RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ԷՍ ՔԵԶ, ԷՍ ԻՆՁ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5828, Տպվել է` 722, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՛Չ ԾՈՎ, Ո՛Չ ԷԼ ԼԻՃ

Պ.Ք.

Կասպից ծովը բաժանեցին հինգ մասի

Երկու տասնամյակ տեւած տարաձայնություններից հետո մերձկասպյան հինգ պետությունները ի վերջո հինգ մասի բաժանեցին Կասպից ծովըՙ աշխարհի խոշորագույն փակ ջրամբարը: Դա կդյուրացնի նավթի ու գազի արդյունահանումն ու տեղափոխությունը տարածաշրջանում, որը համեմատում են Պարսից ծոցի հետ:

Մինչեւ 1991 թվականը ծովը կիսում էին միայն Իրանը եւ նրա հարեւան ԽՍՀՄ-ը: ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանն ուզում էր բաժանումն իրականացնել լճի սկզբունքով եւ ամեն ինչ կիսել հավասարապես: Մյուս երկրները պնդում էին ծովային իրավունքի անհրաժեշտությունը, ըստ որի ամեն երկիր պետք է ունենա երկու տասնյակ կիլոմետր լայնությամբ ափամերձ ծովաշերտ, իսկ մնացյալը պետք է լիներ ընդհանուր:

Օգոստոսի 12-ին Ղազախստանի Աքթաու քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հանդիպում, որի արդյունքների հիման վրա ստորագրվել է տարածաշրջանի երկրների համար մեծ կարեւորություն ունեցող փաստաթուղթ Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ: Փաստաթղթի վրա աշխատանք է կատարվել 22 տարի: Պայմանագրի ստորագրման շնորհիվ Մոսկվան եւ Թեհրանը ստացան այնպիսի կարեւոր կետեր, որոնց թվում է Կասպից ծովում արտատարածաշրջանային ուժերի տեղաբաշխման բացառումը:

Ավելի վաղՙ 2017 թ. դեկտեմբերին Մոսկվայում մերձկասպյան հինգ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել էր վերջ դնել տարաձայնություններին եւ փաստաթուղթ ստորագրել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախքան պայմանագրի ստորագրումը առաջարկել էր ստեղծել մերձկասպյան հինգ երկրների ազատ առեւտրի գոտի:

Ստորագրված փաստաթղթի համաձայն, Կասպից ծովի մակերեւույթը բաժանվում է ափամերձ պետությունների միջեւ, իսկ հատակը եւ ջրաշերտը կիսվում են միջազգային պայմանավորվածությունների հիման վրա: Պայմանավորվեցին հատակը համարել ծով, իսկ ջրաշերտըՙ լիճ: Փաստաթղթում չկան հատակի բաժանման կանոններ. կողմերը ստիպված կլինեն փոխհամաձայնության գալ առանձին բանակցություններում:

Պայմանագրի մեջ օտար երկրների ռազմակայանների ստեղծումն արգելող կետի ներառումը լիովին չի երաշխավորում տվյալ արգելքի կիրառությունը, թեեւ դա ուժեղացնում է տարածաշրջանի անվտանգությունը: Հավելյալ բանակցություններ են անհրաժեշտ պայմանագրի մի շարք դրույթնորի վերաբերյալ:

Օգոստոսի 12-ին կայացած գագաթաժողովում կողմերը պայմանավորվեցին, որ խնդրո առարկա ջրատարածքը ծով չէ (ուստի դրա նկատմամբ կիրառելի չեն ՄԱԿ-ի ծովային իրավունքի սկզբունքները), բայց լիճ էլ չէ (այսինքն կիրառելի չէ լճերի բաժանման սկզբունքը, ըստ որի բաժանվում է միայն հատակը): Ինչպես գրում է Коммерсант թերթը, փաստաթղթում մտցվում է 15 մղոնանոց տարածքային ջրերի սկզբունքը, որտեղ ափամերձ պետությունն ունի իրավադատության ամբողջական իրավունք, իսկ այդ ջրերի սահմանագիծը ճանաչվում է իբրեւ պետական սահման: Այդ սահմանից դուրս գտնվող տասը մղոնանոց գոտին համարվում է ձկնորսական ջրատարածք, իսկ Կասպից ծովի մնացյալ ամբողջ ջուրը ճանաչվում է ընդհանուր:

Սակայն ձկնորսական գոտում ափամերձ պետությունը կարող է իրականացնել նավերի հիմավորված ստուգումներ: Պայմանագրում մանրամասն նկարագրված են ջրատարածքների օգտագործումը, ներառյալ առեւտրային նավագնացությունը, ձկնորսությունը, գիտական հետազոտությունները, Կասպից ծովի վրայով կատարվող ավիաթռիչքները: Լրջորեն մշակված են այն պայմանները, որոնց համաձայն ռազմանավերը կարող են մուտք գործել ուրիշ երկրի ջրատարածք: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի մասնակից հինգ երկրների վավերացումից հետո:

Կարեւոր դրույթներից մեկն արգելում է Կասպից ծովում արտաքին ուժերի ներկայությունը: Սակայն չլուծված է մնում կարեւորագույն հարցըՙ հատակի սահմանազատումը, որտեղ գտնվում են նավթի ու գազի խոշոր պաշարներ: Ամերիկյան Energy Information Administration գործակալության հաշվարկների համաձայն, Կասպից ծովի ընդերքը պարունակում է նավթի ու գազի 6,5 մլրդ տոննա նավթի ու գազի ապացուցված եւ հավանական պաշարներ: Ընթացիկ գներով դա կազմում է մոտավորապես ութ մլրդ դոլար:

Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունը մինչեւ օրս խանգարում էր հատակով Թուրքմենստանից Ադրբեջան գազամուղի անցկացմանը, ինչը երկու կողմերին հնարավորություն կտար տարեկան մինչեւ 100 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել Газпром-ի համար վճռական նշանակություն ունեցող եվրոպական շուկա: Դա կազմում է Եվրոմիության երկրների գազի ներկայիս ներմուծման մոտավորապես մեկ քառորդը:

Եվրոպացի փորձագետների կարծիքով պայմանագրի առավել հետաքրքրական մասը 14-րդ հոդվածն է, ըստ որի ափամերձ պետությունը նավթամուղ կամ գազամուղ կառուցելու հնարավորություն է ստանում միայն այն երկրների համաձայնությամբ, որոնց ջրատարածքներով պետք է անցնեն այդ խողովակաշարերը: Դա վերաբերում է գլխավորապես հարավային եռյակինՙ Ադրբեջանին, Իրանին եւ Թուրքմենստանին, որոնք վեճեր են ունեցել ծովային հանքավայրերի պատկանելության առնչությամբ: 1994 թ. Բաքվում ստորագրված «դարի պայմանագրի» հիման վրա Բաքուն սկսեց մշակել հանքավայրեր Կասպից ծովի իր հատվածում, թեեւ ջրատարածքը դեռ բաժանված չէր պետությունների միջեւ:

Հետո Աշխաբադը հայտարարեց, որ Ազերի եւ Չիրագ հանքավայրերը գտնվում են ոչ թե ադրբեջանական, այլ թուրքմենական հատվածում: Ապա Եվրոմիությունն առաջարկեց ծովի հատակով անցկացնել խողովակաշար, որով թուրքմենական գազը կհասցվեր Եվրոպա: Վեճը ձգձգվեց այն պատճառով, որ հավակնություններ դրսեւորեց նաեւ Թեհրանը: Պայմանագրի ստորագրումից հետո վիճահարույց հարցերը մնում են, քանի որ ծովի հատակով խողովակաշարի անցկացման համար հարկավոր է նաեւ այն երկրների համաձայնությունը, որոնց ջրատարածքով չի անցնում խողովակաշարը:

Ադրբեջանը հույս ունի թուրքմենական գազի շնորհիվ լրացնել սեփական գազի անբավարարությունը, ինչը արդյունահանված գազի մեծ մասի արտահանման հետեւանքն է: Բաքվի եւ Անկարայի անցկացրած Անդրանատոլիական գազամուղն առայժմ լցված է միայն կիսով չափ: Բայց Թուրքմենստանը ունի՞ արդյոք «ազատ գազ»:

Բրիտանական Financial Times թերթը գրում է, որ Ռուսաստանը Կասպյան տարածաշրջանը վաղուց համարում է սեփական ազդեցության գոտի եւ տարիներ շարունակ փորձում է իր ազդեցությունը պահպանելՙ պայքարելով այնպիսի նախագծերի դեմ, ինչպիսին է Թուրքմենստանից Ադրբեջան գազամուղի անցկացումը: Թերթը գրում է, որ Կրեմլը համաձայնեց Կասպից ծովի բաժանման պայմաններին, որպեսզի կարգավորի հարաբերությունները Թեհրանի հետ եւ բարձրացնի միջինասիական հանրապետությունների հետ համագործակցության մակարդակը այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը եւ Չինաստանը փորձում են թափանցել տվյալ տարածաշրջան:

Փոխարենը Ռուսաստանը ստանում է պայմանագրին չմասնակցող որեւէ երկրի ներկայության արգելք, այսինքն ռուսական նավատորմը ձեռք է բերում վերահսկողություն ծովի նկատմամբ: Verisk Maplecroft ընկերության փորձագետ Կամիլլա Հագելունդը նշում է, որ Մոսկվան Կասպից ծովի բաժանման շարժիչ ուժն է եղել, մնում է պարզել, թե նա փոխարենը ինչ է զոհաբերել: Անվտանգության տեսակետից Ռուսաստանը շահել է:

Կասպիական համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեեւի կարծիքով Իրանի համար չափազանց կարեւոր է Կասպից ծովում օտարերկրյա ռազմական ներկայության բացառումը: Շատերի համար առեղծված է մնում, թե ինչու Թեհրանը համաձայնեց ստորագրել պայմանագրի տվյալ տարբերակը: Երկար ժամանակ փաստաթղթի ստորագրումը ձգձգվում էր հենց Իրանի դիրքորոշման պատճառով, եւ փոփոխության հավանական պատճառը ԱՄՆ-ի պատժամիջոցներն են: Իրանը հավակնում էր խոշոր պատառ ստանալ Կասպից ծովի հարավում: Խոսքը ծովի 25 տոկոսը ստանալու, 15 մղոնանոց գոտին մերժելու մասին է, թեեւ պարզ էր, որ դա անհնար է:

Փաստաթուղթը փաստորեն շրջափակում է մերձկասպյան երկրների հետ համագործակցությունը խորացնելու փորձերը, գրում է Financial Times-ը: Ստորագրման նախօրեին Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրահմանովը հայտարարել էր, որ իր երկիրը չի ծրագրում ամերիկյան ռազմակայաններ բացել Կասպյան տարածաշրջանում: Նրա խոսքերով, Ղազախստանի տարածքով տարանցիկ ճանապարհով դեպի Աֆղանստան կտեղափոխվեն միայն խաղաղ բնույթի ամերիկյան բեռներ:

Հարկ է նշել, որ Կասպից ծովը հաղորդակցական հանգույց է Եվրասիայի կենտրոնի, Մեծ Մերձավոր Արեւելքի, Անդրկովկասի եւ Թուրքմենստանի միջեւ: Այնտեղ ձեւավորվում են ազատ առեւտրի երկու գոտիներՙ ԵԱՏՄ եւ ԱՊՀ մաքսային միությունը, մի քանի ինտեգրացիոն միավորումներ (ՀԱՊԿ, Շանհայի համագործակցության կազմակերպություն), ինչպես նաեւ Մոսկվայի գործընկերների երկկողմ հարաբերությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ