RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 6314, Տպվել է` 574, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԲԱԼԸ ԹԱՆԿ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանդիպե՞ց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահին, որպեսզի խոսի նրա հետ գնաճի մասին: Եթե հանդիպել էլ է, ապա թաքուն, քանի որ որեւէ հայկական լրատվամիջոց, այդ թվումՙ «Հայկական ժամանակը», որն ասում են շատ աղբյուրներ ունի գործող կառավարությունում, այդ հանդիպման մասին որեւէ տեղեկություն չեն տալիս: Ավելին, նույնիսկ վարչապետի պաշտոնական կայքը չի հայտնումՙ վարչապետ-ԿԲ նախագահ հանդիպման մասին, ուրեմն այդ հանդիպումը չի եղել, կամ էլ վարչապետի կայքում աշխատողներն ու նրա խորհրդականներն են քնած մնացել: Ի դեպ, խորհրդականների մասին. նրանք Փաշինյանին չե՞ն հայտել, որ կոնկրետ գյուղմթերքի գնաճի թեման ԿԲ նախագահի հետ չեն քննարկում: Այսինքն կան մի շարք պետական, կիսապետական գերատեսչություններ ու մարմիններ, որոնց հետ նման հարցեր քննարկում են, բայց ԿԲ-ն ոչ մի կերպ այդ մարմինների մեջ չի մտնում: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը երեկ Գումի շուկայում իսկապես որոշել է հանդիպել ԿԲ նախագահին ու քննարկել նրա հետ գնաճը, բայց հետո իմացել է, որ կենտրոնական դրամատան ղեկավարի հետ նման հարցեր չեն քննարկում ու հիմա մեծ հույս ունի, որ Գումի առեւտրականներն ու այդ շուկայից օգտվողները, որոնք ոչ պակաս ՀՀ հպարտ քաղաքացիներ են, քան վարչապետի խորհրդականները, կմոռանան, որ Փաշինյանը նման խոստում է տվելՙ վստահ լինելով, որ մեր սիրելի վարչապետը ոչ մի դեպքում մեզ մենակ չի թողնիՙ սարսափելի գների դեմ, որոնց չափից ոչ միայն վարունգներն են սկսել թարս աճել, այլեւ նույնիսկ լոլիկները:

Բայց եթե նույնիսկ Փաշինյանի այս խոստումը մոռանանք, ապա չենք կարող մոռանալ նրա խորհրդականներին, որոնք փաստորեն սխալ են զեկուցել ՀՀ վարչապետին: Եթե ճիշտ զեկուցեին, ապա Փաշինյանը շուկայում չէր զարմանա, թե լոլիկն ինչու է այդքան թանկ ու ինչո՞ւ վարունգը մի տեղ այլ գին ունի, մյուս տեղումՙ բոլորվին այլ: Խորհրդականները պարտավոր էին 100 տոկոսով ճշտել գները, դրանց տատանումները, տարբերությունները, այդ մասին պատշաճ զեկուցեին վարչապետին, որն էլ շուկա կգնար ոչ թե որպեսզի պարզիՙ այդպես է, թե ոչ, այլ որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ է այդպես, իսկ եթե գնաճը հիմնավոր չէՙ դեմն առնի: Մինչդեռ Փաշինյանը երեկ Գումի շուկայում թողնում էր հասարակությունից կտրվածի տպավորություն, որն այնքան է հեռացել Նիկոլ-վարչապետ բղավող մարդկանցից, որ նույնիսկ չգիտի, թե նրանք քանի՞ դրամ են վճարում մեկ կիլոգրամ լոլիկ գնելու համար: (Այն էլ ինչպիսի՜ լոլիկՙ դրսից կարմիր ներկած պլաստմասա: Ծ.Խ.): Որպես կանոն նման բաներ ղեկավարների հետ լինում են, պարզապես դա տեղի է ունենում տարիների ընթացքում, երբ իշխանությունը մարդու համար դառնում է առավոտյան սուրճի պես մի բան. երբ չի լինումՙ գլուխն սկսում է ուժեղ ցավել: Բայց մեր վարչապետն իշխանության ոչ միայն տարիների, այլեւ տարվա փորձ չունի, չնայած դրանՙ արդեն իսկ չգիտի, թե ի՞նչ արժեն լոլիկն ու վարունգը: Խորհրդականներն էլ չգիտեն, եթե իմանայինՙ անպայման կզեկուցեին, հո չե՞ն ուզում, որ Փաշինյանն անհարմար դրության մեջ հայտնվի: Ի դեպ, չեն ուզում, չէ՞...

Ամեն դեպքումՙ հրաշալի է, որ Փաշինյանը վերջապես իմացավ գյուղմթերքի գները եւ այն, որ դրանք շատ բարձր են. շուտով նա վերջապես կօգտագործի իր կախարդական փայտիկը, որի առկայության մասին խոսում էր խորհրդարանում, եւ մենք կսկսենք լոլիկով ձվածեղ ուտել, քանի դեռ վարչապետն այլ մթերքի գներն անձամբ չի ճշտել ու դրանք եւս չեն նվազել: Ինչո՞ւ անձամբ, դե որովհետեւ մեր վարչապետը խորհրդական չունի, ով էլ աշխատում է այդ պաշտոնումՙ այդքան դուխ չունի, որ մտնի վարչապետի մոտ ու ասիՙ պարոն Փաշինյան, բալը թանկ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ