ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ, ԳԻՏԵ՞Ք, ՈՐ... ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Այս տարվա ապրիլի 9-ին «Ազգ» շաբաթաթերթում «Ու՞ր են աշակերտներն ու ուսուցիչները» վերտառությամբ մի նյութ էի գրել, որտեղ վրդովմունքով քննադատում էի նախկին իշխանություններինՙ կրթությունը բարձիթողի վիճակի հասցնելու համար: Դա, չգիտեմՙ ինչպե՞ս ասեմ, հուսահատ ճիչ էր, անկարողության արձագանք, քանի որ այդ ժամանակ կրթությունը, մասնավորապես դպրոցները, ընկղմվել էին տիղմի մեջ: Ապրիլի վերջին ու մայիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունից հետո, ի թիվս իմ տասնյակ հազարավոր հայրենակիցների, ես էլ հրճվեցի եւ հույս հայտնեցի, որ մեր երկրում կրթության որակը կփոխվիՙ ուղիղ համեմատականովՙ իրավիճակի հետ: Այդպես էլ եղավ, երկրում կրթության որակը փոխվեց այնքանով, որքանովՙ իրավիճակը: Բայց դե գիտենք, չէ՞, հույսը վերջում է մեռնում, մանավանդ այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը ԿԳ նախարար նշանակվելուց ի վեր սկսեց մտահագություն հայտնել Հայաստանում կրթության որակի «ստորին » մակարդակի ու դրա բարձրացման, վեհացման մասին: Հենց այդ «միրաժի» համատեքստում էլ նախարարն օրերս հայտարարեց, որ հեռավոր գյուղերում դպրոցները համայնքների պես չեն միավորվի, աշակերտը դպրոց կգնա ոչ թե հարեւան, այլՙ սեփական գյուղում, ինչպես պնդում էին ՌՈՒՍալքված Ժիլետով տղան ու նրա սափրագլուխ համախոհը: Բայց ո՞րն է բարձրացման ուղին, ինչպե՞ս է ուզում նախարարը բարձրացնել կրթության որակը: Քանի որ հարյուրօրյակն արդեն անցել է, եւ այդ ընթացքում նախարար Հարությունյանը շատ է խոսել հատկապես սահմանամերձ համայնքերրի աշակերտների մասին, ուզում եմ մի երկու հարց տալ: Պարոն նախարար, գիտե՞ք, որ դեռեւս 90-ականների սկզբից մի շարք սահամաներձ գյուղերում ավագ դպրոցներ չկան, եւ ամենակարեւորըՙ գիտե՞ք, որ աշակերտները, թե՛ տղա, թե՛ աղջիկ, ստիպված են ձմռան ցրտին ոտքով գնալ հարեւան գյուղ, որովհետեւ կրկին 90-ականների սկզբից խոստացված դպրոցականների փոխադրամիջոցները այդպես էլ չծառայեցին նպատակին: Պարոն նախարար, գիտե՞ք, որ մինչ Դուք աշակերտների դպրոցական հագուստի գույներով եք տարված, սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, որովհետեւ ուսուցիչներն ըստ պատշաճի աշխատավորձ չեն ստանում, որն էլ հանգեցնում է ուսուցիչներիՙ գյուղը լքելուն, մանկավարժը լքում է դպրոցը, սարսափելի է, գործե՛ք: Եթե գյուղում դպրոց չկա, ապա ուրեմն այնտեղ գյուղ չկա՛: Պարոն նախարար, գիտե՞ք, որ մի շարք սահմանամերձ գյուղերի դպրոցներ բառացիորեն զուրկ են գրադարաններից, սպորտդահլիճներից, համակարգչային սենյակներից ու...դասգրքերից: Եթե մինչ օրս չեք իմացել, ապա վստահ եմ, պարոն նախարար, արդեն Ձեզ ասած կլինեն, որ սահմանամերձ գյուղերի աշակերտներին դասագրքերը վաճառելը, մեղմ ասած, հակասում է բարոյականությանը: Գիտեի՞ք այս ամենի մասին, պարոն նախարար, կարծում եմՙ գիտեիք, գիտեիք այնպեսՙ ինչպես սահմանեմերձ գյուղի երեխան գիտի, թե ինչ կա վերջին բլրից այն կողմ, բայց, պարոն նախարար, այդ ամենը Դուք դժվար գիտակցեք ու ընկալեք, ինչպես նույն երեխան գիտակցում ու ընկալում էՙ իրեն վերջին բլրից բաժանող փշալարն ու դրանից այն կողմը. պարոն Հարությունյան, այս երեխային գի՞րք եք վաճառվում, վաղվա օրվա հետ առեւտու՞ր եք անում: Հ.Գ. Անշուշտ այս ամենը ՀՀԿաստեղծ երեւույթներ են, բայց Դուք, կարծեմ, եկել եք շտկելու նպատակով: |