան ոգեւորվեցին, որ սկսեցին հարցերին պատասխանել միմյանց փոխարեն: Ղրիմի վերաբերյալ Թրամփին ամերիկացի լրագրողի տված հարցին ի պատասխանՙ Պուտինը ձայն խնդրեց եւ ասաց, որ ԱՄՆ-ում թերակղզին համարում են բռնակցված եւ ոչ ռուսական, իսկ Ռուսաստանն իր հերթին հանրաքվեն համարում է օրինական, իսկ թերակղզինՙ սեփականը:

ԱՄՆ ընտրություններին ՌԴ գլխավոր հետախուզական վարչության 12 աշխատակիցների միջամտության վերաբերյալ հարցերը միայն աշխուժացրին երկու նախագահներին. նրանք ընդհանուր թշնամի գտան ի դեմս Մյուլլերի:

«Ես ուզում էի, որ Թրամփը հաղթեր ընտրություններում, որովհետեւ նա հանդես էր գալիս փոխհարաբերությունների կարգավորման օգտին», խոստովանեց Պուտինը: Թրամփն ասաց, որ ինքը չի տեսնում Ռուսաստանի միջամտության ապացույցներ եւ մեղադրանքները համարում է խայտառակություն: Պուտինը նշեց, որ իքը պատրաստ է դատախազ Մյուլլերին մոտ թողնել գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներին, եթե Ռուսաստանին ներկայացնեն Ուիլյամս Բրաուդերի Hermitage Capital-ին: Պուտինը դատախազին անվանում էր մերթ Միլլեր, մերթ էլ Մյուլլեր, ասես ցույց տալով նրա անկարեւորությունը: Սակայն նա լավատեղյակ էր Եվգենի Պրիգոժինի գործին, որն ամբաստանվում է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ:

Վերջին հարցը առհասարակ ասես ուղղված լիներ դրական տրամադրությանը: Պատասխանելով Russia Today-ի այն հացին, որ Սիրիայի խնդրի կարգավորման նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին, եւ, ինչպես ասում են դիվանագետները, գնդակը Ռուսաստանի դաշտում է, Պուտինը ժպիտը դեմքին հանդես եկավ հղկված արտահայտությամբ.

«Ինչ վերաբերում է այն բանին, որ Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, պարոն նախագահը հենց նոր ասաց, որ մենք հաջողությամբ անցկացրինք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եվ ահա ուզում եմ պարոն նախագահին հանձնել այս գնդակը, հիմա այն իր դաշտում է», ասաց Պուտինը եւ Թրամփին փոխանցեց գնդակ: Թրամփը ճարպիկ շարժումով գնդակը նետեց տիկնոջըՙ ընդսմին ավելացնելով, որ նվերը կտա որդուն:

Ներկաներին նախագահների հասցեագրած գլխավոր միտքն արտահայտեց Պուտինը. «Սառը պատերազմը, դիմակայության ժամանակաշրջանը անցյալ են դարձել: Ներկայիս մարտահրավերներն ուրիշ ենՙ ահաբեկչություն, անդրսահմանային հանցավորություն, համաշխարհային տնտեսության խնդիրներ»:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վանեսսա Էկկերը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփի նպատակը լարվածության մեղմացումն էր: «Մեր երկկողմ հարաբերություններում շատ խնդիրներ կանՙ Սիրիան, Ուկրաինայի հարցը, միջամտությունը ընտրություններին: Լավ է, որ հանդիպումից հետո նրանք (երկու նախագահները) դրական վերաբերմունք ունեին»:

Ի դեպ, շատերը այդ հանդիպումը համարում են չնախապատրաստված:

Երկու նախագահների բաժանումից քիչ ժամանակ անց Վաշինգտոնում ձերբակալեցին տեղի համալսարանի ռուսաստանցի ուսանողուհուՙ նրան մեղադրելով պատժացուցակում ընդգրկված ռուսաստանցի մի բարձրաստիճան անձի օգտին լրտեսություն անելու մեջ:

The Washington Post-ը գրում է, որ հանդիպումից առաջ նախագահի աշխատակազմի անդամները Թրամփին մատուցել էին մոտ հարյուր էջ կազմող տեղեկատվական նյութեր, որոնք միտված էին Ռուսաստանի հանդեպ կոշտ գծի ստեղծմանը, սակայն նախագահը անտեսեց դրանց մեծ մասը: Անանուն աշխատակիցներից մեկը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Թրամփի խոսքերը միանգամայն հակասում էին ծրագրվածին: Օգնականներն ասել են, որ Թրամփը ձգտել է առանձնազրույց ունենալ Պուտինի հետ, որպեսզի արտահոսքեր չլինեն:

Ամերիկյան բոլոր կարեւոր լրատվամիջոցները եւ նույնիսկ հանրապետականներին ու Թրամփին սատարող Fox News հեռուստաալիքը հանդես եկան նրա վարքագիծը քննադատող թունոտ ելույթներով: Ամենքի համար անսպասելի կերպովՙ Թրամփի պաշտպանությամբ հանդես է եկել Վրաստանի նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլին :

Բոլոր մեկնաբանները Հելսինկիի հանդիպումն արդեն անվանում են պատմական: Մամլո ասուլիսում հայտնի դարձավ, որ երկու նախագահները որոշել են շարունակել անձնական շփումները եւ մշտապես ունենալ բարձր մակարդակի երկխոսություն, ինչը ինքնին արդեն դրական արդյունք է:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, հանդիպման նախօրեին Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի քաղաքականության «հիմարության» մասին, որը հանգեցրել էր Ռուսաստանի հետ առճակատման: Մամլո ասուլիսում նա չհրաժարվեց իր խոսքերիցՙ լոկ ավելացնելով, որ երկու կողմերը թույլ են տվել լուրջ սխալներ:

Թրամփը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը իրեն հետաքրքրական բան է առաջարկել: Մամլո ասուլիսում Պուտինը պարզաբանեց, որ ինքն առաջարկել է ամերիկացի քննիչներ գործուղել Ռուսաստան, որպեսզի հարցաքննեն բոլոր կասկածյալներին եւ ամբաստանյալներին:

Ռուսական կողմին մեղադրելու փոխարեն Թրամփը մեղադրանքներ հնչեցրեց Դեմոկրատական կուսակցության ղեկավարության հասցեին, որը ընտրություններից առաջ ՀԴԲ-ին մանրամասն տեղեկատվություն չէր ներկայացրել իրենց սերվերների կոտրման գործի առնչությամբ: Նա հիշատակեց նաեւ Հիլարի Քլինթոնի 30 հազար անհետացած նամակները:

Երկու նախագահները հայտարարեցին, որ համաձայնության են եկել Սիրիայի ճգնաժամի հաղթահարման առնչությամբ: Դոնալդ Թրամփը ընդգծեց այս կապակցությամբ Իսրայելի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, եւ Վլադիմիր Պուտինը համաձայնեց նրա հետ: Երուսաղեմում երկու նախագահների այդ մերձեցումը ընդունել են մեծ ոգեւորությամբ:

Թրամփը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինքը ո՞ւմ է համարում Վաշինգտոնի հակառակորդ, նշել է Եվրոմիությունը, մասնավորապես առեւտրի ասպարեզումՙ ավելացնելով, որ ԵՄ երկրներից շատերը ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց իրենց հաշիվների դիմաց չեն վճարում: Որպես մրցակիցներ նշվել են նաեւ Չինաստանն ու Մոսկվան, «բայց դա չի նշանակում, թե նրանք վատն են»:

Մամլո ասուլիսի ժամերին ամերիկյան բոլոր հեռուստաալիքները հանդես էին գալիս հակաթրամփյան ոգով: ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրեննանը նախագահ Թրամփին ուղղակիորեն մեղադրել է դավաճանության մեջ: Հետաքրքրական է, որ ինքըՙ Բրեննանը, երիտասարդության տարիներին եղել է կոմունիստ եւ նույնիսկ քվեարկել է ԱՄՆ կոմկուսի առաջնորդ Գես Հոլի օգտին:

ՌԴ նախագահը իրեն զուսպ ու մտահավաք էր պահում, հստակ պատասխաններ էր տալիս, եւ, լրագրողների հարձակողական ելույթներին ի պատասխան, ԱՄՆ իշխանություններին մեղադրեց Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական կյանքին հնարավոր միջամտության մեջ: Հատկապես հիշարժան է Fox News հեռուստաընկերությանը նրա տված հարցազրույցը: Նա մասնավորապես հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանը Թրամփի դեմ ուղղված վարկաբեկիչ նյութեր է հավաքել այն պահից ի վեր, երբ Թրամփը, որը դեռեւս քաղաքականությամբ չէր զբաղվում, Մոսկվա էր այցելելՙ շինարարություն սկսելու նպատակով:

Հանդիպման դրական արդյունքներից մեկն այն է, որ վերականգնվել են 2012-2014 թթ. սառեցված հաղորդակցության գծերը երկու երկրների միջեւ: Բացի դրանից, Թրամփը Պուտինին հավաստիացրել է, որ պատժամիջոցների ցանկը չի ընդլայնվի:

Սիրիայի հարցում Պուտինը համաձայնել է իրանցիներին ոչ թե համոզել առհասարակ հեռանալ այդ երկրից, այլ հեռու մնալ Իսրայելին սահմանակից որոշ տարածքներից: Այսինքն Պուտինը որպես զիջում ներկայացրել է այն, ինչ առանց այդ էլ պիտի աներ, իսկ Թրամփը ձեւացրել է, թե դա չի նկատում: Արդյունքում նա հնարավորություն ստացավ հրապարակայնորեն հայտարարելու, թե ինքն է առաջ մղել այդ իսրայելամետ որոշումը, եւ ամենքը գոհ մնացին: Պուտինը հայտարարեց, որ Իսրայել-Իրան փոխհարաբերություններում Մոսկվան պահպանում է չեզոքություն:

Պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին մեծ խոչընդոտ կարող էր լինել այն, որ ԱՄՆ-ը եւ Ռուսատանը աշխարհաքաղաքական մի շարք հարցերի առումով տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ ունեն, բայց, ինչպես ասում են, ճանապարհը կհաղթահարի նա, ով կանի առաջին քայլը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ