ՔԱՐԱՇԵՆ ՏՈՒՆՙ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՍՊԱՍՈՒՄԻՑ ՀԵՏՈ Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանումՙ ինքնաշեն փայտե տնակում: Ավերիչ երկրաշարժից հետո, ընտանիքի հայրըՙ Մարտինը, փողոցում հայտնված փայտյա իրերից իր ձեռքերով տնակ է կառուցելՙ բազմանդամ ընտանիքին դրսում չթողնելու համար: Նրա հավատն ու նորի նկատմամբ սպասումը երբեք չեն լքել իրեն: Ավելին, փորձել է տնակի հարեւանությամբ քարե տուն կառուցելՙ ժամանակավոր կացարանն ամուր տանիքով փոխարինելու համար: Սոցիալական բեռը, սակայն, երեք տասնամյակով երկարացրել է երազանքի իրականացման ճանապարհը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հովհաննիսյանների նորՙ 4 սենյականոց տան կառուցման ավարտին հաշված օրեր են մնացել. գործընկեր կառույցների կամավորները համախմբվել ենՙ երկար սպասված տան շինարարությունն օր առաջ ավարտին հասցնելու համար: «Չորս տարի առաջ փորձեցինք քարը քարին դնել, բայց չկարողացանք կիսակառույցը տուն դարձնել: Անգամ ինքնաշեն դոմիկին փորձեցինք տան տեսք տալ, սակայն, միեւնույն է, այն դոմիկ մնացՙ առանց տարրական պայմանների. նեղվածքՙ ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար: Այսօր ամեն ինչ այլ է. վերջին շտրիխներն են մնացել, որ տեղափոխվենք նոր տուն, եւ ես երախտապարտ եմ ձեզՙ օգնության համար»,- ասել է ընտանիքի հայրըՙ Մարտինը : «Դժվարություններ հաղթահարելն ավելի բարդ է, քան դրա անհրաժեշտության մասին խոսելը: Կարծում եմ, որ նորություն չեմ ասում եւ շատերը գիտեն այդ ամենի մասին: Սակայն, երբ անհրաժեշտ է լինում անցնել փորձությունների միջով, իրավիճակը բացահայտում է, թե ով ինչպես է արձագանքում խնդիրներին: Շատ կարեւոր էՙ խնդիրների լուծման ճանապարհն անցնել արժանապատիվ եւ չկորցնել կամքն ու վճռականությունը: Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտանիքին դա հաջողվել է: Տրտնջալու եւ հարմարվելու փոխարեն, նրանք ընտրել են ստեղծելու, ձգտելու ճանապարհը: Մենքՙ կամավորներս, ուրախությամբ միացել ենք ընտանիքին, օր առաջ նրանց երազանքն իրականություն դարձնելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աշխատում ենք Հայաստանի ամբողջ տարածքում: Շիրակի մարզում յոթ տուն ենք կառուցել, որից մեկը սա էՙ Գյումրիում: Զարմանալի է, թե երկրաշարժից հետո, 30 տարի տնակում ապրելով, ընտանիքը հոգու ինչ տոկունություն է ունեցել: Դրա պարգեւատրումն այս արդյունքն է. ուրախ ենք արձանագրել, որ հերթական ընտանիքը վերջապես, բարեկարգ տուն կունենա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : Գործընկեր կազմակերպությունների կամավորներն օգնել են կատարել մայթերի բետոնապատման աշխատանքներ: Մեկ-երկու ամսից Հովհաննիսյանները կտեղափոխվեն նոր տուն: |