ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆՈՐ ԳԻՐՔ ԷՐ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒՙ ԻՐԵՆ ՆՎԻՐՎԱԾ 151 ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐՈՎ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա Չեխական մամուլը եւ Պրահայի հանդիպումները Հոկտեմբերի 2-ին չեխական կենտրոնական բոլոր թերթերը լույս տեսան առաջին էջերում հրապարակելով 94ամյա համաշխարհային լեգենդ Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրեր, հոդվածներ ու լուսանկարներ: «Պրավո» օրաթերթը վերնագրել էր. «Հեռացավ շանսոնի թագավոր Շառլ Ազնավուրը», «Լիդովե նովինի» օրաթերթի վերնագիրն էրՙ «Մահացավ ֆրանսիական շանսոնի սրբապատկերը», մի այլ հոդվածի վերնագրում էլ նշելով, որ Ազնավուրը մինչեւ վերջ մնաց բեմի վրա: «ՄՖ Դնես» օրաթերթն էլ հակիրճ արձանագրել էՙ «Ազնավուր, շանսոնի խորհրդանիշ»: «Դենիկ» օրաթերթը գրել էՙ «Մահացել է Շառլ Ազնավուրը, շանսոնի աստղը», իսկ «Հոսպոդարսկի նովինի» օրաթերթըՙ «Ֆրանսիական շանսոնի լեգենդ Շառլ Ալնավուրին դավաճանեց սիրտը», նրան համարելով ե՛ւ երգիչ, ե՛ւ տեքստերի հեղինակ, ե՛ւ դերասան ու դիվանագետ, ե՛ւ գործարար: Բոլոր հրապարակումներում լավագույնս ներկայացվում է Ազնավուրի հայկական ծագումը, արմատները, անցած ստեղծագործական ուղին: Նշվում է, որ 200 միլիոն ալբոմ է վաճառել, 50-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել, որ 2016 թվականին, եւ այս տարի մարտ ամսին համերգներով հանդես է եկել Պրահայի Համագումարների պալատում, Պրահայի Ֆեբիոֆեստ կինոփառատոնում հանդիպել է Կատրին Դենյովին եւ արժանացել Համաշխարհային կինոարվեստում ունեցած վաստակի համարՙ Քրիստիան մրցանակին: «ԴՆԵՍ»-ի թղթակիցը գրում է, որ չնայած իր առաջացած տարիքին, նրա համերգների հանդիսականները չէին կարող չգնահատել նրա դերասանական տաղանդը, որը կարողանում էր հմտորեն շարժվել բեմումՙ իր թեթեւ իրոնիկ ու ծիծաղկոտ աչքերով: Նրան անվանում են նաեւ ֆրանսիական Ֆրանկ Սինատրա: Չեխական թերթերը հիշեցնում են նաեւ, որ առաջին համերգը նա պետք է ունենար 1969 թվականին, բայց Յան Պալախի ինքնահրկիզման պատճառով նա չեղյալ էր հայտարարել համերգը եւ իր ցավակցությունները հայտնել, նաեւ ներկա գտնվել թաղման արարողությանը: «Առաջին անգամ ես Պրահա եկա իբրեւ զբոսաշրջիկ, եւ ձեր երկիրը, պատմությունն ու ժողովրդին շատ սիրեցի: Այնուհետեւ Պրահայում նկարահանվել եմ ամերիկյան Էմիլ Զատոպկի «Խաղը» ֆիլմում, իսկ Յան Պալախի հետ կատարվածից հետո, իմ ներքին ձայնն ասաց, որ ես պետք է ներկա լինեմ նրա հուղարկավորությանը»,- ասել է Ազնավուրը «ՊՐԱՎՈ» թերթին տված հարցազրույցում: Թերթերը գրել են նաեւ, որ ամերիկյան CNN հեռուստաընկերության հարցման արդյունքում նա ճանաչվել է 20-րդ դարի ամենամեծ արվեստագետը, արժանացել բազմաթիվ մրցանակների, Հոլիվուդում դրվել է նրա աստղը, իսկ չեխ երգչուհի Հանա Հեգերովան տարիներ երգել է «Լա Բոհեմ» երգի չեխերեն տարբերակը: Նա իր 1500-ից ավելի երգերը ութ լեզուներով կատարել է աշխարհի 90-ից ավելի երկրներում: Ծնվելով 1924 թվականին Փարիզում, ցեղասպանությունից փրկված հայ էմիգրանտների ընտանիքում, երբեք չի մոռացել իր հայրենակիցներին օգնելու մասինՙ սկսած 1988 թվականի Հայաստանի երկրաշարժից: Զուր չէ , որ տարիներ առաջ Մոնրեալում ելույթից հետո ասել է, «Հայաստանն իմ հոգին է, իսկ Քվեբեկնՙ իմ սիրտը»: Թերթերը նշում են նաեւ, որ նա երկար տարիներ Հայաստանի դեսպանն է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Շվեյցարիայում եւ Ժնեւում ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում: a2larm.cz էլեկտրոնային թերթը գրում է, որ նա ֆրանսիական հաջողակ ինտեգրացիայի սրբապատկերն է: Չեխական քաղաքականության ու մշակույթի բազմաթիվ գործիչներ իրենց Թվիթերի կամ ֆեյսբուքյան էջերում խորը ափոսանքի խոսքեր են գրում, Եվրոխորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան նույնիսկ տեսահոլովակ էր տեղադրել, ուր երգում էր Ազնավուրի երգը: Իսկ նախագահ Զեմանն մամուլի քարտուղարը գրել էր, որ նախագահի համար հիանալի հիշողություն կմնա հանրահայտ շանսոնեի 2016 թվականի ապրիլին Համագումարների պալատի համերգը: Հայաստանի դեսպանին նամակով ցավակցել է նաեւ Պրահայի արքեպիսկոպոս եւ չեխ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան: Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրին Ազնավուրը երեք անգամ հարցազրույց է տվել: Առաջին անգամ 2001-ին, երբ Պրահայում նկարահանվում էր ֆրանսիական «Անջելինա» ֆիլմում: Այդ ընթացքում նա հիվանդացել էր եւ տեղափոխվել հիվանդանոց, ուր ցանկություն էր հայտնել տեսնել հայ բժշկի: Նյարդավիրաբույժ Արեգ Տեր- Ղազարյանը շտապել էր երգչի մոտ, իսկ վերջինս իմանալով որ հայ է, հետաքրքրվել էր հայությամբ, իսկ հաջորդ օրը դուրս գրվելով հիվանդանոցից, նրան ու երեխաներին ընդունել էր «Հիլթոն» հյուրանոցում: Երբ դոկտոր Տեր-Ղազարյանը շանսոնեին է նվիրել Արարատի գեղանակարը, վերջինս փաթաթվել է ու հուզվել: Հաջորդ անգամ Ազնավուրին հանդիպեցինք 2016-ին, Պրահայում նրա առաջին համերգի օրերին, տպագրեցինք հարցազրույցը: Եվ վերջին անգամ ՙ 2018-ի մարտին, իր վերջին համերգից հետո, հաջորդ առավոտյան հյուրանոց գնացինք, որպեսզի մակագրի ամսագրի եւ իր գրքերի էջերում: Հարցուփորձ արեց չեխահայ համայնքի մասին, շատ ուրախացավ, երբ «Օրեր»-ի շապիկին տեսավ իր նկարը: «Ես մի գիրք եմ պատրաստում, որտեղ պետք է տպագրվեն աշխարհի տարբեր ամսագրերի իմ լուսանկարներով շապիկները: Արդեն 150 շապիկ կա, «Օրեր»-ը կլինի 151-րդը» ասաց շանսոնեն: Նա նաեւ սկսեց թերթել չեխերենով լույս տեսած իր գիրքը, ուշադրություն դարձնելով նկարների ու տարեթվերի վրա: Չեխական «Լիդովե նովինին» գրում է, որ սեպտեմբերի 17-ին Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում ելույթից հետո նա վերադարձել է տուն եւ սեպտեմբերի 30-ից լույս հոկտեմբերի 1-ի գիշերը հոգին ավանդել է ֆրանսիական Ալփիլեսի իր տանը: Երկու տարի առաջ մեզ տված հարցազրույցում 100 տարեկանում ելույթի մասին ասում էր. «Չգիտեմ... Նախ հասնեմ 100-ի, հետոՙ կտեսնեմ: Դա անակնկալ կլինի թե՛ ինձ համար, թե՛ հանդիսատեսի»: Ցավոք, Ազնավուրը չհասցրեց վայելել այդ անակնկալը, փոխարենը մի անգամ եւս վայելեց ողջ աշխարհի սերն ու հարգանքը: |