ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող 2018 թ. օգոստոսին Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ ակումբի անդամներ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի աշխատանքային խմբերը տնտեսագիտական հետազոտություն են անցկացրել նույն «Հայաստանի տնտեսությունը 2018 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» վերնագրով: Երկու հետազոտությունները միմյանց լրացնում են, տալով Հայաստանի տնտեսության կիսամյակային ամփոփիչ պատկերը, շեշտը դնելով Եվրասիական ինտեգրման գործընթացին մեր երկրի մասնակցության հանգամանքի վրա: Ստորեւ ընթերցողի ուշադրությանը ներկայացվող հոդվածը վերոհիշյալ երկու հետազոտությունների տվյալների եւ եզրակացությունների ամփոփիչ վերլուծությունն է, մեր որոշ կանխատեսումներով եւ առաջարկություններով: Հաջող տնտեսական կիսամյակ` լավատեսական սպասումներով Պրոֆ. Թ.Մանասերյանի կարծիքով, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները կարելի է բացառիկ համարել առնվազն երեք պատճառով: Նախ, աննախադեպ է այն փաստը, որ թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների: Երկրորդ, այն արագացրել է բազմաթիվ դրական զարգացումները, ավելացնելով վստահությունը ոչ միայն նոր կառավարության, այլ նաեւ բանկային համակարգի հանդեպ, ինչն արտացոլվում է ավանդների աճող քանակում: Եվ երրորդ, թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի կասեցրել Հայաստանի տնտեսության աճի եւ աստիճանական վերականգնման դրական միտումը, այլեւ մեծապես բարձրացրել է տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը: Մայիսին մենք գրել ենք առաջին եռամսյակի տնտեսական զարգացումների մասին: Հատկանշական է, որ կիսամյակային կտրվածքով գործարար ակտիվության ցուցանիշը էլ ավելի բարձրացել է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելանալով 8,9%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 3,7%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալը` 5,5%-ով: Ռեկորդային աճ է գրանցվել շինարարության ոլորտում` 13,5%: Ծառայությունների ոլորտում գրանցվել է 18,1% աճ, մասնավորապես առեւտրի ոլորտում` 9%: Աղքատության ընդհանուր մակարդակի նվազմանը զգալիորեն նպաստում է նաեւ եկամուտների աճը: Կարեւոր է, որ արտահանումը աճել է 20%-ով, իսկ ներմուծումը` 33,9%-ով: Հատկանշական է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2018 թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 21,7%-ով: Քննության առարկա կիսամյակի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 5,1 մլրդ. դոլար: 2017 թ. առաջին կիսամյակում նույն ցուցանիշը կազմում էր 4,5 մլրդ. դոլար: Նոր կառավարությունն, ըստ պրոֆ. Թ.Մանասերյանի, գտնում է, որ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը միանգամայն իրատեսորեն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը եւ այս ճյուղի զարգացման համար նախադրյալներ կան, ինչպես նաեւ` ներդրումային հետաքրքրություն: Մասնավորապես, «Ինժեներական քաղաքի» օրինակով երկրում ներկայացված է բարձր տեխնոլոգիաների արտադրությունը: Կառավարության նկատմամբ վստահությունը նույնպես արտացոլվում է ֆինանսական համակարգում: Երկրորդ եռամսյակի երեք ամիսների ընթացքում հայկական բանկերի վարկային պորտֆելը աճել է 99 մլրդ. դրամով: Դա նշանակում է, որ այդքան շատ վարկեր են ստացվել քաղաքացիների կողմից եւ ներդրվել գործարար ոլորտում: Հայաստանի բանկերում ավանդները աճել են մոտ 250 մլն. դոլարով եւ դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավանդներն են: Սա վկայում է, որ աճել է վստահությունը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի նկատմամբ: Տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ավելի շատ միրգ ու բանջարեղեն, քան անցյալ ամբողջ տարվա ընթացքում: Ռուսաստանին է ընկնում Հայաստանի գյուղմթերքի ներկրման մեծագույն մասը: Հայաստանի տնտեսության դրական միտումներին մեծապես նպաստում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Եթե Հայաստանի արտահանման ընդհանուր աճը կազմում է 20%, ապա արտահանումը ԵԱՏՄ աճել է 28,5%-ով: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերջին երկու տարվա ընթացքում արտահանումն այս ուղղությամբ աճել է ավելի քան 50%-ով, եւ այժմ միանգամայն իրատեսական է քննարկելը արտահանման ծավալները 3 մլրդ. դոլարի հասցնելու ռազմավարական խնդիրը: 2018 թ. առաջին եռամսյակի տվյալներով հայկական արտադրանքի գլխավոր ներկրողներն էին Ռուսաստանը, Շվեյցարիան, Բուլղարիան, Գերմանիան, Իրաքը, Նիդերլանդները, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը եւ Ռումինիան: Կիսամյակի կտրվածքով Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերը եւ առաջին կիսամյակում մեր արտահանումը դեպի Ռուսաստան անցյալ տարվա հետ համեմատած աճել է 27,5%-ով: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալները աճում են առաջանցիկ տեմպերով: Պարզ երեւում է պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների աճը: 2018 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ շուկաներ մեր քիմիական եւ դեղագործական արդյունաբերության արտադրանքի արտահանման աճը անցյալ տարվա հետ համեմատած կազմել է 65,2%, փայտից եւ փայտանյութերից արտադրանքի արտահանումը` 40,2%-ով, տեքստիլի արտահանումը 82,5%-ով, սննդամթերքի պատրաստի արտադրանքի արտահանման աճը 20%-ով: Հատկանշական է, որ Ռուսաստան է արտահանվել ավելի շատ ծավալով պատրաստի արտադրանք: Ընդհանրապես, պատրաստի արտադրանքի արտահանման աճի հեռանկարը կապվում է գլխավորապես Ռուսաստանի հետ: Բերելով այս տվյալները, պրոֆ. Ա.Թավադյանը համոզված է, որ հարկ է օգտագործել ԵԱՏՄ ընձեռած աննախադեպ հնարավորությունները արտահանման զգալի աճի համար նաեւ միության այլ երկրներ: Հիշեցնենք, որ Եվրոպական Միություն Հայաստանն արտահանում է գլխավորապես հումք: Նրա գնահատմամբ Ռուսաստանը առաջին տեղն է գրավում ներդրումների ծավալով ԵԱՏՄ բոլոր երկրներում: Հայաստանի տնտեսության մեջ բոլոր ներդրումների մոտ 40% կազմում են Ռուսաստանից եկող ուղիղ ներդրումները: Միաժամանակ, հարկ է նշել, որ արեւմտյան արգելամիջոցների եւ էներգառեսուրսների նկատմամբ գների տատանման պատճառով ԵԱՏՄ անդամ-երկրների միջեւ փոխադարձ ներդրումների էական մեծացում առայժմ տեղի չի ունեցել: Այնինչ, փոխադարձ ներդրումների գործոնը չափազանց կարեւոր է ԵԱՏՄ անդամ-երկրների կոոպերացիայի համար, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ մասին Պայմանագրի առանցքային կետերից մեկը: Ի՞նչ են հուշում ընթացիկ տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշները Գնանք պարզից բարդ: 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելով արտասահմանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 14%-ով, ընդ որում, զբոսաշրջիկների թիվը` 10,2%-ով: 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 686 հազար զբոսաշրջիկ: Համեմատելով վերջին տարիների արդյունքները, կարելի է կանխատեսել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարվա վերջում կհասնի մոտ 1,5 միլիոնի: Եթե այդ կանխատեսումն իրականանա, ապա Հայաստանը կդառնա տարեկան առնվազն 1,5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ կայուն կերպով սպասարկող երկիր, եւ սա լուրջ ու արդիական քննարկման նյութ կդարձնի զբոսաշրջային ինդուստրիային նոր, էլ ավելի մեծ թափ հաղորդելու գերխնդիրը: 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստան մտած տրանսֆերտների թիվը կազմել է 692 միլիոն դոլար: Աճը այստեղ կազմել է 4,9%: Պարզ կանխատեսումը հուշում է, որ նույնիսկ ռուսական ռուբլու օգոստոսյան արժեզրկման պայմաններում տարվա կտրվածքով մոտավորապես նույնն են լինելու դրսից ստացված ուղիղ փոխանցումները: Պրոֆ. Աշոտ Թավադյանը կարծում է, որ հիմնարար գործոն է զարգացման սցենարի ընտրությունը: Մեր առջեւ երկու սցենար կա: Առաջինը ենթադրում է ընդլայնել ծառայությունների ոլորտը, վարկերի, գրանտների, ռազմավարական հումքի վաճառքի հաշվին մեծացնել ներքին սպառումը: Երկրորդ սցենարը նախատեսում է ապահովել տնտեսության զարգացումը ռազմաարդյունաբերական համալիրի, պատրաստի արտադրանքի արտահանման էական աճի հաշվին: Կարծում ենք ակնհայտ է, թե ո՞ր սցենարը կընտրի Հայաստանը: ԵԱՏՄ-ի մասին Պայմանագիրը խոսում է երկրորդ, շատ ավելի արդյունավետ սցենարով երկիրը զարգացնելու անհրաժեշտության մասին: Հայաստանում բոլոր հիմնական քաղաքական ուժերը հանդես են գալիս ԵԱՏՄ անդամակցության միջոցով տնտեսությունը երկրորդ սցենարով զարգացնելու օգտին: Շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերը մեր երկրում այսօր հայտարարում են ԵԱՏՄ անդամ լինելու նպատակահարմարության մասին: Չենք կարող չնշել, որ կյանքը ցույց տվեց Հայաստանի ինտեգրման գործընթացների մասին մեր եզրակացությունների ճշմարտացիությունը: Շատ կարեւոր է օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք տալիս է ԵԱՏՄ մասին Պայմանագիրը համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար: Այսօր այս աճի ընձեռած մտածողության փոփոխությունների պայմաններում արդեն միանգամայն իրատեսական են ուրվագծվում ԵԱՏՄ երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի եւ գործիքաշինության ոլորտներում: Իրատեսական է թվում նաեւ ներդրումների գրավումը շինանյութերի արտադրության եւ մետաղաձուլարանների շինարարության, քիմիական արդյունաբերության ոլորտներում: Շատ կարեւոր է, որ լուրջ թափ հաղորդվի գյուղատնտեսական մթերքների արտադրությանը: Այսօր բախվել են երկու իրողություններ: Աննախադեպ մեծացել է գյուղատնտեսական մթերքի արտահանումը եւ աննախադեպ կրճատվել են Հայաստանի հանքատարածությունները: Այս երկու տվյալները ստիպում են լրջորեն խոսել ինտենսիվ գյուղատնտեսություն զարգացնելու նոր հեռանկարային քաղաքականության մասին: Չէ՞ որ, եթե նույնիսկ օբյեկտիվ բարդությունների պատճառով Ռուսաստանը մեծածավալ նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ չի կարող կատարել, ապա բացելով իր շուկան տարեց-տարի էապես ավելացող հայկական արտահանման համար, նա օբյեկտիվորեն լրջագույն օգնություն է ցույց տալիս Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ միաժամանակ պարզորոշ հուշում այն ոլորտները, որոնք մեր երկրում կարելի է հաջողությամբ զարգացնել տեսանելի հեռանկարում, որպես միջոց ընդունելով ռուսական առայժմ անսպառ շուկայի պահանջմունքը: Սա Հայաստանի ինքնիշխանությունը գործով ամրապնդելու բացառիկ հնարավորություն է: Թե ե՞րբ ՀՀ քաղաքացին կզգա տնտեսական աճի դրական հետեւանքը Թե՛ պրոֆ. Ա. Թավադյանը, թե՛ պրոֆ. Թ. Մանասերյանը ուշադրություն են դարձրել այն հանգամանքների վրա, որ տնտեսության առայժմ գործող մոդելը թույլ չի տալիս երկրի քաղաքացիներին զգալու տնտեսական աճի դրական հետեւանքները: Հետեւաբար, խնդիր է փոխել, կատարելագործել մեր տնտեսական մոդելն այնպես, որ երկրի տնտեսության մեջ ներգրավված յուրաքանչյուր ոչ միայն մեծ, այլեւ միջին եւ հատկապես փոքր դերակատար անմիջականորեն եւ կենսականորեն շահագրգռված լինի երկրի տնտեսական աճի տեմպով: Չի կարելի գովեստի խոսք չասել առաջին կիսամյակի երկրորդ եռամսյակում սկսված կառավարության լուրջ պայքարով կոռուպցիայի դեմ, որի արդյունքները արդեն իսկ նկատելի են: Մյուս կողմից, տնտեսագետները նշում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային իրողություն դարձնելու համար անհրաժեշտ է ընդունել հակակոռուպցիոն կոկրետ ծրագիր եւ այն կենսագործել տարիներ շարունակ: Կարեւոր է նաեւ հակամենաշնորհային պայքարը, եւ այստեղ արժե հիշել Հայաստանի վարչապետի խոսքն այն մասին, որ նա որոշ մենաշնորհներ վերացրեց «45 րոպեի ընթացքում»: Եվ վերջում, իրատեսական սպասելիքի մասին: Անցյալ տարվա վերջում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները Հայաստանի համար կանխատեսում էին ՀՆԱ-ի աճ այս տարվա վերջում 3,5%-ի չափով: Մոտավորապես նույն կանխատեսումն էին անում Համաշխարհային բանկի աղբյուրները: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում այդ ցուցանիշները վերանայվել են: Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 4,1%-ով, իսկ Հայաստանի կառավարությունըՙ 4,5%-ի չափով: Մեր տնտեսագետները լավատեսորեն են գնահատում տարվա տնտեսական զարգացումները: Մեր դրամի ամրությունը հաջողվեց պահպանել այն դեպքում, երբ օգոստոսին փլուզվեց ռուսական ռուբլին, թուրքական լիրան եւ շարունակում է արժեզրկվել իրանական ռեալը, եւ դրանում պետք է ընդգծել մեր Կենտրոնական բանկի դերը: Նույնիսկ Ռուսաստանի տնտեսության մեջ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին դրսեւորված որոշ բարդություններին ռուսական տնտեսությունը, մասնավորապես բանկային համակարգը մնում է կայուն եւ սկզունքորեն կանխատեսելի: Ռուսաստանի իշխանությունները համարժեք լուծումներ են փնտրում արեւմտյան արգելամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության աճը կայուն եւ առաջանցիկ դարձնելու նպատակով: Մեր տնտեսագետները համոզված են, որ 2018 թ. բարենպաստ միտումների խորացման պայմաններում հնարավոր է ակնկալել ոչ միայն մինչեւ 6%, այլեւ նույնիսկ 7-8% ՀՆԱ աճ: Հիշեցնենք, որ այս աճի տեմպի պայմաններում տասը տարի նման տեմպ պահպանելու դեպքում մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանի ՀՆԱ-ն: Սա մի հեռանկար է, որի համար արժե անդուլ եւ համերաշխ աշխատել: |