RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 5378, Տպվել է` 579, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐԵՐԻՑ ԻՋԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՁԻԱՎՈՐ

Հ. ԱՖՅԱՆ

Չնայած Ագռավաքարը դեռ փակ էՙ Հայաստանում շուտով կստեղծվի նոր կուսակցությունՙ Սասնա ծռեր: Այն ստեղծում են ոչ թե Մեծ ու փոքր Մհերները կամ Սասունցի Դավիթը, այլ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը,... Մի խոսքովՙ Սասնա ծռեր կուսակցությունը ոչ մի կապ չունի էպոսի հետ, ավելի ճիշտՙ Մըսրա Մելիքն ավելի շատ կապ ունի էպոսի հետ, քան այս կուսակցությունը: Շուտով կլինի հիմնադիր համագումարը, մինչ այդ չի բացառվում, որ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը նույնպես փոխվի ու մարդը կարողանա համագումարին մասնակցելՙ առաջին շարքերում նստած, գուցե անգամ ընտրվի կուսակցության վարչության նախագահ, կամ անդամ: Չնայած այս խմբում այնքան զիլ տղերք կան, որ Պավլիկ Մանուկյանին կարող է եւ կուսակցական պաշտոն չհասնել: Ինչեւէ, Հայաստանում սահմանադրական կարգի տապալման կոչերով հանդես եկած, կոնկրետ եւ զինված գործողությունների դիմած, ոստիկանության գնդի վրա հարձակում գործած, դիտավորյալ կամ ակամայից մարդասպանություն կատարած խումբը մտնում է քաղաքականություն, որպեսզի երկրում այլեւս սամանդրական կարգի տապալման փորձ, զինված գործողություններ, ոստիկանության գնդի վրա հարձակումներ, դիտավորյալ կամ ակամայից սպանություններ չլինեն: Ասում են, որ Ծռերը դիմել են նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որպեսզի վերջինս անհապաղ անդամագրվի իրենց կուսակցությանը, հակառակ պարագայում Ծռերը խոստանում են դա բռնի ուժով հնարավոր դարձնել:

Եթե ավելի լուրջ, ապա ո՞վ պետք է ընտրի Ծռերին, չէ՞ որ մարդիկ, եթե կուսակցություն են ստեղծում, ուրեմն մտադիր են մասնակցել քաղաքական ընտրություններին, հայտնվել Ազգային ժողովում (հուսանքՙ ԱԺ անվտանգության աշխատակիցները կստուգեն, որ նրանք զենք չտանեն իրենց հետ խորհրդարան), չի բացառվում, որ Ծռերն ուզում են դառնալ քաղաքական մեծամասնություն եւ, օրինակ, Արայիկ Խանդոյանին ընտրեն վարչապետ, Վարուժան Ավետիսյանինՙ ԱԺ նախագահ, Պավլիկ Մանուկյանինՙ ՀՀ Ազգային հերոս, Ժիրայր Սեֆիլյանինՙ այս ամենի ու բոլորի հրամանատար,... Եւ ուրեմն, հենց այս համատեքստում, ո՞վ է ընտրելու Սասնա Ծռերին, ասենք հաջորդ խորհրդարանական ընտրություններում: Դատելով կուսակցություն բացելու արձագանքներիցՙ ընտրողներ կլինեն, ու հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրություններն այսուհետ արդար ու թափանցիկ են լինելու, Ծռերը լուրջ շանսեր ունեն, նրանք կարող են նույնիսկ իշխանական Քաղաքացիական պայմանագրին նետել աղբարկղը, ներողություն, հաղթել, ապացուցելով վարչապետ Փաշինյանին, որ ՊՊԾ-ի օրերին իրենք ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանըՙ սխալ, եւ հենց դրա համար նրան չէին թողել իրենց մոտենալ: Այսինքն, այն հեռանկարը, որ Արայիկ Խանդոյանը կարող է դառնալ ՀՀ վարչապետ, ամենեւին էլ անիրատեսական չէ. բավական է, որ համացանցում տարածվեն նրաՙ զենքը ձեռքին, ժպիտը դեպքին լուսանկարը, ու ժողովուրդը Հանրապետության հրապարակում կգոչիՙ Խանդոյան-վարչապետ: Ծռերը Փաշինյանի դեմ չե՞ն գնա: Ո՞վ ասաց, գոնե Ծռերը նման բան չեն հայտարարել: Ավելին, եթե այսօր Փաշինյանն իշխանությունն է, ու Ծռերը կուսակցություն են բացում, ո՞ւմ դեմ են պայքարելու, ի՞նչ նպատակով են բացում, եթե Փաշինյանին ցանկացած հարցում, գոնե կարեւորագույն հարցերում աջակցում են ու համակարծիք են հետը, ապա ինչո՞ւ չեն մտնում Քաղաքացիական պայմանագիր, այլ գերադասում են հեծնել սեփական Քուռկիկ Ջալալին ու թափահարել Թուր Կեծակին...

Ուրեմն Ծռերն ու Փաշինյանը տարբեր բաներ են, միշտ են տարբեր եղել, պարզապես հիմա, երբ Փաշինյանն իշխանություն է, ոչ թե ՊՊԾ գնդի դիմաց միտինգ անող ցուցարար, ընդ որում Փաշինյանը հենց այն իշխանությունն է, որի կարծիքով Ծռերն ամենեւին էլ վտանգավոր չեն հասարակության համար ու կարելի է փոխել նրանց խափանման միջոցը, այս տարբերակումը շեշտելն ավելի կարեւոր է դառնում: Ի՞նչ կանի Փաշինյանն օրինակ այն ժամանակ, երբ արդեն գործող Սասնա Ծռեր կուսակցությունը ոչ միայն հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնի, այլեւ ըստ Ահարոն Ադիբեկյանիՙ հաղթելու լուրջ շանսեր ունենա: Կզանգահարի՞ արդյոք նա առաջին անգամ դատավորինՙ պատվիրելով նորից կալանավորել Ծռերին ու վերջապես շատ արագ մեղավոր ճանաչել նրանց ՊՊԾ-ի գործով, դժվար է ասել: Ամեն դեպքում, Ծռերը հայտարարել են, որ եթե հիմա դատարանը վճռի, որ իրենք մեղավոր են, ուրեմն, ինչպես իրենք են ասումՙ Սերժիկը չի հեռացել: Այսինքն Ծռերը շանտաժի են ենթարկում վարչապետին, ուրեմն չեն վստահում Փաշինյանինՙ շարունակելով նրան, գոնե հոգու խորքում, գոնե իրենք իրենց մեջ ընկալել որպես Սերժի մարդ:

Այնպես որ հարցն իրականում այն չէ, թե ով է ընտրելու Ծռերին, այլ այն է, թե ի՞նչ են անելու Ծռերը, եթե չհայտնվեն խորհրդարանում: Կա տարբերակ, որ գրավելու են այն: Ընդ որում, եթե Ծռերը մասնակցեն ընտրություններին, ուրեմն դատարանը նրանց անմեղ է ճանաչել ՊՊԾ-ի գործով, իսկ եթե Ծռերն անմեղ են ՊՊԾ-ի գործով, կնշանակի կարելի է գրավել ամեն ինչՙ այդ թվում խորհրդարանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ