ՉԿՈՐՑՆԵ՛Լ ԼՍԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքները հայտնի են: Անկախ այն բանից, թե ով ի՞նչ կերպ է գնահատում դրանք, նախ շնորհավորում եմ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին: Նաեւ զգուշացնում եմ, որ չնայելով իր անձնական արժանիքներին կամ դրանց բացակայությանը, որոնք դեռ հետո կտեսնենք, նա քաղաքապետ է ընտրվել նախ եւ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիթխարի հեղինակության շնորհիվ: Հետեւաբար, նոր քաղաքապետի յուրաքանչյուր վրիպման համար բարոյական պատասխանատվություն է կրելու նաեւ վարչապետ Փաշինյանը: Ավելինՙ նաեւ ա՛յն «հեղափոխությունը», որն առաջնորդում էր Նիկոլ Փաշինյանը ու նրան իրենց զորակցությունը հայտնած հազարավոր երիտասարդները, որոնցից մեկն էլ Հայկ Մարությանն էր: Երկրորդՙ բացառիկ կարեւոր է, որպեսզի ե՛ւ հեղափոխությունից անկեղծորեն ուրախացած, ե՛ւ առայժմ դեռ կասկածամտորեն նոր իշխանությունների հետագա քայլերին սպասող զանգվածները գիտակցենՙ գործնականում Հայկ Մարությանին ձայն է տվել մայրաքաղաքի բնակչության կեսից պակասը: Ինչքան էլ ոմանք այս հանգամանքը ոչ-էական համարեն, այն 56-57 տոկոս ընտրողները, որ սեպտեմբերի 23-ին այդպես էլ ընտրատեղամասերում չերեւացին, դրանով իսկ ցույց տվեցին իրենց բացասական վերաբերմունքը այս ընտրությունների նկատմամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ նոր քաղաքապետն ու նրա ձեւավորելիք նոր քաղաքային իշխանությունները գիտակցենՙ իրենք ամեն օր, ամեն ժամ մայրաքաղաքը գլխավորելու ծանրագույն քննություն են հանձնելու ոչ միայն Երեւանի բնակիչներին, այլեւ համայն հայությանը, մայրաքաղաք ժամանող յուրաքանչյուր օտարի: Հանկարծ այնպես չլինի, որ հաղթանակի էյֆորիայի մեջ ոմանց թվա, թե հիմա իրե՛նք են դրության տերը, ինչ ուզենանՙ կանեն: Ընդսմին, ոչ՛ միայն մայրաքաղաքում, այլեւՙ հանրապետությունում: Երրորդՙ քաղաքապետի ընտրության ամենակարեւոր արդյունքն եմ համարում այն ենթագիտակցական վախի հաղթահարումը, որ ակնհայտորեն ունեին երկրի նոր ղեկավարներըՙ հենց նոր նվաճած իշխանության հնարավոր կորստի սարսափից: Հասարակությունը սեւերի ու սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանելու, անցանկալիներին ամեն տեսակ սպառնալիքներ հասցեագրելու միտումը, ըստ իս, հենց այդ նոր նվաճած իշխանությունը կորցնելու սարսափից էր գալիս: Քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը , ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկուշաբթի օրվա ինտերնետային ուղերձի, համաձայնե՛ց արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջ գցելու շուրջ քննարկումներ սկսելու հարցադրմանը: Ի՛նչ կա որ: Թող մինչեւ տարեվերջ նոր խորհրդարանը ձեւավորվի, թող ամբողջ իշխանությունը կենտրոնանա նոր ղեկավարների ձեռքում: Մինչեւ նոր կառավարողները իրենց մաշկի վրա չզգան, թե ի՜նչ ծանրածանր բան է իշխանության բեռը կրելըՙ չե՛ն հանդարտվի: Երբ դա գիտակցենՙ կհանգստանան, այլեւս անիմաստ ժամանակ չեն վատնի ամենուրեք չեղած թշնամիներ որոնելու վրա: Հուսով եմՙ նաեւ այնքան իմաստություն կունենան, որ կհասկանանՙ երկրի հաջող կառավարման գլխավոր նախապայմանը վարչապետ Փաշինյանին կուռք դարձնելը չէ՛, նրա ամե՛ն խոսքը էժանագին հիացմունքի արժանացնելը չէ՛: Աստված մի արասցե, դա կտանի դեպի ամեն մեկ այլակարծության ոչնչացում: Իսկ մեզ անհրաժեշտ է, որ նոր ղեկավարները, մեծից փոքր, չկորցնեն խելոք խոսք լսելու, դրանից հետեւություններ անելու ընդունակությունը... |