ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՆՈՐՎԵԳԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ Հ. Ծ. Օսլոյաբնակ Սվեն-Էրիկ Ռայսը նորվեգացի լրագրող է, որն այնքան հմայված է Հայաստանով, որ իր համար ընտրել է հայկական անունՙ Տիգրան Վան : Վերջերս նա լույս է ընծայել անգլերեն թարգմանությունը իր հեղինակած «Հայաստան: Ինչո՞ւ եմ սիրում Արմենիան» (Hayastan-Why I Love Armenia) խորագրով գրքի, որն այժմ կարելի է առցանց պատվիրել եւ գնել, այցելելով «www.armeniabook-shop» անձնական կայքը, կամ «www.armenia.no» Նորվեգիայում Հայկական մշակութային ասոցիացիայի կայքը: Գիրքը սիրո խոստովանություն է նվիրված Հայաստանին եւ հայ ժողովրդին: Երկար տարիներ մանրամասն ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության հետ կապված հարցերը, հաճախելով բազմաթիվ դասախոսությունների, նաեւ Հայաստան այցելելով նա համոզվել է, որ ինքը պետք է հայոց դատը ներկայացնի նորվեգացիներին: 2016-ի ձռմանը նա իր տպավորություններով հարուստ նորվեգերեն գիրքը ներկայացրել է տպագրության: Մինչ այդ բազմաթիվ հոդվածներով նա հանդես է եկել տեղական մամուլում, ինչպես նաեւ զբոսաշրջային խմբեր առաջնորդել դեպի Հայաստան: Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում եւ պահանջ է զգացվել այն թարգմանելու անգլերենի: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված հաղորդագրության, գիրքը մտերմիկ զրույց է, հարուստՙ հումորով պատված հետաքրքրական պատմություններով: Քննարկվել են ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Արցախի հակամարտության հարցերը: Առաջաբանը գրել է պետական NRK հեռահաղորդակցության վետերան լրագրող Յան Օտտո Յոհանսենը ՙ գրքի հեղինակի աջակցությամբ: «Ուշագրավ, կլանող եւ տեղեկություններով հագեցած մի գիրք, որի էջերում Սվեն-Էրիկ Ռայսը այնպիսի ճանապարհորդության է առաջնորդում ձեզ, որ երբեք պիտի չուզենայիք ավարտվի», գրել է հրատարակման առթիվ գրող եւ հեռուստատեսային ճանաչված հաղորդավար Ստեյն-Մորտեն Լիերը: |