ԼԱՎ Է, ՈՐ ՄՏԱԾԵԼՈՒՑ ՔՈՐԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ Հ. ԱՖՅԱՆ Հին Հայաստանում, նկատի չունեմՙ նախքան «թավշյա հեղափոխությունը», այլՙ ավելի հին, մորուք պահելը պատվո նշան էր: Ավելին, այն տղամարդը, որը մորուք չուներ, ցույց էր տալիս իր կնակերպությունը եւ արժանանում նվաստացման: Ես իհարկե չգիտեմ, թե օրինակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը որքանով է ծանոթ հայոց պատմությանն եւ ազդված է դրանից, բայց նոր Հայաստանի կառավարությունում 5 բարձրաստիճան պաշտոնյա մորուք ունեն, մյուսներըՙ բացի տիկնայք Թանդիլյանից ու Մակունցից, գուցե միայն ցանկություն ունենՙ մորուք պահելու: Չնայած, եթե մորուքը նոր Հայաստանում համարվում է անցաթուղթ, որով, ենթադրենք պոլիկլինիկայում հերթ չես կանգնի ու կարող ես առանց քննությունները հանձնելու վարորդական իրավունք ստանալ, ապա կանայք նույնպես կարող են մորուք պահել: Օրինակ ամերիկուհի Վիվիան Վիլլերի մորուքի երկարությունը 2000 թ.ի դրությամբ հասնում էր 30 սանտիմետրի, ինչի շնորհիվ Վիլլերը ռեկորդ է գրանցել կանանց մեջ: Տղամարդկանց պարագայում ռեկորդը պատկանում է հնդիկ Բհան Սինգխին, որի մորուքի երկարությունը 2,5 մետր է: Մի խոսքով, մորուքով հնարավոր է ռեկորդներ գրանցել ու եթե դա հնարավոր չէ անել, օրինակ տնտեսության արագ աճ ապահովելով, կամ ամենաբարձր շենքերը կառուցելով, ապա հասկանալի է դառնում, թե օրինակ փոխվարչապետ Ավինյանն ինչու առաջ մորուք չուներ, հիմա ունի: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը ներքին հանձնարարություն է տվել իր թիմինՙ անպայման մորուք ունենալ: Օրինակ ուղղափառ հրեաները կամ մահմեդականները պարտավոր են մորուք պահել: Ի դեպ, կոնկրետ մեր գործադիրի պարագայում մորուք պահելը կարող է եւ լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսական (եւ ոչ միայն) զարգացման վրա: Բանն այն է, որ մարդը իր կյանքի ընթացքում միջինը 95 օր ծախսում է սափրվելու համար, հետեւաբար եթե մարդը չի սափրվում, ապա առաջանում է լրացուցիչ 95 օր, ինչը հուսանք մեր կառավարության անդամները կօգտագործեն երկիրը «դուխով» առաջ տանելու համար: Մյուս կողմից, հասկանալի է, որ միայն մորուքը բավարար չէ այս գործում: Օրինակ Բարբադոս կղզին ու համանուն պետությունն ամենեւին էլ զարգացած անվանել չես կարող, մինչդեռ այդ կղզու անվանունը պորտուգալերենիցՙ նշանակում է մորուքավոր: Ճիշտ է, այնտեղ թավշյա հեղափոխություն չի եղել, իշխանությունը անկաշառների հայրենասեր թիմը չի ստանձնել ու երկիրը զարգացման հիմքեր չի ստացել, բայց միեւնույն է, միայն մորուքով, նույնիսկ ամենաերկար, պետություն չես կառուցի: Ավելին, ըստ հոգեբանների, տղամարդիկ հիմնականում մորուք են պահումՙ առնական երեւալու համար, բացի այդ այն հրաշալի թաքցնում է էմոցիաները եւ թույլ չի տալիս դեմքի միմիկան ավելի արտահայտիչ դարձնել: Ես անշուշտ չեմ պնդում, որ մեր կառավարության անդամներն իրենց էմոցիաները թաքցնելու, առավել եւս առնական երեւալու խնդիր ունեն, բայց կոնկրետ մորուք ունեցող տղամարդկանց համար կոնկրետ հոգեբանները սա են ասում: Նրանք նաեւ նշում են, որ մորուքը բարդույթավորության նշան է, ու ամենեւին էլ չի ապացուցում, որ այն կրողը իմաստուն է: Ճիշտ է գրեթե բոլոր մտածողները մորուք ունեցել են, բայց նրանք չեն սափրվել ոչ թե որովհետեւ խելքը մորուքի մեջ է, այլ քանի որ սափրվելը համարել են ժամանակի անիմաստ վատնում: Ուշագրավ է, որ որոշ երկրներում, օրինակ 18-րդ դարի Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բրիտանիայում մորուք ունեցող տղամարդիկ պարտավոր էին վճարել մորուքի հարկ: Դեռեւս Լյուդովիկոս 14-րդըՙ Եվրոպայում եւ Պետրոս 1-ինըՙ Ռուսաստանում մորուքը հռչակեցին ոչ նորաձեւ, եւ սակայն դրանից հրաժարվել չցանկացողներին պարտադրեցին հարկ վճարել: Համաձայնեքՙ մեր բյուջեն էականորեն կլցվեր, եթե նոր կառավարությունը որոշեր մորուքի հարկ սահմանել, ընդ որում կարելի էր 18-րդ դարից ավելի առաջ գնալ ու սահմանելՙ որքան երկար է տղամարդու մորուքն ու խիտ, այնքան նա ավելի բարձր հարկ պետք է վճարի: Օրինակ հին Եգիպտոսում փարավոնները չէին հասկացել, որ կարելի է մորուք պահելու համար հարկ սահմանել ու նրանք պարտադրում էին բոլորին սափրվել, քանի որ մորուք ունենալու բացառիկ իրավունք ուներ միայն փարավոնը եւ, ինչը շատ կարեւոր էր, ոչ ոք իրավունք չուներ ընդօրինակել փարավոնի դեմքի, հագուստի տարրերը: Հիմա, փարավոնների ժամանակները փաստորեն անցել են, եկել են վարչապետների ժամանակները, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ՀՀ վարչապետից ավելի երկար ու խիտ մորուք պահել: Օգնե՞լ է մորուքը Փաշինյանին հեղափոխության ժամանակ, չգիտեմ. մի կողմից, օրինակ Մակեդոնացին արգելում էր իր զինվորներին մորուք կրել, քանի որ հակառակորդը կարող էր քաշել դրանից ու հեշտությամբ ծնկի բերել նրա զինվորներին: Բայց մյուս կողմից Աբրահամ Լինկոլնը, որը նախքան ԱՄՆ նախագահ դառնալն իր հայտնի մորուքը չուներ, քարոզարշավի ժամանակ լսել է 11-ամյա Գրեյս Բադելին, որն ԱՄՆ ապագա նախագահին խորհուրդ է տվել անպայման մորուք պահել, քանի որ, ինչպես փոքրիկ Գրեյսն է ասելՙ կանայք հաստատ ձեզ կընտրեն, իսկ տղամարդիկ միշտ լսում են կանանց: Լինկոլն այդպես էլ անում է, ընտրվում է նախագահ, ապա գտնում է Գրեյսին ու շնորհակալություն հայտնումՙ ճիշտ խորհուրդի համար: Այնպես որ, շատ հնարավոր է, որ մեր թավշյա հեղափոխությունն էլ Գրեյս Բադել ունի, պարզապես Փաշինյանը կա՛մ չի կարողանում գտնել նրան, կա՛մ էլ ավելի կարեւոր գործեր ունի: Ամեն դեպքում, անկախ նրանիցՙ դուք մորուք ունեք, թե ոչ, լավ է, որ մտածելուց քորելու բան կա: |