RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 4883, Տպվել է` 554, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՄ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ ԻՐԱՆԻՆ

Պ.Ք.

Թրամփի մեծ խաղը Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում

Այն բանից հետո, երբ Եվրոմիությունը որոշեց Իրանին 18 մլն եվրո տնտեսական օգնություն հատկացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետեւանքները մեղմացնելու համար, պարզ դարձավ, որ միջուկային գործարքի վերանայման նպատակով Իրանի դեմ ուղղված նախագահ Թրամփի ռազմավարական եւ մարտավարական ջանքերը ձախողում են կրում: Այստեղ հարցը նույնիսկ ոչ այնքան Իրանին հատկացված գումարն է, որքան Բրյուսելի տվյալ քայլի խորհրդանշական իմաստը: Այս կապակցությամբ ամերիկյան The Atlantic հրատարակությունը հիշեցնում է, թե ինչպես 2012 թվականին ԱՄՆ-ը Եվրոմիության հետ մեկտեղ նավթային պատժամիջոցներ ձեռնարկեց Իրանի դեմ, ինչը, հրատարակության կարծիքով, Թեհրանին ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջը: Այս անգամ նման բան տեղի չի ունենում:

Ավելի վաղ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Եվրոմիությունը ընկերություններին կխրախուսի գործակցել Իրանի հետՙ ի հակադրություն ԱՄՆ-ի սահմանափակիչ ձեռնարկումների: Այստեղ պայմանն այն է, որ Իրանը չպետք է դուրս գա բազմակողմ միջուկային համաձայնագրից:

Ըստ RT գործակալության, ԱՄՆ-ում սխալ են համարում Իրանին ֆինանսկական օգնություն հատկացնելու ԵՄ որոշումը: Պետդեպարտամենտում գտնում են, որ այդպիսով սխալ ազդակ է հաղորդվում: Վաշինգտոնում կարծում են, որ Իրանի քաղաքացիներին օգնելու որոշումը Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է ընդունեն համատեղ: Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը ձգտում է Եվրոմիությանը համոզել միանալու հակաիրանական պատժամիջոցներինՙ հուսալով, որ եվրոպացիները էներգակիրներ կգնեն ԱՄՆ-ից, այլ ոչ թե Իրանից:

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, թե եվրոպացիների հատկացրած գումարը Իրանը կօգտագործի միջազգային ահաբեկչության ֆինանսավորման նպատակով: Իրանի տնտեսական ու սոցիալական զարգացման համար Եվրոհանձնաժողովը ծրագրում է հատկացնել ընդհանուր առմամբ 58 մլն դոլար: Եվրոպացի ղեկավարների խոսքերով, այդ գումարը Իրանի հետ տնտեսական համագործակցությանն ուղղված ծրագրի բաղկացուցիչ մասն է Բազմակողմ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո:

Իրանը Եվրոպայի համար կարեւոր է տնտեսական տեսակետից: 2016 թ. Բազմակողմ միջուկային գործարքի կնքումից հետո եվրոպական գործարար շրջանակները շտապեցին մուտք գործել Իրանի հեռանկարային շուկա: Անշուշտ, Թրամփի պատժամիջոցները հարվածեցին ոչ միայն Իրանին, այլեւ այնտեղ աշխատող միջազգային ընկերություններին: Դա առաջին հերթին վերաբերում է Եվրոմիությանը: Եվրոպացի ղեկավարները հասկանում են միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու սխալականությունը եւ փորձում են ամեն գնով պահպանել այդ համաձայնագիրը:

Պատժամիջոցների պայմաններում Իրանը սեփական տնտեսությունը պահպանելու առումով հույսը դրել է եվրոպական միջակ եւ փոքր ընկերությունների վրա, որոնք կապված չեն ԱՄՆ-ի հետ: Այդ ընկերություններին օժանդակելու նպատակով Եվրոմիությունը մտադիր է ստեղծել զուգահեռ բանկային համակարգ: Բացի դրանից, եվրոպական երկրներում եւ Իրանում սպասում են ԱՄՆ-ում 2020 թ. կայանալիք նախագահական ընտրություններինՙ հուսալով, որ նոր նախագահը կարող է չեղարկել պատժամիջոցները: Ներկայումս ԱՄՆ-ում շատ են խոսում Թրամփի պաշտոնանկության գործընթաց սկսելու հնարավորության մասին:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Եվրոմիությունը պետք է ստեղծի բանկային տեղեկատվության հաղորդման SWIFT համակարգի նմանակը, որպեսզի եվրոպական ընկերություններին պաշտպանի ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից: Մաասը կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքը, բայց նաեւ եվրոպական ընկերությունների իրավաբանական պաշտպանության ապահովումը:

Ամերիկագետ Արեգ Գալստյանը կարծում է, որ Եվրոմիության ներկայիս վարքագիծը կապված է Իրանի շնորհիվ ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու ԵՄ չիրականացած հույսերի հետ: Սակայն անկախության այդ ձգտումը, ինչպես նաեւ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ դրա կապը դուր չեն գալիս Դոնալդ Թրամփին, որը փորձում է ջնջել Օբամայի գործունեության բոլոր հետքերը:

Իրանական էներգակիրների շնորհիվ Եվրոպայի էներգամատակարարման աղբյուրները բազմազան դարձնելու եվրոատլանտյան այդ ձգտումը հավանության էր արժանանում Օբամայի եւ նրա պետքարտուղարներ Հիլարի Քլինթոնի եւ Ջոն Քերրիի կողմից: Մինչդեռ քաղաքական այլ դիրքորոշում ունեցող Դոնալդ Թրամփը գտնում է, որ Ամերիկան ոչինչ չի շահել ստորագրված պայմանագրից: Ամերիկացիներն ուզում են ԵՄ-ին վաճառել սեփական գազը, որը ռուսականից եւ իրանականից թանկ է: Բայց եվրոպացի ղեկավարների համար դա անիմաստ շռայլություն է, նշում է Արեգ Գալստյանը:

Ամերիկան այժմ ինքն էլ է արդյունահանում նավթ եւ գազ եւ մտածում է սպառող գտնելու մասին: Դեռ Օբամայի օրոք ռուսական էներգակիրների հետ կապված պատժամիջոցներին միանալովՙ եվրոպական երկրները ակնկալում էին ԱՄՆ-ից ստանալ որոշակի արտոնություններ: Սակայն Թրամփը ի դերեւ հանեց նրանց հույսերը: Փորձագետի բնորոշմամբ, Թրամփի «կայսերական» հայեցակարգը ԵՄ երկրներից պահանջում է պարզապես գնել ամերիկյան նավթն ու գազը, ավելացնել ՆԱՏՕ-ի բյուջեին կատարվող վճարումները, Իրանի հետ գործարքներ չկնքել, այլապես իրենք եւս կարող են ենթական դառնալ պատժամիջոցների:

Եվրոմիությունն ընդունել է շրջափակիչ կանոնադրություն, որը պետք է նվազեցնի եվրոպական ընկերությունների կորուստները ԱՄՆ-ի պատժամիջոցներից: Եվրոմիությունը նաեւ պարզեցրել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Իրանում նախագծերի ֆինանսավորման եւ երաշխիքների տրամադրման կարգը, մտադիր է ամրապնդել այդ երկրի հետ տնտեսական համագործակցությունը, ստեղծել Իրանի Կենտրոնական բանկին ուղղակի վճարումներ կատարելու համակարգՙ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները:

Ինչպես նշում են փորձագետները, ԱՄՆ-ի ու Եվրոմիության դաշինքում նման խռովություն չէր եղել 1996 թվականից ի վեր: Ճիշտ է, դա չխանգարեց, որ Իրանի հետ համագործակցությունից հրաժարվեն Արեւմուտքի որոշ խոշոր ընկերություններՙ Airbus, Total, Renault, Siemens, Boeing, General Electric եւ այլն: Դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ գոյություն ունեցող տարաձայնությունները պառակտում են նաեւ եվրոպացի գործարարներին:

Իրադարձությունների նման ընթացքը Վաշինգտոնին կարծես թե չի անհանգստացնում: Վերջինս կարծում է, թե Եվրոպայում ինքը պայքարում է ոչ թե գործարարության, այլ եվրոպական բյուրոկրատիայի դեմ, ինչը ԱՄՆ-ի համար ըստ էության բացում է պայքարի եւս մեկ ճակատ, որը Եվրոմիությունում կարող է հանգեցնել քաղաքական անկայունության: Այստեղից հարց է ծագում, թե Եվրոպայում կոնկրետ ինչպիսի արդյունքների է ձգտում հասնել Թրամփի վարչակազմըՙ Իրանի դեմ պայքարի քողի ներքո:

Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի խոսքերով, եվրոպացիների գործողությունները սխալ ուղերձներ են հղում անպատեհ պահին, մինչդեռ ԵՄ-ին հրամայում են աջակցել Վաշինգտոնին, որպեսզի վերջ դրվի Իրանից բխող ընդհանուր անկայունության սպառնալիքին: Բայց սրանք լոկ ձեւական հայտարարություններ են, ինչը նկատելի է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում զարգացումների ընթացքից, տարածաշրջան, որտեղ ամերիկացիները խաղասեղանին են դրել իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի հետ:

Այդ բարդացումների վերաբերյալ հրապարակված փաստերը, որոնցից է Թուրքիայում ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունը, որին Անկարան մեղադրում է լրտեսության մեջ, լոկ սառցալեռան գագաթն է: Վաշինգտոնը Անկարայից պահանջում է ընդհանուր առմամբ փոխել սեփական արտաքին քաղաքականությունը, մասնավորապեսՙ Մերձավոր Արեւելքում: Խոսքը հատկապես Իրանի նկատմամբ վարվող քաղաքականության եւ ռուս-թուրքական երկխոսության մասին է:

Եվ ի՞նչ պետք է անի Թուրքիան, երբ իր դեմ սանձազերծված է առեւտրական պատերազմ այն պահին, երբ ինքը գործարար լայն կապեր է հաստատել հարեւան Իրանի հետ, Սիրիայի հարցում կոալիցիա է կազմել ինչպես Թեհրանի, այնպես էլ Մոսկվայի հետ: Շատ չի անցնի, եւ Վաշինգտոնը Թուրքիային, ինչպես Իրանին, կմեղադրի Մերձավոր Արեւելքում ահաբեկչության ֆինանսավորման մեջ: Մինչդեռ ինքըՙ Անկարան, ամերիկացիներին պախարակում է սիրիացի քրդերին օգնելու համար, որոնց ղեկավարությունը եւ աշխարհազորայինները, թուրքերի կարծիքով, կապված են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդական բանվորական կուսակցության հետ:

Անկարան հանդես է գալիս նաեւ իր սահմանների մոտակայքում սիրիացի քրդերի ինքնավարություն ստեղծելու ծրագրերի դեմ, իր տարածքում ճնշում է քրդերի գործունեությունը: Ըստ որում, իրավիճակը կարող է բարդանալ, եթե ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ բանավոր սպառնալիքներից անցնի ռազմական գործողությունների: Այս կապակցությամբ The Washington Post թերթը գրում է, որ Թրամփը Եվրոպայից բացի վերակառուցում է նաեւ Մերձավոր Արեւելքը, ինչը հանգեցնում է ոչ միայն Մոսկվայի հետ Անկարայի ու Թեհրանի դաշինքի ամրապնդմանը, այլեւ Եվրոմիության հետ այդ դաշինքի հնարավոր անբնական կապերի գոյացմանը:

Թերթի կարծիքով, Վաշինգտոնի նպատակն է մնալ տարածաշրջանային նոր կարգի համար Մերձավոր Արեւելքում Բրյուսելի, Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի ծավալած պայքարի թիկունքում: Պատահական չէ, որ եվրոպացի բազմաթիվ փորձագետներ Իրանի նկատմամբ Եվրոմիության ներկայիս քաղաքականությունը փորձում են բացատրել ոչ այնքան միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալը թույլ չտալու, որքան էներգառեսուրսներից օգտվելու կամ դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտմամբ: Վերջիններս կարող են դառնալ ռուսական էներգակիրների այլընտրանքը:

Սա առաջին կողմն է: Երկրորդ: Ըստ երեւույթին, Եվրոմիությունը մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի Մոսկվային զրկի Անդրկովկասում սեփական ազդեցությունն ուժեղացնելու հնարավորությունից: Այս համատեքստում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օրերս տարածաշրջան կատարած այցը զուտ խորհրդանշական չէ:

Ըստ The Washington Post-ի կանխատեսումների, մոտ ժամանակներս Անկարան եւ Թեհրանը կբախվեն ահագնացող անջատական շարժումների, երբ «կհառնեն» անցյալի պատմական հակամարտությունները: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Այնպես որ, խաղացողները սեղանին են դնում խոշոր խաղագումարներ: Մասնավորապես Դոնալդ Թրամփը փորձում է առավելագույնս խոցելի դարձնել ձեւավորվող կասպյան դաշինքները: Բայց նրան կհաջողվի՞ արդյոք ապագայում եւս թելադրել միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության կանոնները: Bloomberg գործակալության կարծիքով դա ամբողջ աշխարհում գլխիվայր է շրջում դիվանագիտական կապերը:

«Ռեգնում» գործակալության տվյալներով, սեպտեմբերի սկզբներին Թեհրանում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների հանդիպում, որը կարող է ունենալ աշխարհաքաղաքական էական հետեւանքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ