ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան Աշխարհն ավելի ու ավելի քիչ խաղաղ է դառնում: Այդ փաստը հաստատում են Խաղաղության գլոբալ ինդեքս - 2018-ի տվյալները: Ըստ հետազոտության արդյունքների, վերջին տասնամյակում աշխարհում հակամարտածնության մակարդակը կտրուկ աճել է: Բացի այդ, այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն է հանդիսանում այն հակամարտությունների աճը, որոնք պայմանավորված են կրոնական գործոնով: Այդ պայմաններում երկխոսության եւ փոխհամաձայնության փնտրտուքի կոչերը ողջ միջազգային հանրության ջանքերով հատուկ նշանակություն են ձեռք բերում: Այսպիսի մտքերով է շաղախված Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում այս տարվա հոկտեմբերին կայանալիք համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների գալիք վեցերորդ Համագումարը, որի թեման է «Կրոնական առաջնորդները հանուն անվտանգ աշխարհի»: Առ այսօր քաղաքական գործիչները, գիտնականներն ու հասարակական ակտիվիստները հարց են տալիսՙ ինչո՞ւ են բռնությունն ու ատելությունը հաճախ իրականություն դառնում կրոնի քողի տակ եւ դա այն դեպքում, երբ աշխարհի բոլոր կրոնները ձգտում են խաղաղության եւ արդարության: Ակնհայտ է, որ այդ հարցին չկա միանշանակ պատասխան, իսկ եթե կա, ապա դրա լուծումը պահանջում է ողջ միջազգային հանրության ջանքերը: Այսօր Աստանայում անցկացվող համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների Համագումարը աշխարհում խոշորագույն երկխոսության հարթակն է, որ միավորում է կրոնական գործիչներին, քաղաքական դեմքերին, գիտնականներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին առավել արդիական հարցերի քննարկման եւ կրոնի ու քաղաքականության հարցերին վերաբերող զանազան տեսանկյունների ընդհանուր կողմնորոշիչներ փնտրելու համար: Առաջին անգամ համաշխարհային հոգեւորականության առաջնորդները Ղազախստանի մայրաքաղաք ժամանեցին ուղիղ 15 տարի առաջՙ 2003թ.-ին: Այն ժամանակ աշխարհի շատ քաղաքական գործիչներ, որոնց թվում Վլադիմիր Պուտինը, Ջորջ Բուշ կրտսերը, Ձյան Ձեմինը, Քոֆի Անանը, Մարգարետ Թեչերն աջակցեցին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությանը կրոնական համաշխարհային երկխոսության անցկացման վերաբերյալ: Հաջորդ հանդիպումներն անցնում էին երեք տարին մեկ պարբերականությամբՙ 2006, 2009, 2012 եւ 2015թթ. ու դրանցից յուրաքանչյուրն ուղեկցվում էր ամփոփիչ Հռչակագրի ստորագրմամբ: Այդ փաստաթղթում պատվիրակները հայտարարում են իրենց համատեղ գործողությունների մասին հանուն խաղաղության ապահովման եւ պահպանման, ինչպես նաեւ ուղերձ են հղում համաշխարհային հասարակայնությանը: Անցած համագումարների բոլոր եզրափակիչ փաստաթղթերը հասանելի են եւ բաց: Տվյալ համագումարների աշխատանքի տարիների ընթացքում նրանց արդիականությունը հարցականի տակ չի դրվել ո՛չ Ղազախստանում, ո՛չ էլ աշխարհում: Չէ՞ որ գործարկվող Աստանայի երկխոսության ձեւաչափը իրապես եզակի է եւ նրա նպատակներն ազնիվ են: Աստանայի կողմից ընդունվող պատվիրակությունների թիվը անընդհատ աճում է եւ այսօր հասել է ավելի քան 40 երկրներից ժամանող 90 ներկայացուցչությունների: Օրինակ, 2015թ. համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների հինգերորդ Համագումարի պատվավոր հյուրը դարձան Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, Ֆինլանդիայի ղեկավար Սաուլի Նիինիստեն, Կրթության, գիտության եւ մշակույթի գծով իսլամական կազմակերպության գլխավոր տնօրեն Աբուլազիզ Օսմա Աթթուեյջրին, ինչպես նաեւ այն ժամանակ պաշտոնավարող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը եւ Իսլամական համերաշխության կազմակերպության գլխավոր տնօրեն Իյադ Ամին Մադանին: Իրենց ելույթներում նրանք ընդգծեցին կրոնական երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչն առանձնապես կարեւոր է նկատվում գլոբալ խաղաղությանը եւ միջազգային կայունությանը ժամանակակից սպառնալիքների աճի պայմաններում: Ակնհայտ է, որ Աստանան մտադրված է գործել վճռականորենՙ կոչ անելով համաշխարհային հոգեւորականությանն իր հողի վրա երկխոսության: Հատուկ համագումարների կազմակերպման համար 2006թ. կառուցվել է Խաղաղության եւ համերաշխության պալատըՙ շինություն, որն ունի բուրգի տեսք, ինչը խորհրդանշում է միաբանություն: 2017թ.-ին բացվեց նաեւ Խաղաղության եւ համերաշխության թանգարանըՙ նպատակ ունենալով հավաքել նյութեր եւ իրականացնել գիտական հետազոտություններ մշակույթների եւ կրոնների երկխոսության զարգացման ասպարեզում: Նույն տարում հաստատվեց հատուկ Աստանայի միջազգային մրցանակը միջկրոնական երկխոսության մեջ ներդրման համար եւ Համագումարի պատվո մեդալը, որն առաջին անգամ կհանձնվի այս տարի: Կարելի է եզրակացնել, որ Ղազախստանը բոլոր հիմքերն ունի նման բարձր համամարդկային նշանակության միջոցառումներ անցկացնելու: Կենտրոնական Ասիայի այդ պետությունը բնական աշխարհագրական կենտրոն է խոշորագույն համաշխարհային կրոններիՙ քրիստոնեության, իսլամի եւ բուդդայականության միջեւ: Արժե նշել, որ Ղազախստանը բազմազգ եւ բազմակրոն պետություն է, ընդ որում բարձր դիրքեր է զբաղեցնում աշխարհի գլոբալ ինդեքսում: Այսօր այդ երկրի քաղաքացի են հանդիսանում ավելի քան 130 էթնոսների ներկայացուցիչներ, այն դեպքում, երբ կրոնական միավորումների թիվը անցել է 3600-ը, որոնք ներկայացնում են 18 տարբեր հարանվանություններ: Անկախության ձեռքբերման պահից այդ պետությունը ձգտում է երկրի ներսում հարաբերությունների ներդաշնակեցման եւ կատարելության ու դրան է կոչում համաշխարհային հանրությանը: Կարեւոր է նշել նաեւ, որ սա Ղազախստանի առաջին խաղաղասիրական նախաձեռնությունը չէ, որն աջակցություն է գտնում աշխարհում: Ղազախստանն ակտիվորեն կյանքի է կոչում խաղաղության եւ համերաշխության, կայունության եւ անվտանգության գաղափարները: 26 տարիների ընթացքում Հանրապետությունը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնություններով, որոնց շարքում են համամարդկային նշանակության իրադարձությունները: Դա ե՛ւ կամավոր հրաժարումն է միջուկային զենքից, ե՛ւ միջուկային փորձադաշտի փակումը (1991թ.), միջուկային զենքից ազատ աշխարհ կառուցելու մասին ՄԱԿ-ի Համընդհանուր հռչակագրի նախաձեռնումն ու համահեղինակումը (2015թ.), «Աշխարհՙ XXI դար» հռչակագրի հայտարարագրումը (2016թ.), Սիրիայի գծով խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպումը («Աստանայի գործընթաց», 2017թ.) եւ բազմաթիվ ուրիշներ: Ակնհայտ է, որ Աստանան ի ցույց է դնում, որ իր նախաձեռնությունները վերաձեւվում են գործնական մեխանիզմների ամբողջ աշխարհի համար հեռու գնացող հետեւանքներով: Վերադառնալով համաշխարհային եւ ավանդական կրոնների համագումարինՙ հարց է առաջանում, ի՞նչ դեր է նրան վիճակված եւ ինչո՞ւմն է նրա անհրաժեշտությունը: Հույս կա, որ մյուս մեխանիզմների հետ միասին համադրելովՙ տվյալ հարթակը կկարողանա նպաստել այսօրվա աշխարհի անվտանգության բարելավմանը: Չէ՞ որ անհնար է գերագնահատել ժամանակակից հասարակություններում կրոնների դերը եւ նրանց ահռելի խաղաղ ներուժը շատ դեպքերում գործնականորեն չի օգտագործված: Այդ կապակցությամբ միջկրոնական կոմունիկացիաների կարեւորությունը կայանում է այն բանում, որ նրանք ուղղված են ոչ թե հակամարտության եւ թշնամության հոսանքին, այլ կկրեն կառուցողական երկխոսության բնույթՙ նպաստելով ամբողջությամբ վերցրած աշխարհում անվտանգության աճին, նաեւ աշխարհի առանձին մասերում անվտանգության մեծացմանը: Այսօր խոսք է գնում ոչ միայն կրոնի փոխազդեցության եւ հասարակական գործընթացներում նրա դերի մասին, այլեւ կրոնական եւ աշխարհիկ համայնքների միջեւ գլոբալ երկխոսության, կրոնի եւ քաղաքականության միջեւ երկխոսության մասին: Երկխոսության միջկրոնական ձեւաչափը, որն առաջարկում է Աստանան, իր մեջ ներառում է փոխգործակցության զանազան ձեւերՙ սկսած բանավեճերից, բանակցություններից եւ խորհրդատվություններից մինչեւ համաձայնագրերի եւ կոնկրետ հարցերի գծով գործողությունների համատեղ համադրման մասին համաձայնագրերի կնքում: Կարեւոր է հասկանալ, որ երկխոսությունը միշտ չէ, որ համաձայնություն է: Բայց միշտ այդ համաձայնության փնտրտուք է: Դա նշանակում է, որ մեկանգամյա իրադարձություն չէ այն, այլ, անվերապահորեն գործընթաց, որ պետք է գործի մշտական հիմունքներով: Երկխոսությունը թույլ է տալիս կողմերին հաղթահարել «թշնամու կերպարը», վստահությամբ լցվել միմյանց մտադրությունների եւ գործողությունների նկատմամբ, ինչը նաեւ նշանակում է տանել դեպի միջկրոնական եւ ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցում եւ, վերջին հաշվով, քաղաքական հակասությունների հարթեցում: Հայ Առաքելական եկեղեցին եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես կարեւորել են Աստանայի համագումարներում ներկայացված լինելու հանգամանքը: Ըստ ամենայնի գալիք վեցերորդ Համագումարի աշխատանքներին կմասնակցի Գերաշնորհ տեր Նաթան արք. Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Այսպիսով կարելի է խոսել այն մասին, որ Աստանայի հարթակը դուրս է դասական կամ հասարակական դիվանագիտության շրջանակներից: Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը նախորդՙ հինգերորդ Համագումարում իր ունեցած ելույթում նշել է, որ հարթակն արդեն դարձել է «գլոբալ «հոգեւոր դիվանագիտության» կարեւորագույն տարր»: Դա հավաստում են նաեւ այլ առաջնորդներ: |