ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ Հ.Ծ. «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ լույս է տեսել Ֆրեզնոյում «Հայկական Ուսումնասիրությունների ընկերության հանդեսի» (Journal of the Society for Armenian Studies) նոր, 26րդ հատորը դոկտ. Սերժիո լա Պորտայի խմբագրությամբ, որտեղ ընդգրկված են չորս հոդվածներ, ութը հրապարակումներ եւ երկու գրախոսականներ: Հոդվածներով հանդես են եկել Ջ. Ռասելը , Գ. Պարտաքճյանը , Հ. Մարությանը եւ Հ. Մախդումյանը , որոնք քննարկել են «Արեւորդիների երդումը», «Ամիրա» տիտղոսի առաջացումը, ինչպես նաեւ «Փրկություն» անվան տակ ներկայացված միջադեպերը Հայոց ցեղասպանության պատմության մեջ եւ Պատրիշա Սարաֆյան-Ուորդի «The Bullet Collection» գրքի հետ առնչվող հարցեր: Հրապարակումների բաժնում Մ. Սթոունը գրել է իր իսկ բնութագրմամբ «զարդանկարված ավետարանի» մասին, իսկ Ա. Մաղալյանը անգլերեն թարգմանությամբ հրատարակել է Աղվանից կաթողիկոսների անվանացանկը: Ի. Կրիմինզը (E. CreMeens) մինչ այժմ չհրապարակված սաղմոսագրի մասին է գրել, իսկ Ա. Սանջյանը քննության է առել 1918-20 թվերին հրատարակված թերթերի գները: Ա. Արսլանյանի նյութը շոշափել է Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի եւ Մերձավոր Արեւելքում այլ փոքրամասնությունների նկատմամբ կիրառված բրիտանական քաղաքականությունը: ՀՈՒԸՀ-ի գործադիր վարչությունը նոր գիտնականներ է նշանակել իր խմբագրական կազմումՙ փորձելով ավելի ընդարձակել հանդեսի տարածումը օտար ակադեմիական շրջանակներում: Ընկերության նախագահն է Պետրոս Տեր-Մաթոսյանը Նեբրասկա-Լինկոլն համալսարանից: |