RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5628, Տպվել է` 547, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԱԳՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Անցյալ հինգշաբթիՙ օգոստոսի 30-ին, երբ մեր թերթը տպարան էինք հանձնում, համոզված էի, որ նույն օրը նախատեսվածՙ Բեռլինում ՀՀ դեսպանի հետ կանցլեր Մերկելի այցն ամփոփող մեր հետաձգված հարցազրույցը կներկայացնենք այսօրվա համարում, առավել ընդգրկուն հարցերով: Ավաղ, այն ոչ թե հետաձգվեց, այլՙ նպատակահարմար չհամարվեց բավարարելՙ Հայաստանի ԱԳՆ-ի տարօրինակ պատճառաբանությամբ, այն էՙ «Առավոտ» թերթը նույնաբովանդակ հարցազրույց ներկայացնում է արդեն»: Սեպտեմբերի 5-ին մեր գործընկեր Տաթեւ Հարությունյանի զրույցը ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի հետ որքան էլ գրագետ ու բովանդակալից էր, այդուհանդերձ չէր կարող համոզել հարցազրույցից հրաժարվել, քանի որ հարցուպատասխանը չէր ներառում մե՛զ հետաքրքրող հարցերի շրջանակը:

Առիթ է բարձրաձայնել լրագրողիս համար մի շատ կարեւոր հարցի մասին: Նախկինում երբեւէ մեր աշխատանքն այսքան գրաքննության պատնեշին չի հանդիպել, որքան հիմա: 2013-ին առաջին անգամ դրա շոշափուկները զգացինք, երբ Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը մեզ ծանուցեց, թե հարցաշարը պիտի լինի գրավոր, եւ դրան պիտի ծանոթ լինեն ԱԳՆ-ում: Դրանից հետո անշուշտ ինձ հաջողվել է բավարարել արագ, ոտքի վրա բանավոր հարցազրույց վարելու իմ «գայթակղությունը», բայց գրավոր հարցերիՙ նախապես համաձայնեցված լինելու պահանջը կարծես սկսում է գերակայել: Եթե սա տպագիր խոսքի հանդեպ գերուշադրության հետեւանք է, ընդունելի է ինչ- որ տեղ, քանի որ լրագրությունն այսօր լուրջ մարտահրավերի առջեւ է հայտնվելՙ գրագիտության, որ աքիլլեսյան գարշապար է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի համար:

«Ազգ»-ը, բարեբախտաբար, իր լրատվությունը հերքելու առիթ չի տալիս, գրագիտության առումով էլ վերջին շարքերում չէ: Մեր տպագիր թերթի ընթերցողների քանակը, ճիշտ է, նվազել է, բայց էլեկտրոնային տարբերակը շարունակում է հետաքրքրել Հայաստանում եւ մանավանդ Սփյուռքում, իսկ սոցիալական ցանցերը արագ տեղ են հասցնում մեր ընթերցողների ջերմ նամակներըՙ շեշտադրելով հատկապես մեր թերթի «հարստությունը»ՙ հայոց լեզվի գեղեցկությունը հաստատող բառապաշարը: 90- ականներից սկսյալ մեր թերթը մի նկատելի առավելություն է ունեցել եւ ունիՙ աշխարհի տարբեր անկյուններում սեփական եւ հատուկ թղթակիցների ստեղծած լրագրությունը, որ ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ պարտադիր բազմակարծության կարոտ մեր հասարակության համար:

Անգելա Մերկելի այցը, բնական է, լուսաբանեցին հայաստանյան ԶԼՄ- ները, զրույցի հրավիրելով նաեւ տեղի վերլուծաբաններին ու փորձագետներին, բայց նրանց հայացքն ու տեղեկացվածությունը, ինչպես նաեւ ենթադրելի ժամանակի սղությունը թույլ չտվեցին սպառել հարցերի այն շրջանակը, որ կարող է հետաքրքրել Գերմանիայում բնակվող, տեղի մամուլի հրապարակումներն ընթերցող լրագրողիս: Մերկելի այցը նախապատրաստել ու դրա մանրամասներին, մեր կարծիքով, առավել հանգամանալից ծանոթ են երկու անձՙ Բեռլինում ՀՀ դեսպանը եւ նրա գերմանացի պաշտոնակիցը Երեւանում: Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն էլ մեզ համակարծիք է, որ օգոստոսի 30- ին նրան ուղարկած մեր գրավոր հարցաշարը չի սպառվել Մերկելի այցը լուսաբանած լրատվամիջոցների հրապարակումներում, որտեղ, բնական է, մեր հստակ հարցերը բացակայում են:

Օգոստոսի 30- ից հետո մեր հարցերն ավելացան, եւ դեսպանի հետ մեր հարցազրույցը, որ ենթադրում եմ արտոնվելու է մեր այս հրապարակում- պարզաբանումից հետո, հայաստանյան եւ սփյուռքի մեր ընթերցողին գոհունակ է պահելու հատկապես որոշ խնդիրների լուսաբանման առումով: Նկատի ունենք հատկապես մեր անվտանգությանն առնչվող հարցերը, գերմանացի մեր գործընկերների հայացքը մեր տարածաշրջանին, նրանց ու մեր ակնկալիք- սպասելիքների տարբերությունները եւ այլ հարցերի արծարծումը մեր ներկայացվելիք զրույցում:

Մեր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում մի կարեւոր հարց, որ թյուրիմացաբար դեռ մոլորության մեջ է գցում մեր հայրենակիցներին: Երեւանում դեռ 2 տարի առաջ լսել եմ, թե «Գերմանիայում ձրի բուժում են ստանում այն ծանր հիվանդները, որ Հայաստանում բուժման, թանկ դեղամիջոցներ գնելու անվճարունակ են»: Անցյալ տարի «Թերթ» առցանց լրատուն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հարցազրույցների շարք էր ներկայացնում Գերմանիայից արտաքսված հիվանդների հետ, որոնց բուժումը կիսատ էր թողնվել, եւ խեղճ այդ մարդիկ հուսահատ պատմում էին, թե իրենց համար էլ նորություն է ԳԴՀ իրավապահներիՙ իրենց Հայաստան արտաքսելու այդ վարքագիծը: Հարցազրուցը վարող լրագրողը բավարարվեց միայն մի կողմին ունկնդրելով, նրանց ձայնը լսելի դարձնելով, ու հայաստանյան հասարակությունն ավելի խոր ընկղմվեց թյուրիմացության մեջ: Տեսանյութից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ է Գերմանիան արտաքսել այդ խմբին, հատուկ դիտավորությա՞մբ, թե՞ կարգի համաձայն: Դրանից հետո էլ, որքան հետեւեցինք, նույն լրատվամիջոցին որեւէ պաշտոնյա չտվեց հավելյալ պարզաբանում:

Կանցլեր Մերկելի այցին հաջորդած օրերին նույնօրինակ մի թյուրիմացություն հնչեց Հանրային ռադիոյի եթերից: «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ ուկնդիրներից մեկը հարց ուղղեց հաղորդման հյուրինՙ ՄԱՀՀ - ի Եվրոպայի հարցերի փորձագետ Անի Եղիազարյանին : Մեջբերում ենք նույնությամբՙ «արտագաղթած հայերը, որ մինչ այդ արդեն Գերմանիայում են, ճամբարներում, ի՞նչ կլինի նրանց վիճակը, ետ կուղարկե՞ն, թե՞ ոչ: Անգելա Մերկելի այցից հետո հայերին ի՞նչ աչքով կնայեն, կամ հաշմանդամներին, որ գնան այնտեղ բուժման համար, ինչպիսի՞ վիճակ կստեղծվի նրանց համար: Կընդունե՞ն եւ կբուժե՞ն նրանց անվճար, թե՞ ոչ»: Հաղորդաշարի հեղինակ եւ վարող Գեւորգ Մելիքյանը կարծես «հուշեց» հարցի պատասխանըՙ ասելովՙ «Տեսնում եք մարդիկ ի՛նչ ակնկալիքներ ունեն», բայց Անի Եղիազարյանը հետեւյալ պատասխանը հնչեցրեցՙ «Մինչեւ այսօր էլ Գերմանիայի ճամբարներում բազմաթիվ հայ ընտանիքներ են ապրում, եւ այս այցը չէ, որ պիտի որոշիչ լինի: Մինչեւ այս այցն էլ Գերմանիան մշտապես լավ քաղաքականություն է վարել ներգաղթյալների նկատմամբ, այդ թվումՙ ձեր նշած ճամբարներում բնակվողների: Անվճար բուժօգնության ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, գուցե ոչ ամբողջությամբ, բայց համենայնդեպս մարդիկ այնտեղ անվճար բուժօգնություն ստացել են»:

Ինչպե՞ս են ստացել այդ «ձրի բուժօգնությունը», չեն պարզաբանում անշուշտ, այլապես Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգված տուն- տեղ վաճառելով չէր հայտնվի գերմանական մեծ ու փոքր քաղաքների ապաստան հայցողների ճամբարներում: Պիտի լուսաբանել, որ կանցլեր Մերկելի այցը չի կարող նպաստել հայությանՙ Գերմանիայում «ձրի բուժման» գործընթացին, եւ Հայաստանի վարչապետի հետ ասուլիսի ժամանակ հնչած բուժօգնությանը վերաբերող հատվածը դրա տրամաբանության շարունակությունը չէ:

Հայաստանի անկախության ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատությունն է, լրատվամիջոցների ազատությունը, մեզ համար հարգարժան ՀՀ ԱԳՆ- ին խնդրում ենք չսահմանափակել ընթերցողների ազատ ընտրությունըՙ ո՛ր թերթում, ո՛ր հեղինակի, ո՛ր նյութը կարդալ: Առավել եւսՙ արտոնե՞լ, թե՞ չարտոնել լրագրողներին մտածել ու հարց տալ: Ակնկալում ենք, որ ԱԳՆ-ի պատասխանը կլինի մեր հարցազրույցի անցկացման կանաչ լույսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ