«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՄԱՐՈՆՅԱՆԻՆ Հ.Ծ. Լոս Անջելեսում 2017-ից գործող «Մշակութային ազդեցություն հիմնադրամի» (Cultural Impact Foundation) տնօրենների վարչությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին Հոլիվուդի «Տաղլյան» կենտրոնում տեղի է ունեցել հիմնադրամի գործունեության հանդիսավոր բացման երեկույթը, որի ընթացքում երկու ծրագիր է ներկայացվել չորս անգամ «Էմմի» մրցանակակիր ֆիլմարտադրիչ Բարեդ Մարոնյանին: Առաջինը կոչվում է «Տիտանիկի սերը», որը վավերագրական ֆիլմ պետք է լինի 1912-ին «Տիտանիկ» շոգենավով դեպի Ամերիկա մեկնող հայ ուղեւորների մասին: Երկրորդըՙ «Անարյուն» ֆիլմն է, որը պատմում է 2018-ին Հայաստանում իրականացված խաղաղ իշխանափոխության մասին: Բարետ Մարոնյանը հայտնի պրոդյուսեր է, որի «Women of 1915» (1915-ի կանայք) ֆիլմը մեծ ճանաչում բերեց նրան: Գալա-երեկոյի ընթացքում նա երկու նոր ֆիլմերի վերաբերյալ մանրամասնություններ է ներկայացրել: «Ծրագիրը մշակվել է համայնքի Հայ դատի նախանձախնդիր առաջնորդների կողմից: Նպատակն է պատմական իրադարձությունների ճշգրիտ գնահատումն ու հերոսական գործողությունների վերհանումը», նշել է այդ առթիվ կազմակերպիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մարտիրոսյան-Պելտերը , որ դոկտ. Հրայր Գութնույանի հետ CIF հիմնադրամի վարչության անդամ է: Հիմնադրամի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել «www.culturalimpactfoundation.org» կայքը: |