RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5449, Տպվել է` 549, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Պ. Ք.

Ակնարկներ բանակցությունների նախօրեին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կբանակցեն Մոսկվայում: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել է ինքըՙ Փաշինյանը , իսկ հետո նույնը հաստատել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը : ՀՀ վարչապետի ռուսաստանյան այցը երրորդը կլինի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ շրջանակներում տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան առաջին հանդիպումը: Հաջորդը Մոսկվայում էր հունիսի 13-ին, երբ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հրավերով մեկնել էր ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Այնպես որ Մոսկվա-Երեւան երկխոսությունը զարգանում է դինամիկորեն, բայց առանձնահատուկ կերպով: Այդ մասին խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջեւ ելույթ ունենալիս: «Կարծում եմՙ մեզ համար հետաքրքրական է լսել, թե ինքըՙ ՀՀ վարչապետը ինչպես է գնահատում իր երկրի իրադրության զարգացման հեռանկարները: Մեզ համար բնավ միեւնույնը չէ, թե տվյալ իրավիճակում ինչպիսին են Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ: Մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է կատարվեն լրիվ չափով, այդ թվում մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդման առումով», ասել է Լավրովը: Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվան չի միջամտել Հայաստանում իշխանափոխության գործընթացինՙ «ի տարբերություն որոշ այլ երկրների»:

Իրոք, Հայաստանի նոր իշխանությունները, հայտարարելով շարունակվող հեղափոխության մասին, սկսելով հաշիվներ մաքրել ոչ վաղ անցյալի պատմության հետ, որոշակի վակուում են ստեղծել Մոսկվայի հետ իրենց հարաբերություններում, թեեւ բավական շատ հայտարարություններ են արել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելու մասին, կարծում է «Ռեգնում» գործակալությունը:

Արդյունքում թերեւս պատահական չէ, որ այդ դատարկությունը լցրել է Ադրբեջանը: Սոչիում օրերս կայացած Պուտին-Ալիեւ բանակցությունները ավելի քան երբեւէ արդյունավետ էին: Ստորագրվեցին ամենատարբեր ոլորտներում (տնտեսություն, էներգետիկա, ռազմատեխնիկական ուղղություն, հումանիտար հարաբերություններ) երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր:

Սակայն Մոսկվան ընդսմին «հայկական խաղաքարտը չի խաղարկում»: Ընդհակառակը, Բաքվի հետ հարաբերությունները ընդլայնելովՙ Մոսկվան որոշ իմաստով կանխում է Հայաստանի իրավիճակից օգտվելովՙ ԼՂ հակամարտությունը կրկին ուժային մեթոդներով լուծելու Ադրբեջանի որոշակի շրջանակների նկրտումները, ինչը զգալի վտանգներ է պարունակում աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային համատեքստում: Հարկավոր է գնահատել «կարմիր գիծը» չհատելու Ալիեւի վարքը: Դատելով ըստ ամենայնի, այդ խնդիրը ներկայումս դուրս է բերված ռուս-հայկական հարաբերությունների շրջանակից, թեեւ Փաշինյանը ավելի վաղ հետաքրքրական հայտարարություն էր արել Արցախի վերաբերյալ, առաջարկել էր Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղանի մոտ, բայց հետո թերեւս հետ էր կանգնել, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Վարչապետը նաեւ ներկա չէր Արցախի Հանրապետության անկախության հանդիսություններին, թեեւ շնորհավորանք էր հղել:

Շնորհավորական ուղերձում մասնավորպես խոսվում էր Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միասնական ուժի մասին, ինչը Բաքուն համարում է Ստեփանակերտը բանակցությունների սուբյեկտ համարելուց Փաշինյանի հրաժարման հերթական դրսեւորում: Ի դեպ, դա միանգամայն ձեռնտու է Ադրբեջանին: Պատահական չէ, որ Թյուրքալեզու պետությունների խորհրդի վեցերորդ նիստում Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե ակնկալում է ՀՀ նոր ղեկավարության կառուցողական դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում, «մեր տարածքները կազատագրվեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, եւ տարածաշրջանում կհաստատվեն խաղաղություն ու համագործակցություն»: Կարեւորը այդ արտահայտության առաջին մասն էՙ հակամարտության վերաբերյալ: Այնպես որ Բաքուն որոշակի «հույսեր» ունի:

Լավրովի խոսքերով, ներկայումս Հայաստանում եռուն իրավիճակ է: «Մենք շատ ենք ուզում, որ այդ ներքին խնդիրները լինեն օրենքի, սահմանադրության ամուր հիմքի վրա, ինչպես նաեւ դրանք շուտափույթ կերպով հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարար խնդիրների վրա»: Սակայն Փաշինյանի կուսակցությունը ներկայումս խորհրդարանում չունի մեծամասնություն: Իրադրության փոփոխությունը հնարավոր է միայն մյուս խմբակցությունների հետ բանակցություններ վարելու, փոխզիջումների դիմելու միջոցով:

Հավանական է, որ վարչապետը եւ իր թիմը վարում են նման բանակցություններ, բայց դրանց հաջողության համար անհրաժեշտ են ներքին եւ արտաքին բարենպաստ գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ միայն ժամանակի ընթացքում: Դրա հետ մեկտեղ պահպանվում է զուտ ապարատային հնարքներով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ի պատասխանՙ վարչապետը կարող է հակադրել ժողովրդի ներուժը:

Իր մոսկովյան այցի նախօրեին վարչապետը հայտարարեց, որ ՀՀ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան միայն եկող տարվա մայիսին կամ հունիսին: Կատարվում է ՀՀ Սահմանադրության փոփոխման աշխատանք, որի արդյունքում խորհրդարանը կարող է արձակվել առանց վարչապետի պաշտոնաթողության: Փաշինյանի խոսքերով, նոր Սահմանադրության նախագիծը շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, որից հետո կծավալվեն քաղաքական խորհրդակցություններ:

Դժվար է ասել, թե պատգամավորները հավանություն կտան արդյոք նոր նախագծին: Հայ փորձագետներից շատերի գնահատմամբ, մայիսին Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո անցած ամիսներին նրա ընդդիմախոսները սկսել են միավորներ շահել, հասարակության մեջ հոգեբանության առումով ինչ-որ բան փոխվել է, հարյուր տոկոսանոց վստահությունը փոխարինվել է թերահավատությամբ, որը կարող է որոշակի հետեւանքներ ունենալ: Կրեմլում արդեն իրենց հարց են տալիս, թե նման պայմաններում ինչպես պետք է բանակցել Հայաստանի հետՙ նույնիսկ հանրապետության ներքին կյանքին չմիջամտելու դիրքորոշմամբ, եւ ո՞ւմ հետ բանակցել: ՀՀ ներքաղաքական ներկայիս պայմաններում շատ բան հայտնի կդառնա սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից, որոնք կլինեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախերգանքը:

Մոսկվայում չեն թաքցնում, որ Հայաստանը Ռուսաստանի շահերի ծիրում է, այդ թվումՙ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Երկկողմ հարաբերությունները մինչեւ օրս մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանային գործընթացների վրա: Բայց ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել, եւ ղարաբաղյան ուղղությամբՙ նույնպես: Ահա թե ինչու Պուտինի եւ Փաշինյանի առաջիկա երկխոսությունը հնարավոր է լինի դժվարին, գուցե նաեւ կոշտ: Այս առումով Լավրովի արած ակնարկները ավելի քան թափանցիկ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ