ԴԱՏԵԼ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԼՍԵԼ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Եթե Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանավորված, կնշանակի ՀՔԾ-ի կարծիքով երկրորդ նախագահը վտանգավոր է հասարակության համար, ինչը, օրինակ ՀՔԾ-ի գործող պետ Սասուն Խաչատրյանը առաջ, երբ Հայաստանում սիրո հեղափոխություն չէր եղել, չէր բարձրաձայնում, չնայած այդ մասին գիտեր, չնայած գիտեր նաեւ այն, որ ոչ պակաս հանցագործություն է հանցագործության մասին իմանալն ու չբարձրաձայնելը: Բայց մյուս կողմից, եթե ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա նախագահ էր ու հետեւաբարՙ անձեռնմխելի, կնշանակի դատարանի կարծիքով Ռոբերտ Քոչարյանը վտանգավոր չէ հասարակության համար, ու քանի որ մեր հասարակությունը սիրող հեղափոխությունից հետո հավատում է դատարանին, ուրեմն մենք պարտավոր ենք հավատալ նաեւ նրան, որ Քոչարյանը վտանգավոր չէ հասարակության համար: Չէ, ես չեմ պնդում, որ ՀՔԾ-ն հիմա հանդես գա հայտարարությամբՙ դատարանը ճիշտ էր, մենք սխալվեցինք նորաձեւ ոճով, բայց փաստն այն է, որ նոր Հայաստանում անկախ դատարանի կարծիով ՀՔԾ-իՙ խեղճացնող մեղադրանքը այնքան էլ խեղճացնող չէ կոնկրետ Քոչարյանի համար, քանի որ դատարանն, ահա, դրանք բավարար չգտավ երկրորդ նախագահին անազատության մեջ պահելու համար: Հիմա ՀՔԾ-ն կա՛մ պետք է նորանոր փաստեր հայտնաբերի, պեղի, գուցե նույնիսկ ստեղծի, Աստված ոչ անիՙ հորինի, որպեսզի դատարանը դրանց ծանրության սարսափի տակ Քոչարյանին ոչ միայն բանտարկի, այլեւ բանտախցի դռան վրա յոթանասունյոթ հատ կողպեք դնի, կամ էլ պետք է հասարակության բացատրի, թե օրինակ ինչո՞ւ, երբ Քոչարյանը հանգիստ որսորդություն էր անում աֆրիկաներում, օրինակ Սասուն Խաչատրյանի մտքով չանցավ նրան հարցաքննության կանչել, ապա մեղադրանք առաջադրել: Հիմա ՀՔԾ-ն քաղաքական պատվե՞ր է կատարում, ինչպես առա՞ջ... Բայց Քոչարյան-դատարան-ՀՔԾ-կատաղած ժողովուրդ այս մեծ խաղի մեջ ինձ ամենաշատը հետաքրքրեց այն, ինչը տեղի ունեցավ եկրորդ նախագահի ազատ արձակվելուց անմիջապես հետո: Քոչարյանը խոստացավ, որ ասուլիս կտա, որտեղ կպատասխանի մի շարք կարեւոր հարցերի ու կանի ուշագրավ հայտարարություններ: Այդ ասուլիսն, ինչպես գիտենք, տեղի չունեցավ, քանի որ Վարդգես Գասպարիիՙ պառկելու անհագուրդ ցանկությունը նրան տարել էր այն սրահ, որտեղ պետք է տեղի ունենար այդ ասուլիսը, իսկ որպես ժողովուրդ ներկայացած մի խումբ տղաներ ու աղջիկներ որոշել էին, որ ժողովուրդը չի ցանկանում լսել Քոչարյանի ձայնը, քանի որ, ինչպես իրենք են պնդում, ժողովուրդը զզվում է, հատկապես սիրո հեղափոխությունից հետո: Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ժողովուրդ ասելովՙ ո՞ւմ ի նկատի ունեն այս տղաներն ու աղջիկները, բայց ես վստահ եմ, որ իմ նման շատերին հետաքրքիր կլիներ լսել Քոչարյանին ու նրա թիմին, ընդ որում ոչ միայն հասկանալու, թե մարդն ինչ է ասումՙ որպես արդարացում, այլ որպեսզի լսեմ-իմանամ այլ անուններ, որոնց ուզում էր հնչեցնել Քոչարյանը հանուն իր արդարացման կամ հնարավոր արդարացման: Հիմա, եթե Քոչարյանին թույլ չեն տալիս խոսել, ապա պետք է հասկանալ, թե ո՞ւմ է դա ձեռնտու: Արդյո՞ք, օրինակ, Անտարկտիդայի պինգվիններին: Անշուշտ ոչ, քանի որ վերջիններս առավել շատ մտահոգված են գլոբալ տաքացման հիմնախնդիրներով ու Քոչարյանի հարցը մի տեսակ մանրուք է պինգվինական այդ մեծ հարցի դիմաց: Գուցե Իլհամ Ալիեւի՞ն, դե այսինքն մարդը չի ուզում, որ Քոչարյանը խոսի, ու Հայաստանում գործող իր ներկայացուցիչներին հորդորել է խափանել ասուլիսը: Բայց այս տարբերակն էլ իրական չի թվում, քանի որ Իլհամ Ալիեւը մի տեսակ չի կարող հայաստանյան իր գործերը վստահել Վարդգես Գասպարիին, օրինակ նրան: Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու Քոչարյանի լռելը, ակնհայտ է, որ այդ մեկը, կամ այդ խումբը հայաստանյան է, ընդ որում դժվար է ասել, թե հանրապետակա՞ն է, թե՞ նիկոլական: Այս երկու խմբին էլ կարող է ձեռնտու չլինել Քոչարյանի խոսքը, քանի որ երկրորդ նախագահը կարող է որոշ անուններ տալ, որոնք սուրբ են կա՛մ հանրապետականնների համար, կա՛մ էլ նիկոլականների: Հետեւաբար Քոչարյանը պետք է լռի, ու դա պետք է ներկայացնել որպես համաժողովրդական պահանջ, ինչը եւ հրաշալիորեն արեցին Վարդգես Գասպարին ու տղաները: Ես իհարկե չեմ պնդում, որ Քոչարյանն իր առաջին իսկ հայտարարություններով կամ առհասարակ խոսքով լույս է սփռելու Մարտի 1-ի գործի վրա, ու մենք հասկանալու ենք, թե ովքեր են իրական մեղավորներն ու որքան անմեղ է երկրորդ նախագահը: Բայց ես պնդում եմ, որ եթե որեւէ մեկին, մանավանդ նրան, ում մեղադրում են բոլոր հնարավոր հանցագործությունների մեջ, թույլ չեն տալիս խոսել, ապա դա ոչ պակաս հանցագործություն է, քան այն, ինչում այդ մարդը մեղադրվում է: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում 2008-ի մարտի 1-ին տասը մարդու սպանության գործով, նա մեղադրվում է այդ օրերին Հայաստանում սահմանադրական կարգի տապալման համար, դե այսինք բանակին հրամայել է ներքաշվել ներքաղաքական իրադրության մեջ, ճիշտ այնպես, ինչպես դա արել է Լեւոն Տեր-Պտրոսյանը 1996-ին, երբ Երեւանի փողոցներում հայտնվեցին տանկեր, իսկ տանկեր մանավանդ այդ ժամանակ միայն ՊՆ-ն ուներ: Բայց Տեր-Պետրոսյանին կարելի է, Քոչարյանինՙ ոչ: Ինչո՞ւ, օրվա իշխանությունը գիտի. օրինակ կարող է լինել իշխանություն, որը Քոչարյանի դեմ ոչինչ չունենա, բայց Տեր-Պետրոսյանին կալանավորի, կարող է լինել այնպիսի իշխանություն, որ երկուսին էլ ձեռք չտա: Բայց չի կարող լինել այնպիսի իշխանություն, որ երկուսին էլ ձեռք տա, քանի որ երբեք չի լինում այնպիսի իշխանություն, որի օրոք երկրում լիարժեք վերականգնվում է արդարությունը: Փաշինյանը խոստացել է, որ լինելո՞ւ է, լավ, բայց արդարություն է՞, երբ խստորեն չեն պատժվում նրանք, ովքեր թույլ չեն տալիս, որ մարդը խոսիՙ պաշտպանելով իրեն: Եթե այո, եթե կոնկրետ Քոչարյանը խոսելու իրավունք անգամ չունի, ապա էլ ինչո՞ւ են նրան դատում... Չնայածՙ հնարավոր է ՀՔԾ-ն է պարզապես ուզում հասկանալ, թե ե՞րբ էր ինքը իրավացի. այն ժամանա՞կ, երբ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հարցաքննության չէր կանչում, թե՞ հիմա, երբ պնդում է, որ նույնիսկ Քենեդիին Քոչարյանն է սպանել: |