RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3882, Տպվել է` 578, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՅՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թեեւ Գերմանիայի կանցլերի մեր տարածաշրջան այցը նախածրագրված էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն Հարավային Կովկասում, ինչպես սիրում են գերմանացիները կոչել Անդրկովկասը, վերջին ամիսներին արձանագրված նոր եւ նորագույն զարգացումները ինչ-որ չափով նոր բովանդակություն են հաղորդում Անգելա Մերկելի ներկա շրջագայությանը, որ երեկ սկսվեց Թբիլիսիից, այսօր եւ վաղը կշարունակվի Երեւանում, իսկ վաղը-մյուս օր կավարտվի Բաքվում: Այսուհանդերձ, ուզենք թե չուզենք պիտի խոստովանենք, որ այցի բովանդակային մասն սկսվել էր դեռեւս օգոստոսի 18-ին, Բեռլինի մոտ գտնվող Մեզենբերգ ամրոցում, որտեղ կանցլերը շուրջ երեքուկես ժամ առանց թարգմանչի հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Ինչպես վկայել էին գերմանական աղբյուրները, այդ հանդիպման ընթացքում բացի երկկողմ հարաբերություններից, ամերիկյան նոր պատժամիջոցներից, էներգակիրների ռուսական եւ ադրբեջանա-թուրքական խոշոր ծրագրերից, Ուկրաինայի եւ գլխավորաբար Դոնեցկի հակամարտությունից, ՆԱՏՕ-ին անդամագրվելու վրացական անզուսպ ցանկությունից եւ Իրանի միջուկային կնճռից, քննարկվել էին նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությանը առնչվող հարցեր:

Արդարեւ, տարածաշրջանում հրատապ հարցերի մի ողջ համալիր է սպասում Եվրոպայի ամենակարեւոր երկրի ղեկավարին, որի ներկա այցը, հետեւաբար, դուրս է գալիս ճանաչողականի շրջանակներից եւ իր անդրադարձումներով դառնում է շահագրգռական ոչ միայն Մերկելին ընդունող երկրների, այլեւ նույնինքն այցելուի համար:

Անշուշտ մեզ համար կարեւորն ու առաջնահերթը Երեւանում կանցլերի անցկացնելիք 24 ժամն է, որի օրակարգի վերաբերյալ մերոնց պաշտոնական տեղեկատվությունը այնքան ժլատ է հատկապես բովանդակային տեսակետից. նախատեսվում են հանդիպումներ վարչապետի, նախագահի, Ամենայն հայոց հայրապետի հետ, այցՙ Ծիծեռնակաբերդ, մինչդեռ բովանդակությունը մնում է... առերեւույթ անբովանդակ: Հետեւաբար մեղադրելի չէ ենթադրությունների օգնությանն ապավինելը:

Սակայն առանց ենթադրության էլ պարզ է, եւ այստեղ մեզ օգնության է գալիս գերմանական կողմը, որ քննարկություններում գլխավորը լինելու է ղարաբաղյան հակամարտությունըՙ Մինսկի խմբի միջնորդական առաքելության անարդյունավետությունը, շփման գծի երկայնքով եւ բուն ՀՀ-ի սահմանների վրա, վերջերս նաեւ Նախիջեւանի տարածքով, ամենօրյա հրաձգությունների եւ զորքերի կուտակման պայմաններում: Հայտնի են այս հարցում Բաքվի դժգոհությունները Գերմանիայից, որ, ըստ ադրբեջանցիների, անհրաժեշտ ճնշում չի բանեցնում հայկական կողմի վրաՙ զիջումներ պարտադրելու իմաստով:

Հայկական կողմի համար անհրաժեշտ պիտի լինի ստուգել կանցլերիՙ Մինսկի խմբի առաքելության մասին նախապես բազմիցս արտահայտած հայտնի տեսակետի տոկունությունը մեկ կողմից, իսկ մյուս կողմիցՙ վարչապետ Փաշինյանի քանիցս արտահայտած տեսակետի ընդունման հնարավորությունըՙ բանակցություններում Ստեփանակերտն ընդգրկելու վերաբերյալ: Մեզ համար կարեւոր է նաեւ պարզել, թե ինչո՞ւ են ձգձգվում շփման գծի երկայնքով կրակային կետերը հսկող-արձանագրող արդիական սարքավորումների տրամադրումը, որն արդեն վաղուց խոստացել էր Բեռլինը եւ որոնք այնքան անհրաժեշտ են հակառակորդի ոտնձգությունները փաստելու տեսակետից:

Նվազ, բայց նույնպես կարեւոր է կանցլերի ուշադրությանը հանձնել Հայաստան ապաստան գտած շուրջ 20 հազար սիրիահայերի պարագանՙ փախստականների դեպի Եվրոպա գաղթը կասեցնելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու Բեռլինի պատրաստակամության շրջանակներում:

Բաց աստի, իմ կարծիքով անհրաժեշտ է նաեւ վերջապես գերմանական կողմի առջեւ պարզել Հայաստանի տեւական զարգացման համար կարեւոր ենթակառույցներից մեկի, օրինակՙ ջրային ռեսուրսների խնայողության եւ ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի ֆինանսավորման խնդիրը: Ոչ վաղ անցյալում, իմ ունեցած հավաստի տեղեկություններով, նման խոշոր մի ծրագիր հովանավորելու պատրաստակամության մասին խոսվել է Գերմանիայի խորհրդարանի կուլիսներում, որպես «փոխհատուցում» այդ երկրի մեղսակցությանը Ցեղասպանության գործում:

Միով բանիվ, 24 ժամյա լուրջ եւ լրջագույն հարցերի քննարկում է ակնկալվում այսօր եւ վաղը Երեւանում: Չգիտենքՙ հայկական կողմը վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ ինչպես եւ որքան լավ է նախապատրաստվել այս հանդիպմանը, սակայն գիտենք, որ Գերմանիայի լրջախոհ ու տոկուն լեյդին միայն զուտ ճանաչողական նպատակներով չի ժամանելու Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ