ԹԱՆԿ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ. ԵՐԲ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Մրցակցային միջավայր, հարկային ճկուն քաղաքականություն, հակակոռուպցիոն քայլեր, մոնոպոլիաների կանխում, փոքր ու միջին գործարարության զարգացում եւ համանման արտահայտությունները մերօրյա հայաստանյան իրականության առօրյան են դարձել: Այս ամենից հիմնականում խոսում են այրեր, որոնք աշխատանք ունեն, թող որ համեստ վարձատրվող, ասենքՙ մի 250 հազար դրամի սահմաններում, չխոսելով այն պաշտոնյաների մասին, որոնց շաբաթականն է նշված թիվը: Եթե ընտանիքում երկրորդ աշխատող կա, անգամ մի փոքր պակաս աշխատավարձով, կարելի է առօրյա կենցաղի հանդեպ համեմատաբար մտահոգ չլինել. ոչ մսի ու պանրի գներին նայել, ոչ գարեջրի ու գինու գնապիտակներին ուշադրություն դարձնել, ոչ էլ սրճարան այցելելու ու ֆուտբոլի ազգային հավաքականի տնային խաղերը մարզադաշտում դիտելու հաճույքից հրաժարվել: Կարճ ասածՙ ապրել մինչեւ այն օրերը, երբ ավտոմեքենա ունենալը շռայլություն չի լինի, որն ընկերներցս մեկը կեսկատակ գնահատեց ընտանիքից բացի սիրուհի պահելուն համարժեք ծախս, կամ մտածել արձակուրդը գոնե Վրաստանում անցկացնելու մասին: Ասվածներն ընդամենը նվազագույնն են, որոնք ակնկալում է ունենալ ու իրականացնել «միջին» որակվող հայաստանցին իր ու ընտանիքի համար, քանզի համոզվել է, որ աշխարհի չորս կողմեր անգամ վերջին տարիներին արտագաղթած իր հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու ծանոթները հասել են բաղձալի նվազագույնին, գնում-գալիս են Հայաստան ու պարբերաբար ընդգծում, որ շարքային ու կենցաղային առումով դրականն աննշան է, տեղաշարժ դեպի բարելավում չի նկատվում, գների աճն ընդհանրապես չի կանխվում: Հենց օրերս թանկացավ հանապազօրյա հացը, որը միջինից պակաս ֆինանսական միջոցներով ապրող ու գոյատեւող հայաստանյան ընտանիքների սննդակարգի հիմնական սպառվող պարենամթերք է դիտարկվում: Եթե օրեր առաջ 500 գրամ կշռող պուրի հացատեսակը վաճառվում էր 220 դրամով, հիմա նոր գինը 240 դրամ է: Կիլոգրամի հաշվարկով ստացվում է 40 դրամի կամ 8 տոկոսի աճ: Որեւէ մեկը կասի, որ այն բարձր է, անգամ աննախադեպ, քանզի ամենօրյա լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում ընտանիքի վրա: Նման պարագայում ինչ-ինչ այսպես կոչված մասնագետներ բացատրություններ են հնչեցնում, որոնք պաշտոնյա այրերին ու որոշակի իրավասություններ ունեցող պետական կառույցների ղեկավարներին պարզապես չպետք է հանգստացնեն: Հենց օրեր առաջ Ռուսասստանի դաշնության պետական հեռուստաալիքներից մեկով տեղեկատվություն տրվեց, որ երկրի հացահատիկ մշակողներից ցորենի կիլոգրամը մթերվում է մինչեւ 5 ռուբլով, ՀՀ արժույթով 35 դրամով: Նման ցածր գինը պայմանավորված է ՌԴ-ում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների աննախադեպ աճով, մինչեւ 100 մլն տոննա բերքի ստացումով: Թե ինչու է կառավարությունն այսպիսի քայլերի գնում, նպաստում այս ճյուղի նման զարգացմանը, դժվար է միանշանակ կարծիք հայտնել: Մասնագիտական մոտեցում կա, որ ցորենի միջազգային շուկայում տոննայի դիմաց 180 դոլար վաճառքի գին սահմանելով ՌԴ իշխանությունը փորձում է խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի առաջարկած 220-240 դոլարով իրացման համար, որպիսի հայտարարություն հյուսիսամերիկացիների կողմից արդեն արվել է: Այսուհանդերձ թերեւս նկատի չի առնվում, որ ամերիկյան տնտեսության համար իր հացահատիկ մշակողներին համաֆինանսավորման եղանակով օժանդակելը շատ ավելի դյուրին միջոց է, քան վերջին տարիներին անվերջ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ կառավարության համար գյուղոլորտի սուբսիդավորումը: Այնպես որ թող մեծերն ու հզորները մրցակցեն, միմյանց առեւտրային պատերազմ հայտարարեն, իսկ մինչ սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու ցանկալի ժամանակները այդ գործընթացից օգտվողները փորձեն իրենց հոգսերը թեթեւացնել: Նկատի ունեմ մեր պայմաններում ցորենի սահմանափակ արտադրությունն ու դրանով պայմանավորված կիլոգրամի դիմաց մթերման մինչեւ 120 դրամ գինը: Կգա մի շրջան, երբ հեկտարի բերքատվության բարձրացման արդյունքում ներկայիս մթերման գինը կիջնի: Իսկ մինչ այդ, անշուշտ ներկրվող ցորենի էապես պակաս գինը, ՀՀ կառավարության էլ աննշան օգնությունը խնդիրներ ստեղծում են: Փաստ է, որ 1 կգ հացի ստացման համար պահանջվում է առավելագույնը 700 գրամ ալյուր, աղ, ջուր եւ խմորիչ: Այնպես որ բոլորովին անհիմն չեն վերլուծաբանների այն հաշվարկները, որ նկատի ունենալով հացաթխման կետերում 2-3 աշխատուժի ներկայությունը, նրանց ցածր վարձատրությունը, նաեւ էլծախսը, հացի գնի դեպի վեր ցանկացած արձանագրում հիմնազուրկ է, բացառապես պամանավորված գերշահույթի ստացումով: Եթե մինչ ապրիլ-մայիսյան իրադարձությունները գործընթացն արդարացվում էր շահույթի որոշակի մասը ստուգող ու վերահսկող մարմինների ներկայացուցիչներին վճարելով, հիմա այն, իշխանության հավաստմամբ, չկա, հարկերի բարձրացումՙ նույնպես: Այս պայմաններում պարզ չէ, թե ինչու է մեզանում ամենուր սողացող, ավելի ճիշտՙ մագլցող գնաճ արձանագրվում, որը սանձելու մտահոգություն պարզապես չի նշմարվում: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է հայաստանյան ընտանիքների զգալի մասի համար գրեթե անհասանելի տեղական մսատեսակներին: Մայիսին այստեղ կտրուկ աճ արձանագրվեց, որը կարելի է թռիչքաձեւ որակել: Բարձրագույն պատասխանատուների հայտարարություններն առավել քան տարօրինակ էին. տեղական արտադրության միսը չգնել, օգտվել արտերկրներից ներմուծվող եւ կես գնով վաճառվող խոր սառեցված մսատեսակներից, այդկերպ ազդել պահպանման վտանգ ունեցող տեղական մսի գնի իջեցմանը: Ոչ մի խոսք թարմ մսի ծավալների ավելացման շուրջ, որը կարող է մրցակցային միջավայր ստեղծել եւ կայունացնել գները: Նշենք նաեւ, որ ծավալների ավելացումը կնպաստի մորթը սպանդանոցներում իրականացնելուն: Այս ամենի փոխարենՙ մի՛ գնեք եւ վերջ: Օրեր անց տեղական մսի կտրուկ բարձրացած գինը մասամբ իջավ: Ասենք, մինչ այդ կիլոգրամը 3400 դրամով վաճառվողը դարձել էր 4000 դրամ, իջավ 3750 դրամի: Ընդամենը մի քանի օրերի ընթացքում նշված աճպարարության միջոցով միսը թանկացավ 10 տոկոսով եւ դարձյալ ոչ մի արձագանք, թեեւ այն ահազանգի էր արժանի: Այս ընթացքում մի շարք ոլորտների ներկայացուցիչներ, որոնց կենցաղում ընդունված է շաբաթը 1-2 կգ տեղական միս օգտագործել, բարձրացրին իրենց ծառայությունների արժեքները: Ընկերս պատմեց, որ տան խոհանոցի մասի ջրագիծը փոխելու աշխատանքը նախորդ տարում 15 հազար դրամով կատարած վարպետը հիմա նույն աշխատանքի դիմաց 20 հազար դրամ է պահանջել: «Վիոլաջուր»-ն օրինակ նման աշխատանքներ կատարելու համար լիցենզավորված որեւէ կազմակերպություն չունի, եւ մեր քաղաքացիներն ստիպված մնում են հարց ու փորձով գտնվող նման ծառայություն իրականացնողների հույսին: Ծանոթներիցս մեկն էլ 8 հազար դրամ էր վճարել համակարգչի վրա ինչ-որ թերություն վերացնելու համար, որը նրա կարծիքով բարձր նիշ էր: Համանման օրինակների հանդիպում ենք գրեթե յուրաքանչյուր օր ամենատարբեր ոլորտներում: Այն աննկատ չէր մնացել Ուկրաինայի Զապորոժյե քաղաքից հայրենիք շրջագայության եկած բարեկամուհուս կողմից, որը մեր զրույցի ընթացքում փաստեց, որ տավարի թարմ փափուկ միսն իրենց մոտ 100-120 գրիվնայի սահմաններում է, 3,5-4 դոլար, ՀՀ արժույթովՙ 1600-1800 դրամ, մեզանում վաճառվող գնի մոտ 50 տոկոսը: Պատկերը նույնն էր հավի մսի առումով, այնպես որ որեւէ բացատրություն միայն արդարանալու փորձ է: Թե ինչու հնարավոր չէ սեփական մսարտադրության ոլորտ ստեղծելով ընդհանրապես դադարեցնել աշխարհի չորս կողմից անհայտ ծագման տավարի, խոզի ու հավի մսի խոր սառեցված տասնյակ հազարավոր տոննաների ներմուծումը, այդկերպ մեր գյուղաբնակին ու արտադրողին աշխատանքի տեր դարձնել, ալդպես էլ տասնամյակներով պարզ չի դառնում: Ուուո՜ւ... թերեւս այս մասին ասի վիճակը յուրօրինակ դիտարկող ՀՀ վարչապետը, որն առայժմ ինքներս ենք անում: Լավ, մի պահ ընդունենք, որ հացի ու մսամթերքի հումքի ստացումը բարդ գործ է, այն որոշակի աշխատանք է պահանջում: Իսկ պարզ ու հասարակ գարեջո՞ւրն ինչու է մեզանում բարձր գնով վաճառվում, որը մեր մարդիկ փոխարինում են համեմատաբար մատչելի անհայտ ծագման սպիրտներից ստացվող բազմանուն թունդ օղիներ սպառելով: Ավստրիական սուպերմարկետներից մեկի գովազդային թերթիկից վերցված լուսանկարում տեսեք ինչ գին է առաջարկվում 0,5 լիտր տարողության գարեջրի դիմաց, որն արտադրվում է 1837 թվականից սկսած. 44 եվրոցենտ, որը մեր հազիվ 250 դրամն է: Նկատենք որ այս գնի մոտ 50 տոկոսը Ավստրիայի բյուջե գնացող հարկերն են, որոնք տարբեր ծախսային հոդվածներով հանրությանն են վերադարձվում, մարդկանց կյանքի որակի բարելավմանը նպաստում: Ինչ մնում է ապակե շշերով վաճառվողին, այն մի փոքր թանկ է, փոխարենը շիշը հետ է ընդունվում 9 ցենտով, որը մեր մոտ 43 դրամն է: Նշենք նաեւ որ մեզանում հարկվող մասն անգամ 20 տոկոս չի կազմում, որի արդյունքում ստացվում է, որ այս հաճելի ըմպելիքը ՀՀ-ում գրեթե կրկնակի գնով է վաճառվում, սկսած 380 դրամից: Նկատենք նաեւ, որ 1 լիտր պլաստիկե տակառաձեւ տարողության գարեջուրը 500 դրամից հասել է 630 դրամի: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Ավստրիայում ՀՆԱ-բյուջե վերջին տարիների պատկերը մոտ 400-200 մլրդ դոլար է, ՀՀ-ում համապատասխանաբար 10 եւ 2 մլրդ դոլար, առաջինում 1 բնակչի հաշվով բյուջեից տարեկան ծախսը 25 հազար դոլար, ՀՀ-ումՙ 800 դոլար: Սաՙ ոչ այն պատճառով, որ ավստրիացիները կառավարման ու տնտեսագիտական ինչ-որ հատուկ ունակությունների են տիրապետում, այլ պարզ ու հասարակ քայլերի: Թերեւս հաշվարկել են, որ ասենք իրենց ձեռնարկումները զբոսաշրջային ակտիվ միջավայր են ստեղծում, որոնց հարկավոր է տեղափոխել, հյուրանոցներ առաջարկել, լավագույն սնունդ կազմակերպել, զվարճանքի վայրերով ուրախացնել, ամենաբազմազան սպասարկումներ իրականացնել: Ասվածի հաստատումն է երկրում աշխատունակ բնակչության 74 տոկոսի ծառայությունների ոլորտում ընդգրկվածությունը, երբ ՀՀ ցուցանիշը 45 տոկոս է: Մեր նորոգ իշխանությունն էլ չի հրաժարվում այլոց պահանջները բավարարելու նպատակով արտահանումը գերակա խնդիր հռչակելու քաղաքականությունից, չնկատելով թե՞ չնկատելու տալով, որ Հայաստան պետությունը հիմնականում գոյատեւում է ներկրումների հաշվին, երբ դրանք ամբողջ ծավալով կարելի է արտադրել տեղումՙ սննդահումքից մինչեւ պարզ թե բարդ կենցաղային տեխնիկա, հագուստից միչեւ կահույք, սպասքից մինչեւ խոհանոցային իրեր... Անշուշտ, հայաստանյան հանրությունն ունակ է լուծել այսօրինակ խնդիրները, այդկերպ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ դարձնել թե՛ աշխարհով մեկ սփռված մեր ազգակիցների, թե՛ այլոց համար: ՀՀ վարչապետի նյու-յորքյան հանդիպումներում մասամբ խոսվեց այս մասին. իսկ երկրի ներսու՞մ... Տարօրինակորեն կարծես համոզվել ենք, որ մի բան է ցանկությունը, այլ բանՙ կարողանալը, որի համար պարզապես նորովի աշխատել է անհրաժեշտ, լավատեսից առավել իրատեսի որակներ դրսեւորել: |