RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5291, Տպվել է` 572, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՅԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ԴԻՊՉԵԼՙ ՈՉ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բեռլինյան պատը նորից քանդեցին կամ Բաստիլը նորից գրավեցին, մի խոսքովՙ Բաղրամյան 26-ի դռներ բացվեցին, ինչպես վարչապետ Փաշինյանն ասացՙ ժողովրդի առջեւՙ վերացնելով իշխանություն-ժողովուրդ 27-ամյա անջրպետը: Այսուհետ բոլոր նրանք, ովքեր կցանկանան Երեւանում զբոսնել, ավելի ճիշտՙ քայլել, բայց Կոմայգուց հոգնած կլինեն, կարող են գնալ Բաղրամյան 26, մտնել ներս (շենք առայժմ չի թույլատրվում) եւ վայելել ազատության օդըՙ աչքի տակով էլ պատուհանից հետեւել, թե ինչպես է աշխատում երկրի բարձր ղեկավարությունը: Ի դեպ, կարելի է պատվիրել սոցիոլոգներին, որ պարզեն, թե ՀՀ քաղաքացիներին ավելի շատ պետք է ազատության օդը վայելե՞լ, թե՞ պատուհանից հետեւելՙ ինչպես է աշխատում երկրի բարձր ղեկավարությունը: Սրանք տարբեր բաներ են. երկրորդն անողը առաջինը երբեք չի վայելի:

Ինչեւէ, երկրում հրաշալի բան է տեղի ունեցել. չի բացառվում, որ շուտով դռները բացի նաեւ Ազգային ժողովը, որի այգին անհամեմատ ավելի գեղեցիկ է, քան Բաղրամյան 26-ինը, եւ նաեւ ՀՀ նախագահիՙ Մաշտոցի 47-ում գտնվող նստավայրը: Ի դեպ, այստեղ մի նրբություն կա: Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանը, բացելով Բաղրամյան 26-ի դռները, նաեւ հայտարարեց, որ այդ նստավայրը շուտով վերադարձվելու է ՀՀ նախագահին: Այսինքն ՀՀ նախագահը մոտ ժամանակներս պետք է տեղափոխվի մի շենք, որի դռները ժողովրդի առջեւ բացել է վարչապետը: Իսկ Փաշինյանը վստա՞հ է, որ Սարգսյանը հենց նման պայմաններում է ուզում աշխատել: Չէ, նախագահը սիրում է զբոսնել Երեւանում, զրուցել մարդկանց հետ, պաղպաղակ ուտել երեխաների հետ, մի խոսքովՙ քայլել, բայց գուցե մարդը չի ուզում, որ երբ ինքը ընդունում է, օրինակ, Գերմանիայի կանցլերին, հենց այդ սենյակի պատուհանի տակ դասից փախած ուսանողները հոլանդական գարեջուր խմենՙ չիփսեր կրճտացնելով: Կամ հնարավոր է Արմեն Սարգսյանը սիրում է հանգիստ պայմաններում աշխատել. դատելով ստանձնած պաշտոնիցՙ հենց այդպես էլ կա, եւ չի սիրում, երբ պատուհանի տակ աղմկում են: Մի խոսքովՙ չի բացառվում, որ երբ նախագահ Սարգսյանը տեղափոխվի Բաղրամյան 26, նստավայրի դռները նորից փակվեն, այնպես որ քանի դեռ դրանք բաց ենՙ առիթը մի կորցրեք պետության ղեկավարմանը պատուհաններից հետեւելու: Իսկ այն որ Արմեն Սարգսյանը բաց դռների մեծ սիրահար չէ, ապացուցվում է այն հանգամանքով, որ նրա ժամանակավոր նստավայր Մաշտոցի 47-ը բաց է միայն կիրակի օրերին, երբ նախագահին խանգարել հնարավոր չէ, քանի որ այդ օրերին նա չի աշխատում:

Ի դեպ, աշխատանքի մասին: Պետական հաստատությունների միայն տարածքնե՞րն են ՀՀ քաղաքացիների համար բացվում, թե՞ նաեւ բուն այդ հաստատությունները: Ասենք կարո՞ղ է մարդը չանդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի ցավը չտանել, բայց աշխատանքի ընդունվել պետական կառույցներում: Առաջ, երբ բոլոր պաշտոնները Մելիք-Ադամյան 2-ից էին տալիս, դա հնարավոր չէր. կա՛մ պետք է ՀՀԿ-ի անդամատոմս ունենայիր, կամ էլ հավատարմության երդում տված լիներ: Հիմա հնարավո՞ր էՙ առանց քաղաքացիական պայմանագիր կնքելու մտնել պետական կառույց: Եթե այո, ապա ինչո՞ւ Հայկ Մարությանը նախ ՔՊ անդամ դարձավ, նոր միայն հաղթանակած հռոմեացի զորավարների պես մտավ Հռոմից էլ հին քաղաքի քաղաքապետարան: Ուրեմն պարտադի՞ր է... Ձեզ համարՙ չգիտեմ, բայց ինձ համար այս հարցի պատասխանն ավելի կարեւոր է, քան Բաղրամյան 26-ի բաց դռները: Քանի որ իշխանություն-ժողովուրդ անջրպետը չի վերանում, երբ պետական շենքերի բակում հնարավոր է սելֆի անել, վերանում էՙ երբ այդ շենքերում կարող են աշխատել բոլոր նրանք, ովքեր արժանի են դրանՙ անկախ քաղաքական հայացքներից ու վարչապետին սիրելու չափից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ