RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 5498, Տպվել է` 576, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԱՐԱՐՔՆԵՐՆ ՍՊԱՌՎՈ՞ՒՄ ԵՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Նորանոր Տեխնոլոգիաների առաջ գալով արագորեն փոխվեց իրավիճակն աշխարհում: Կար ժամանակ, երբ որեւէ երկիր նվաճելու համար անհրաժեշտ էր ներխուժել եւ ասպատակել այն: Այսօր ֆիզիկական սահմանները այլեւս չեն կարող պաշտպանել որեւէ երկրի, քանի որ կան ավելի հզոր, ազդեցիկ միջոցներՙ հանձինս տնտեսության եւ տեխնոլոգիաների, այդ գործն անելու համար: Միացյալ Նահանգները, մասնավորապես, իր տնտեսական հզոր ներուժը զենքի է վերածել եւ վերջին շրջանում այն բավական արդյունավետ կերպով օգտագործում է ընդդեմ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի:

Առաջին երկուսը թշնամի երկրներ են, բայց 3-րդըՙ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, որը ենթարկվում է տնտեսական պատժամիջոցների: Մյուս զենքը տեխնոլոգիաներն են, որոնք կարող են քայքայիչ զենք դառնալ զարգացած արդյունաբերական երկրների ձեռքերում: Կառավարությունները կարող են որպես զենք օգտագործել նաեւ սոցցանցերը, որոնց միջոցով հնարավորություն կունենան ներթափանցել ուրիշ երկրների սահմաններից ներս, հասարակական կարծիք ձեւավորել, ապատեղեկատվություն տարածել եւ սոցիալական փոփոխություններ հրահրելՙ ընդհուպ թիրախավորված իշխանությունների տապալումը իրականացնելը:

Անշուշտ, նման ներգործությունների կարող են ենթարկվել այն երկրները, որոնցում թույլ են զարգացած տեխնոլոգիաները:

Թուրքիան, որ վերջին տարիներին զգալի տնտեսական աճ էր արձանագրել, այս էլեկտրոնային պատերազմի դեմն առնելու համար մշակել է իր ուրույն պաշտպանական միջոցը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բեւեռականացրել է Թուրքիայի հասարակությունը, իրար դեմ հանելով հակառակորդ կողմերին: Նա արտաքսել կամ բանտարկել է էլիտար, կրթված շրջանակների սերուցքը հանդիսացողներին, որոնց կյանքը կիբերտեխնոլոգիաների շուրջն էր պտտվում, որպեսզի կարողանա հույսը դնել ֆանատիկականորեն հրահանգավորված եւ նախատրամադրվածՙ համեմատաբար քիչ զարգացած եւ աղքատ զանգվածների վրա, որոնք երաշխավորում են նրա հաղթանակները ընտրություններում: Նրան չեն հետաքրքրում ոչ ուղեղների արտահոսքը, ոչ էլ առողջ հասարակության ողնաշարը կազմող միջին խավի կործանումը: Էրդողանին անհրաժեշտ են օսմանյան երազանքներով տարված եւ կրոնական մոլուցքով զինված, գալվանացված խմբավորումներ:

Նրա մարտավարության իրական դեմքը հայտնի դարձավ, երբ նա ամերիկացի պաստորի բանտարկության կապակցությամբ մարտահրավեր նետելով Թրամփի պատժամիջոցներին հայտարարեց հավաքված ամբոխին. «Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք Ալլահին ունենք մեր թիկունքում»: Է՛լ ավելի բորբոքելու համար կրքերը Էրդողանը կոչ արեց հրապարակայնորեն ջարդել իրենց «այֆոնները» (iPhones) ի նշան արհամարհանքի հանդեպ Մ. Նահանգների եւ նրա արտահանած տեխնոլոգիայի:

Լարվածությունը Ամերիկայի հետ Թուրքիայի հարաբերություններում գագաթնակետին հասավ, երբ Իզմիրում դատարանը մերժեց ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրու Բրանսոնին: Նախագահ Թրամփն այսպես արձագանքեց. «Թուրքիան որպես բարեկամ երկիր չի գործում: Երկար տարիներ Թուրքիան օգտվել է Մ. Նահանգներից: Այժմ նրանք անազատության մեջ են պահում մեր հրաշալի քրիստոնյա պաստորին, որին ես խնդրելու եմ ներկայացնելու մեր երկիրը որպես մեծ հայրենասեր պատանդի: Մենք ոչինչ չենք վճարելու նրանՙ այդ անմեղ մարդուն ազատ արձակելու համար, բայց մենք նվազեցնելու ենք մեր հարաբերությունների չափերը»:

Նախագահ Թրամփը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող ալյումինի եւ պողպատի վրա մաքսատուրքերը 50 տոկոսով ավելացնելու մասին, պատճառելով թուրքական լիրայի արագ արժեզրկումը: Թուրքական դրամական միավորը 40 տոկոսով արժեզրկվել է այս տարվա սկզբից: Մ. Նահանգները անցյալ տարի չորրորդ ամենամեծ աղբյուրն էր, որն ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 12 միլիարդ դոլարի ապրանքներ էր առաքել Թուրքիա:

Հակադարձելով Թրամփի քայլին, Թուրքիան կրկնապատկեց Ամերիկայից ներմուծվող ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի մաքսատուրքերը: Հարց է առաջանում, թե ինչու իրավիճակը սրվեց հիմա, եւ ոչ թե, ասենք, երկու տարի առաջ, երբ Բրանսոնը ձերբակալվեց եւ բանտարկվեց: Թվում է, թե պաստորի պարագան վերջին կաթիլն է, որ համբերությունից հանել է Ամերիկային: Արդեն քանի տարի է, ինչ կուտակվել են դժգոհություններըՙ կապված Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման, նրանից C-400 հրթիռազենիթային համակարգեր գնելու, Մերձավոր Արեւելքում Իսրայելին ձեռնոց նետելու եւ Սիրիայում Ամերիկայի պաշտպանությունը վայելող քրդերի դեմ պայքարելու հետ:

Մյուս պատճառը Ամերիկայում նոյեմբերին սպասվող ընտրություններն են, որտեղ կոնգրեսական հանրապետականների զբաղեցրած աթոռները ռիսկի տակ են եւ անհրաժեշտ է մոբիլիզացնել հոգեւորականներին: Իսկ ավելի արդյունավետ միջոց երեւի թե չկա, քան Իզմիրում ձերբակալված Հյուսիսային Կարոլինայի բնակիչ պաստորին դարձնել հրատապ քննարկման նյութ: Փոխնախագահ Մայք Պենսն ու պետքարտուղար Մայք Փոմպեոն լուրջ դերակատարություն ունեն ավետարանականների քվեները ապահովելու գործում:

Թուրքիայի հետ տարաձայնություններին կրոնական գործոնը մեջբերելու Թրամփի գործելաոճին Էրդողանը հակադարձեց նույն ձեւով, ստիպելով Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին ստորագրել մի հայտարարություն, որտեղ նշված է, թե իրենք գործելու ամբողջական ազատություն են վայելում Թուրքիայում: Հայ պատգամավոր Կարո Փայլանը անմիջապես հարց բարձրացրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ հայերը չեն կարողանում ընտրել իրենց պատրիարքին, եւ ինչո՞ւ եկեղեցիներն ու այլ բարեգործական կառույցները չեն կարողանում ընտրել իրենց վարչական խորհուրդներին: Անշուշտ այդ բնագավառում բազմաթիվ այլ սահմանափակումներ եւս կարելի է նշել, ինչպես օրինակ այն, որ հայկական Սբ. Խաչ եւ հունական ուղղափառ եկեղեցու դպրեվանքերը փակված են եւ հոգեւորականները զրկված են դրանցում կրոնական կրթություն ստանալու իրավունքից:

Էրդողանն ավելի առաջ գնալով սպառնաց Ամերիկային ասելովՙ «եթե ամերիկացի պաշտոնական այրերը չփոխեն իրենց միակողմանի քաղաքականությունը, Թուրքիան ստիպված կլինի որոնել այլ դաշնակիցների»: Իրականում Թուրքիան արդեն իսկ գտել է այլ դաշնակիցների եւ համագործակցում է նրանց հետ: Եվրոպայում նա մեղմացրել է իր հռետորական դիրքորոշումը Գերմանիայի նկատմամբ, ակնկալելով նրանից որոշ օգնություն: Մինչ օրս, Գերմանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը արջի ծառայություն են մատուցել նրան: Միայն Քաթարն է, որ իրական, կանխիկ փողով օժանդակել է Թուրքիային: Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ էլ-Թանին 15 միլիարդ դոլարի ներդրումներով եւ վարկերով խոստացել է կայունացնել թուրքական բանկերի ճգնաժամային վիճակը: Շատ քիչ եւ շատ ուշ չէ՞ արդյոք, քանի որ թուրքական տնտեսությունը բավական հզոր է, եւ այդ երկիրը անդամ է այսպես կոչված «G-7-ի տնտեսական ակումբի»: Էրդողանի նվաճումներից մեկը կարելի է համարել այն, որ կարողացավ զարգացնել երկրի տնտեսությունը, որն էլ իր հերթին խթանեց միջին խավի առաջացումը: Վերջինս, սակայն, վտանգի տակ է գտնվում ներկայիս:

Ամերիկա-թուրքական տարաձայնությունները հայերի մոտ հույսեր են արթնացրել, որ Թրամփի վարչակազմը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հույսերին զարկ են տալիս նաեւ ցեղասպանությունը ճանաչելու ամերիկացի օրենսդիրների պահանջները:

Բայց եթե մենք պատմությունից դասեր քաղել ենք, ապա պիտի իմանանք, որ Մ. Նահանգներն ու Իսրայելը անընդհատ սպառնալու են Թուրքիային, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց երբեք չեն իրագործելու այդ սպառնալիքը:

Որոշ հայեր էլ հավատացած են, որ հայ-թուրքական հակամարտությունը որոշ առումներով նպաստավոր է Հայաստանին: Բայց քաղաքական հավասարության մյուս կողմը դիտարկելիս տեսնում ենք, որ այդ մոտեցումը բոլորովին արդարացված չէ: Թուրքիան Ռուսաստանին ավելի է մերձենում, եւ դառնում Ռուսաստանի համար առավել գրավիչ ու արժեքավոր քաղաքական գործընկեր, քան Հայաստանը, որ ներկայիս որոշ լարվածություններ է փորձում հաղթահարել Ռուսաստանի հետ իր հարաբերություններում:

Տեսականորեն, Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանին Թուրքիայի կողմից սանձազերծված հնարավոր պատերազմի դեպքում, սակայն Ռուսաստանը միշտ էլ ի վիճակի է իր համար առավել շահավետ ընտրություն կատարել:

Հայաստանի շահերից է բխում հետեւել, թե ինչպես են զարգանում թուրք-ամերիկյան հարաբերությունները: Կարո՞ղ է դրանք հասնեն այն կետին, որ Թուրքիային ստիպեն դուրս գալ ՆԱՏՕ-ի կառույցից: Ցարդ քաղաքական արկածախնդրություններից բարեհաջող է դուրս եկել Էրդողանը: Հիշենք Սիրիայի սահմաններում ռուսական կործանիչի խփման արդյունքում առաջացած ռուս-թուրքական հարաբերությունների ժամանակավոր սառեցումը: Ցուցադրական որոշ նեղսրտություններից հետո, երբ Ռուսաստանը առեւտրական եւ զբոսաշրջիկային սահմանափակումներ գործադրեց, Էրդողանը տեղի տվեց, խոնարհվեց եւ ներողություն խնդրեց: Եվ այդ ստորացումը նա բնութագրեց որպես քաղաքական ճկունության դրսեւորում:

Էրդողանն իր ձեռքի տակ միշտ պատրաստ ունի նման խորամանկ արարքներ:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ