«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ» Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Լոնդոնյան Հեդդոն հրատարակչատունը օգոստոսին լույս է ընծայել լոնդոնահայ վիպասան Սերժ Մոմճյանի «Ուղեւորություն դեպի Հայաստան: Սփյուռքահայի ճանապարհորդությունը դեպի անցյալն ու ներկան» խորագրով նոր գիրքը, որը պատմում է իր անցյալը բացահայտելու ամերիկահայ մի լրագրողի անցած ուղու մասին: Հայկ Պետրոսյանը երեսունամյակն անց միայն զգում է ինքնությունը բացահայտելու կարիքը եւ համակարգչի հնարավորություններից օգտվելով ընդհանուր գաղափար է կազմում հայոց պատմության մասին, որից հետո հայկական համայնք է մուտք գործում եւ իրեն գտնում երկու հակասականՙ ամերիկյան եւ հայկական արժեհամակարգերի խաչմերուկում: Առաջին հանձնառությունը լինում է այցելել անկախություն ձեռք բերած իր հայրենիքը, որտեղ պատմական վայրերի այցելություններն ու մշակութային հարստության հայտնաբերումը նշանակալիորեն ավելացնում են նրա գիտելիքներն ու սրում հետաքրքրությունը իմանալու իր երկրի փոթորկալից անցյալն ու մարտահրավերներով հագեցած ներկան: Սերժ Մոմճյանը ծնվել է Բեյրութում 1946 թվին: Լոնդոն է տեղափոխվել 1970-ականներին, եւ այնտեղ հետեւել լրագրության դասընթացների: Հոդվածներով հանդես է եկել Բեյրութի «Դեյլի սթար» (Daily Star) օրաթերթում եւ Լոնդոնի «Իվենտս» (Events) ամսագրում: Հետագայում դարձել է վիպասան: Նրա գրքերի թվում են «Անտեսանելի գիծը», «Օպերայի երգիչը», «Անցյալի հիշողությունները» եւ «Կոմիտաս, արվեստագետն ու զոհը» հատորները: Գրքի վերաբերյալ մանրամասնությունների համար դիմել «enquiries@heddonpublishing.com» էլ. հասցեին : |