RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3764, Տպվել է` 573, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿՓՐԿԻ՞ ԱՐԴՅՈՔ ՄԵՐԿԵԼԻՆ

Պ.Ք.

Նախատեսվում է Սիրիային նվիրված քառակողմ հանդիպում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ին կարճատեւ այց կատարեց Գերմանիա: Նա ժամանեց Մեզեբերգեում պատվավոր հյուրերի համար նախատեսված նստավայր, որտեղ բանակցեց կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, զրույցը տեւել է մոտ երեքուկես ժամ, ըստ որում երկար ժամանակ զրուցակիցները շփվել են անմիջականորեն, առանց թարգմանիչների: Հանդիպման ձեւաչափը չէր նախատեսում մամլո ասուլիս:

Դրա հետ մեկտեղ, Պուտինը եւ Մերկելը հանդիպումից առաջ հայտարարություն արեցին մամուլի համար: Հանդիպման թեմաները արծարծվեցին ընդհանուր գծերով. Ուկրաինա, գազի տարանցում, Իրան, ռուս-գերմանական տնտեսական համագործակցություն, Սիրիա: Գերմանիայի ներքաղաքական իրադրության կապակցությամբ առանձնակի կարեւորություն է տրվել Սիրիայի խնդրին:

Գաղտնիք չէ, որ Անգելա Մերկելը ներկայումս բավական բարդ կացության մեջ է հայտնվել եվրոպական երկրներում հյուսիսաֆրիկացի եւ մերձավորարեւելցի գաղթականների զանգվածային եւ անվերահսկելի ընդունման հետեւանքով: Առաջին հերթին դա վերաբերում է Գերմանիային: Այսպես, հանդիպման նախօրեին կանցլերին թշնամաբար էին ընդունել Դրեզդենում: Եվրոպայի իսլամացման դեմ պայքարող PEGIDA շարժման ակտիվիստները կազմակերպել էին բողոքի ելույթՙ ուղղված Անգելա Մերկելի այն որոշման դեմ, ըստ որի 2015 թ. Գերմանիայի սահմանները բացվել էին ավելի քան մեկ միլիոն գաղթականների, հիմնականումՙ մահմեդական երկրների ներկայացուցիչների առջեւ:

Ցուցարարները հանդես էին եկել «Չքվի՛ր» եւ «Մերկելը պետք է հեռանա» վանկարկումներով: Գերմանացիներից շատերը ներգաղթյալներին մեղադրում են հանցագործությունների թվի աճի եւ մասնավորապես կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, գրում է բրիտանական Sunday Express հրատարակությունը: Բաց դռների քաղաքականությունը առաջացրեց հակագաղթականական տրամադրությունների աճ եւ ուժեղացրեց «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դիրքերը Բունդեսթագի ընտրություններում, շարունակում է հրատարակությունը: Դրա հետեւանքով անցյալ տարի Մերկելը թեեւ կարողացավ կանցլերի պաշտոնում վերընտրվել չորրորդ անգամ անընդմեջ, բայց ստիպված եղավ սուր հակամարտության մեջ մտնել հանուն կոալիցիոն կառավարության ստեղծման, եւ այդ պահից նրա դիրքերը զգալիորեն թուլացան: Ներկայումս Մերկելը ստիպված է խորհել այն մասին, թե ինչպես կարելի է սեփական անձի համար նվազագույն կորուստներով լուծել ներգաղթյալների խնդիրը:

Իսկ դա ենթադրում է աշխատանք շատ երկրների, այդ թվում Սիրիայի եւ հենց նախագահ Ասադի կառավարության հետ: Սիրիայի առաջնորդը հմտորեն ընտրել է դաշնակիցներինՙ առաջին հերթին օգնության խնդրանքով դիմելով Մոսկվային: Ռուսական բանակը նշանակալի ավանդ ներդրեց Սիրիայում ջիհադիստների եւ ծայրահեղականների դեմ մղվող պայքարումՙ նպաստելով պատերազմի դադարեցմանը: Ինչպես վերջերս հայտարարեց Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի մարդասիրական հարցերի գծով խորհրդական Յան Էգելանը, «մենք սկսում ենք տեսնել այդ հակամարտության վերջը»: Սկսվում են պատերազմից բզկտված երկրի վերականգնումը եւ այնտեղից փախած սիրիացիների վերադարձը: Եվ այստեղ կարեւորվում է ժամանակավոր բնակության վայրերից սիրիացի գաղթականների հայրենադարձման հարցըՙ նայած այն հանգամանքին, թե սիրիացիներին ընդունած երկիրը մասնակցո՞ւմ է արդյոք Սիրիայի վերականգնմանը, թե՞ ոչ: Երկրորդ, քաղաքական որոշակի ազդեցության հնարավորություն ունի Թուրքիան, որը կարող է որոշել սիրիացի գաղթականներին երկրի ճամբարներում պահել, թե՞ թույլատրել նրանց տեղաշարժը դեպի Եվրոպա:

Գերմանիայի համար Սիրիայի հարցի կարեւորության մասին խոսվեց նաեւ Սոչիում Մերկելի եւ Պուտինի հանդիպման ժամանակ: Մերկելը կարեւոր է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո սկսված գործընթացը, որին պետք է մասնակցի նաեւ Գերմանիան: Ավելի ուշ Գերմանիա այցելեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը: Ինչպես նշում է ֆրասիական Le Monde թերթը, Մերկելը ձգտում է ամեն գնով խուսափել Սիրիայի հումանիտար աղետից, ինչը կարող է խորացնել միգրացիոն ճգնաժամը, իսկ Պուտինին եվրոպացիների օգնությունն է հարկավոր Սիրիայի վերականգնման համար:

Մեզեբերգեի հանդիպման նախօրեին Պուտինը հայտարարեց Սիրիային մարդասիրական օգնության հատկացումն ավելացնելու անհրաժեշտության մասինՙ նկատի ունենալով արտերկում գտնվող սիրիացիների վերադարձին օժանդակելու կարեւորությունը: Պուտինը նաեւ հիշեցրեց, որ Հորդանանում եւ Լիբանանում կան մեկական միլիոն սիրիացի գաղթականներ, իսկ Թուրքիայում նրանց թիվը մոտ երեք միլիոն է: Դա Եվրոպայի համար հավելյալ բեռ է, ուստի հարկավոր է այնպես անել, որ այդ մարդիկ կարողանան վերադառնալ հայրենիք: Դրա համար հարկավոր է Սիրիայում վերականգնել ջրամատակարարումը, ջրահեռացումը, բուժսպասարկման ոլորտը, տարրական բաներՙ որոնց իրականացմանը համաձայն կլինի Եվրոպան: Հանդիպմանը նախորդած մամլո ասուլիսում Պուտինը հայտարարեց, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ միգրացիոն ճգնաժամ:

Անշուշտ, Մերկելի համար դյուրին չի լինի գաղթականների խնդիրը լուծել դաշնային կառավարությունում, որտեղ նրան քննադատում են նույնիսկ կոալիցիոն դաշնակիցները: Բայց խնդրի լուծումը կանցլերության սահմանադրական ժամկետի ընթացքում պաշտոնը պահպանելու գրեթե միակ հնարավորությունն է Մերկելի համար:

Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված սառը հարաբերությունների մի քանի տարիներից հետո Մոսկվան եւ Բեռլինը կարծիքների ընդհանրություն դրսեւորեցին մի շարք հարցերի շուրջ, ինչպիսին է օրինակ Իրանի միջուկային ծրագիրը, արձանագրում է ֆրանսիական Le Monde-ի բեռլինյան թղթակիցը:

Ռուս-գերմանական մերձեցման խթաններից մեկը տնտեսությունն է: Ռուսաստանը ենթակա է դարձել ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին: Նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում, որ ինքը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծին, որը պետք է կրկնակի ավելացնի ռուսական գազի մատակարարումը Գերմանիային:

Մերկելի հետ հանդիպման ժամանակ Պուտինը Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների կարեւորությունը հիմնավորեց հետեւյալ փաստարկներովՙ գազի մատակարարումների անվտանգությունն ու հուսալիությունը, Ռուսաստանում գերմանական ընկերությունների դուստր ձեռնարկությունների ներկայությունը եւ խոշոր ներդրումները:

Գերմանիան իր հերթին հույս հայտնեց, որ Ղրիմի միացումից չորս տարի անց Ուկրաինայում վերջապես կգործի ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունը: Սիրիայի հարցում Մերկելը կողմնակից է սահմանադրական բարեփոխումներին: Ռուսաստանը իր հերթին մտադիր չէ դադարեցնել օգնությունը Բաշար Ասադին: Կողմերի դիրքորորշումների մերձեցման վկայություններից մեկը դարձավ Իրանի միջուկային բազմակողմ համաձայնագրի պաշտպանությունըՙ ի հակակշիռ ԱՄՆ-ի դիրքորոշման: Երկու ղեկավարները այդպիսով ակնարկեցին Վաշինգտոնին, որ իրենք մերժում են ԱՄՆ-ի ցանկացած շանտաժ:

Կողմերը պայմանավորվեցին «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության նախագիծը պաշտպանել ԱՄՆ-ի հարձակումներից: Երկու ղեկավարները կարծում են, որ նախագիծը չպետք է քաղաքականացվի: Մերկելի կարծիքով, նոր գազատարի նախագիծը չպետք է խանգարի Ուկրաինայի տարածքով գազի տարանցմանը, որի շարունակումը պետք է երաշխավորվի:

Մերկել-Պուտին բանակցությունների ժամանակ որոշում է ընդունվել Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված քառակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ: Երկուշաբթի Բեռլինում ճեպասուլիսի ժամանակ դա հաստատել է դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը : Թուրքիայի նախագահ Էրդողանի հրապարակած տվյալների համաձայն, քառակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 7-ին:

Զայբերտը իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ը եւ այդ երկրում կազմակերպության հատուկ լիազոր Շտեֆան դե Միստուրան: Գոյություն ունի կարգավորման երկու ձեւաչափ. մեկը Աստանայի խումբն է, իսկ մյուսըՙ այսպես կոչված «փոքր խումբը», որի մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան: Երկու խմբերն էլ սերտորեն համագործակցում են դե Միստուրայի հետ եւ օժանդակում նրա ձեռնարկած գործընթացի իրականացմանը:

Ինչ վերաբերում է իսլամիստներից սիրիական բանակի ազատագրած տարածքների վերականգնման ֆինանսավորմանը Գերմանիայի իշխանությունների մասնակցությանը, ներկայումս դա Բեռլինի գլխավոր մտահոգությունը չէ: Զայբերտի խոսքերովՙ այժմ, երբ տեղ-տեղ վերսկսվում են ռազմական գործողությունները, Իդլիբում հումանիտար աղետի առկայության պայմաններում, անհրաժեշտ է հասնել խնդրի քաղաքական լուծմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ